Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:55 21-07-2021

Վտանգավոր զարգացումների դիմաց ռազմաքաղաքական օրակարգի բացակայություն և հիասթափեցնող կադրային քաղաքականություն

Հայ-ադրբեջանական շփման գծի առանձին հատվածներում (Արարատի Երասխ, Գեղարքունիքի Կութ, Սյունիքի Տեղ բնակավայրեր) Ադրբեջանի սադրիչ գործողությունների շնորհիվ վերջին օրերին կրկին սրվել է իրադրությունը Հայաստանի Հանրապետության սահմանին և առավել շոշափելի դարձել մեր երկրի անվտանգությանն ուղղված ռազմական սպառնալիքները: Իրադրությունն է՛լ ավելի կարող է սրվել ու ստանալ անկանխատեսելի զարգացումներ՝ հաշվի առնելով հատկապես Թուրքիայի կողմից ապակայունացնող գործողությունների աճի միտումը աշխարհում առկա լարվածության տարբեր օջախներում. թուրքական իշխանամերձ «Ջումհյուրիյեթ» լրատվամիջոցի անդրադարձը Երասխ գյուղի մոտակայքում հուլիսի 19-ի երեկոյան տեղի ունեցած երկարատև ինտենսիվ հրաձգության դեպքին այն համատեքստում, որ հրաձգությունը տեղի է ունենում Թուրքիայի սահմանի մոտ, խոսում է վերջինիս կողմից իրադրությանը այս կամ այն կերպ միջամտելու (առնվազն Հայաստանի հանդեպ ճնշումներ գործադրելու ձևով) հնարավորության մասին (լրատվամիջոցն ի նկատի է ունեցել Թուրքիայի տարածքի այն մասը, որը մխրճված է Իրանի և Հայաստանի տարածքների միջև և ապահովում է Թուրքիայի աշխարհագրական կապը Նախիջևանի հետ. հիշեցնենք, որ այդ միջանցքը 1930-ականներին Թուրքիան ձեռք է բերել Իրանից՝ տարածքային փոխանակման միջոցով):

Հնարավոր վտանգավոր զարգացումների դեմն առնելու, ողջ աշխարհի ուշադրությունն ադրբեջանական ագրեսիայի վրա հրավիրելու համար Հայաստանի Հանրապետությունն այժմ պետք է որ ձեռնարկեր եռանդուն դիվանագիտական, քաղաքական ու հրապարակային-քարոզչական գործունեություն՝ օգտագործելով տարբեր երկրների խորհրդարանների՝ Հայաստանի հետ բարեկամության խմբերի, հայ համայնքային կազմակերպությունների հետ կապերը, դիվանագիտական տարաբնույթ խողովակները և այլ գործիքակազմեր: Անգործությունը, սակայն, շարունակվում է:

Այս անգործությունը տրամաբանական շարունակությունն է այն անգործության, որը վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից Թուրքիային և Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում գործած հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու ենթադրյալ քայլերին։ Տպավորություն է, թե միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանն ասելիք չունի միջազգային հանրությանը Թուրքիայի աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա ռազմական ագրեսիայի առումով, որի ընթացքում կիրառվեցին արգելված զինատեսակներ, տեղ գտան խոշտանգումներ, իսկ ռազմական գործողություններում ներգրավվեցին հազարավոր ջիհադիստ ահաբեկիչների: Ադրբեջանական զինված ուժերն այսօր մնում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում, իսկ Ադրբեջանի ղեկավարը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների՝ Սևանա լճի, Սյունիքի և մայրաքաղաք Երևանի հանդեպ ցուցաբերում է բացահայտ ու լկտի հավակնություն, ինչը գործող իշխանությունների կողմից արժանանում է զուտ հերթապահ հակադարձման:

Միջազգային իրավունքի սկզբունքների կոպտագույն խախտման այս դրսևորումներին ի պատասխան Հայաստանի Հանրապետության իշխանությունը ամիսներ անց չի ձեռնարկում համարժեք գործուն քայլեր: Այժմ էլ ինտենսիվ գնդակոծման են ենթարկվում հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված հայկական դիրքերը, ինչը միջազգային նվազագույն արձագանքի անգամ չի արժանանում: Այս ամենը որքան ցավալի է, նույնքան էլ ցավալիորեն տրամաբանական է, քանի որ, նախ՝ երկրի հասարակական-քաղաքական դաշտում բացակայում է անվտանգային, ռազմաքաղաքական հստակ օրակարգը:

Հանրությունն անհաղորդ է երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական բարդ ու վտանգավոր զարգացումներին, իսկ իշխանությունները ոչինչ չեն անում հանրությանն իրազեկելու և հնարավոր զարգացումներին պատրաստելու ուղղությամբ: Երկրորդ՝ գործող իշխանությունների համար ներքաղաքական իրողությունները, խմբային-կուսակցական շահերը գերակա են արտաքին անվտանգային իրողությունների ու ազգային-պետական շահերի հանդեպ: Երրորդ՝ գործող իշխանությունները շարունակում են իրականացնել ոչ թե պրոֆեսիոնալիզմի, այլ՝ զուտ քաղաքական լոյալության վրա հիմնված կադրային քաղաքականություն: Պատասխանատու օղակներում ոչ հայրենասեր, ոչ պրոֆեսիոնալ կադրերի նշանակումը բնականաբար հանգեցնելու էր այս անգործությանը: Իսկ լոյալության և ոչ պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված կադրային քաղաքականության վերջին ցայտուն դրսևորումներից է այն, որ առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակ հանցավոր անգործության մատնված կառույցի՝ Անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարին վստահվում է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պատասխանատու պաշտոնը. մեր այս գնահատականի հիմքը պատերազմի ժամանակահատվածում Անվտանգության խորհրդի քարտուղարության առերևույթ անգործությունն էր։ Նման պնդման հիմք է հանդիսացել կառույցի գործունեության մասին վերլուծությունը: Օրենսդիր-ներկայացուցչական բարձրագույն մարմնի՝ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնն էլ վստահվում է... Ալեն Սիմոնյանին: Վերջինիս՝ հատկապես վերջին երեք տարիներին գործունեության կամ անգործության վերլուծությունը, դիվանագիտական կարողությունների դիտարկումը, ցավոք, ոչ մի հույս չի ներշնչում Հայաստանի խորհրդարանական ակտիվ դիվանագիտության առումով:

Վերոնշյալ իրողությունների գոյությունը պետականության կենսունակության հանդեպ լուրջ սպառնալիք է հանդիսանում: Ուստի հանրային գործիչներն այսօր առավել, քան երբևէ պետք է հանրությանն ու քաղաքական ուժերին կոչ անեն առավել պահանջատեր գտնվել իշխանությունների հանդեպ՝ պետության անվտանգության ապահովման կարևորագույն գործառույթը հավուր պատշաճի իրականացնելու հարցում: Անհրաժեշտ է առավել ինտենսիվ բարձրացնել ողջ ռեսուրսն ու ուժերը երկրի անվտանգության ապահովման գործին ներդնելու պահանջը՝ մասնավորապես դադարեցնելով ըստ հավատարմության կադրային քաղաքականություն վարելու կործանարար գործելակերպը: Պետք է պահանջել պարզաբանումներ պատասխանատու իրավիճակում պետական բարձրաստիճան որոշ պաշտոնյաների (Արմեն Գրիգորյան, Ալեն Սիմոնյան, Արայիկ Հարությունյան, Արգիշտի Քյարամյան և այլք) նշանակումների կապակցությամբ, այն դեպքում, երբ վերջիններս առնվազն ոչ մի նշանակալի ներդրում չեն ունեցել (եթե չասենք՝ տապալել են) իրենց վստահված ոլորտների զարգացման հարցում:

Ի դեպ, շատ հետաքրքիր կլիներ գործող իշխանությունների հետ մտքերի փոխանակման հարթակ ձևավորած արտախորհրդարանական ուժերից լսել պարզաբանումներ այն մասին, թե առկա զարգացումների հարցում իշխանություններին ազդակներ փոխանցու՞մ են, թե՞ ոչ (այդ հարթակը կարծես դրա համար էլ ստեղծվել էր), և ի՞նչ արդյունքներ են գրանցել մինչ այժմ: