copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:41 15-07-2021

8>80, հետևաբար Պոլիսը վերածվելու է կղզու

Եվս 6 տարի, և Պոլիսը վերածվելու է կղզու։ Ամենևին կարևոր չէ, որ ագլոմերացիայի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է ջրանցքի գաղափարին, իսկ ընդդիմադիր քաղաքագլուխը հանդես է գալիս համաժողովրդական հանրաքվեի առաջարկով․ օսմանյան սուլթանների երազանքները կատարվելու են այնքան ժամանակ, քանի դեռ Աք Սարայից (Թուրքիայի Հանրապետության նախագահի նստավայրը) հրամաններն արձակում է Ռեջեփ Թայյիփ էրդողանը։

Երկու շաբաթ առաջ՝ հունիսի 26-ին, «Տեսլական 2023»-ի շրջանակում Արևելքին հատուկ ցուցադրական ճոխությամբ Թուրքիայի 12-րդ նախագահ Էրդողանն իր մասնակցությամբ նշանավորեց «Kanal İstanbul» նախագծի (թարգմանաբար՝ «Պոլսի ջրանցք») մեկնարկը։ Ո՛չ ջրանցքի գաղափարն է Էրդողանինը, ո՛չ առավել ևս նախագծի մշակումը, սակայն ջրանցքն ինչպես այժմ, այնպես էլ 2027-ին վերջնականապես գործարկելուց հետո ասոցացվելու է հենց Թուրքիայի հանրապետական շրջանի նորօսմանյան էպոխայի և դրա գաղափարական մարմնավորման՝ Էրդողանի անձի հետ։

Կարմիրով նշված է Սև և Մարմարա ծովերը կապող Պոլսի ջրանցքի նախագիծը

Մարմարա և Սև ծովերը կապող ջրանցքի կառուցման գաղափարը 16-րդ դարի կեսերին մտահղացել է դեռևս Սուլեյման I Օրենսդիր սուլթանը։ Ավելին՝ նախագծի մշակումը հանձնարարել է օսմանյան ժամանակաշրջանի ամենահայտնի ճարտարապետին՝ հայազգի Միմար Սինանին և Քերեզ Նիքոլային։ Ծրագիրն, իհարկե, այդպես էլ չի իրագործվել 1550-60-ական թթ․ թուրք-ավստրիական պատերազմների պատճառով։ Հետագա տարիներին անհաջողությամբ են ավարտվել նաև ջրանցքի կառուցման՝ Մուրադ III-ի, Մեհմեդ IV-ի, Մուսթաֆա III-ի և Մահմուդ II-ի փորձերը։

Ջրանցքի՝ գիտական ապարատով հիմնավորված ճարտարապետաշինարարարական լուծումների մասին առաջին անգամ խոսել և ակադեմիական լայն շրջանակներին ներկայացրել է Թուրքիայի Էներգետիկայի նախարարի խորհրդական Յուքսել Օնեմը՝ 1985-ին Թուրքական ստանդարտների ինստիտուտի հանդեսում, ապա 1990-ի օգոստոսին Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (հայտնի է TÜBİTAK հապավմամբ) «Գիտություն և տեխնոլոգիա» պարբերականում տպագրելով «Մտածում եմ Պոլսի ջրանցքի մասին» վերտառությամբ գիտական հոդվածը։

Այն, թե ինչու էին օսմանյան սուլթանները ցանկանում կառուցել արհեստական ջրանցք, զգալիորեն տարբերվում, բայց միևնույն պահին նաև ֆունդամենտալ առումով նույնանում է հետօսմանական այն մոտեցմանը, թե ինչու է արհեստական ջրանցքն էական հանրապետական Թուրքիայի համար։ Ջրանցքի ստեղծման գաղափարը ծնվել է ռուս-թուրքական չափազանց լարված հարաբերությունների ֆոնին։ Սուլեյման I-ը հրաշալի էր գիտակցում, որ թեպետ Հարավային Եվրոպան, առաջին հերթին՝ Բալկաններն ու Ղրիմի թերակզղին ամբողջապես գտնվում են իր տիրապետության ներքո, բայցևայնպես, ռուսական սպառնալիքը կախված է մնալու օդում այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմի խաները թշնամական վերաբերմունք են դրսևորում Մոսկովյան պետության նկատմամբ։ Իսկ քանի որ Ռուսական Կայսրությունը սևծովյան ներկայությամբ չէր պատրաստվում բավարարվել և համակերպվել ձուկ որսողի կարգավիճակին, ավելի մեծ կարևորություն էին ձեռք բերելու Բոսֆորի և Դարդանելի միջազգային տարանցիկ նեղուցներն ու այլընտրանքային ուղիները։ 2014-ին ՌԴ կողմից Ղրիմի միացումից (պաշտոնական Կիևի և միջազգային հանրության տեսանկյունից՝ բռնակցում) հետո ինչպես Արևմուտքն, այնպես էլ նրա մերձավորարևելյան սատելիտ Թուրքիան ստացան Կրեմլի անժամանակավրեպ ուղերձը՝ «Մոսկվան մտադիր չէ Սև ծովում միայն ձուկ որսալ»։ Բայց եթե 1550-ականներին Ղրիմի թերակղզին ենթարկվում էր Բարձր Դռանը և ազգային անվտանգության սպառնալիքներ չէր ստեղծում Օսմանյան Կայսրության համար, ապա 2014-ից Ղրիմն առանց կրակոցի հայտնվել էր Ռուսաստանի կազմում՝ Սև ծովում բացառելով թուրքական մարտավարական գերակայությունը։

Ի տարբերության օսմանյան շրջանի՝ հանրապետական Թուրքիայում այլընտրանքային ջրանցքի կառուցումն ունեցել է ոչ միայն արտաքին, այլև ներքին, ընդ որում՝ նախընտրական շարժառիթներ։ Օգտվելով և հիմնվելով Յուքսել Օնեմի առաջարկների վրա՝ Ժողովրդավարական ձախ կուսակցության (թուրքերեն՝ Demokratik Sol Parti, հակիրճ՝ DSP) քուրդ-բոսնիական ծագմամբ նախագահ Բյուլենթ Էջևիթը 1994-ի ՏԻՄ ընտրությունների նախաշեմին հանդես էր եկել Պոլսի ջրանցքի գործարկման օգտին՝ նշելով, թե Պոլսի համար սպառնալիք է սևծովյան նեղուցների ծանրաբեռնվածությունը։ Տարիներ անց նույն տրամաբանությամբ Էջևիթի օրինակին հետևեց վարչապետ Էրդողանը։ 2011 թվականին 17-րդ գումարման Միլլի մեջլիսի նախընտրական քարոզարշավի հանրահավաքներից մեկի ընթացքում թեպետ Էրդողանը հայտարարեց Պոլսի ջրանցքի կառուցման մասին, սակայն ծրագիրն այդպես էլ իրականություն չդարձավ բնապահպանական շարժման ակտիվիստների հուժկու հակազդեցության պայմաններում։ Առհասարակ, այս հարատեքստում գոյություն ունի չափազանց կարևոր մեկ այլ հանգամանք, որը վրիպում է անգամ Թուրքիայի հարցերով նեղ մասնագետների աչքից։ Երբ նշվում է, որ Պոլսի ջրանցքի կառուցումը 2010-ականների սկզբին չեղարկվեց բնապահպանների շնորհիվ, պետք է նկատի ունենալ ոչ միայն և ոչ այնքան ընդդեմ ջրանցքի պայքարը, որքան այն իրադարձությունները, որոնք 2013 թվականին ծավալվեցին Պոլսի Գեզի պուրակում՝ տարածվելով ընդհուպ Բայբուրթ և Բինգյոլ։ Զանգվածային դժգոհությունների այս աննախադեպ ալիքը լակմուս էր Էրդողանի համար՝ հասկանալու, որ ցուցարարները պայքար էին մղում ոչ միայն Բեյօղլուի կանաչ կղզու պահպանման, գետնանցումների, տրանսպորտային վերգետնյա հանգույցների, առևտրի կենտրոնների և կոմերցիոն ենթակառուցվածքների դեմ, այլև ամեն կերպ դիմադրում էին՝ դժգոհելով իսլամամետ ավտորիտար կառավարության գործելաոճից։ Բայցևայնպես, Էրդողանը չընկրկեց և ջրանցքի կառուցման օգտին հնչեցրած հռետորաբանությունը վարչապետ Ահմեթ Դավութօղլուի շուրթերով կրկնեց նաև 2015 թվականի, իսկ Տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանի միջոցով՝ 2018 թվականի ԹԱՄԺ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։

Օսմանյան պետության ժամանակաշրջանում և հանրապետական կարգերի օրոք Պոլսի ջրանցքի կառուցման նախագծի գաղափարական տարբերակիչ մյուս առանձնահատկությունն այն է, որ սուլթանները ջրանցքը քննարկել են տարածաշրջանային գերակայության և վիզուալ մեգանախագծի համատեքստում, մինչդեռ ժամանակակից Թուրքիայում (հատկապես 2002 թվականի նոյեմբերին ԱԶԿ-ի իշխանության գալուց հետո) Պոլսի ջրանցքը դիտարկվում է կազմավորման հարյուրամյակը տոնող պետության ջրային համալիր քաղաքականության դիսկուրսում։ Բազմաշերտ ու բազմաբովանդակ ջրային քաղաքականությունը թուրքական կառավարության ամենահաջողած ոլորտներից է։ Ընդ որում, դրա պատճառը ոչ միայն չորս ծովերի տերության կարգավիճակ ունենալն է կամ ներքին ջրերի առատությունն ու հոսքային բարենպաստ ուղղությունները, այլ մեթոդաբանական փայլուն գործիքակազմն ու հաշվետու մենեջմենթը՝ միտված երկարաժամկետ խնդիրների լուծմանը։ Ընդ որում, թուրքական իշխանությունները ջրային քաղաքականությունը հաջողում են՝ զուգահեռաբար կարևորելով նաև 3 հանգամանք՝ ապակենտրոնացում (դեցենտրալիզացիա), մասնավորեցում (պրիվատիզացիա) և եվրոպականացում։

Թուրքիայի ջրային քաղաքականության մեջ Պոլսի ջրանցքի կառուցումը պետք է համալիր դիտարկել 2010-ին բացված Ադնան Մենդերեսի անվան ջրամբարի (ի դեպ, Մենդերեսն Էրդողանի ամենասիրելի ֆիգուրն է Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ), 2013-ին շահագործման հանձնված անդրբոսֆորյան երկաթուղային «Marmaray Tüneli»-ի (թարգմանաբար՝ «Մարմարայի թունել»), 2016-ին բացված ավտոճանապարհային «Avrasya Tüneli»-ի (թարգմանաբար՝ «Եվրասիական թունել»), ինչպես նաև մի շարք այլ կամուրջների և ծովային ճանապարհների միասնական շարքում։

Հետևապես, «MAK Danışmanlık» հետազոտական կենտրոնի ղեկավար Մեհմեթ Ալի Քուլաթի հայտնի հետազոտության արդյունքները (սոցհարցումն իրականացվել է 2020-ին, հրապարակվել՝ օգոստոսին), ըստ որի՝ Պոլսի բնակչության 80,4 %-ը դեմ է արտահայտվել արհեստական ջրանցքի կառուցման գաղափարին, իսկ հավանություն տվել է միայն 8 %-ը, որևէ բեկում չի կարող մտցնել Էրդողանի հավակնոտ պլաններում։ Ընդ որում, դա ամենևին էլ պայմանավորված չէ այն հանգամանքով, որ Պոլիսը 2019 թվականի մարտին մերժել էր Էրդողանի կուսակցության թեկնածուին՝ քաղաքապետի պաշտոնում ընտրելով ընդդիմադիր Էքրեմ Իմամօղլուին։

Այն հարցին, թե «Աջակցո՞ւմ եք Պոլսի ջրանցքի նախագիծը», ագլոմերացիայի բնակիչների միայն 7,9 %-ն էր կողմ նշել

Այսպիսով՝ հավատարիմ մնալով կուսակցության և անձամբ իր՝ թուրք-իսլամական միասնության սկզբունքներին՝ Էրդողանը 21-րդ դարում ամեն կերպ փորձում է կենդանի պահել Օսմանյան պետության վերականգնման գաղափարը՝ այդ նպատակով վերակենդանացնելով սուլթանների երազանքները։ Սակայն սա պարզապես պահպանողականի արժեհամակարգին վայել կեցվածքի դրսևորում չէ, որում կարևորագույն տեղ է զբաղեցնում արմատների հանդեպ հարգանքի ինստիտուտը․ Էրդողանի քաղաքական պրիզմայում նեոօսմանիզմը վաղուց վերածվել է օսմանյան մահացած սուլթանների հետ անիմաստ ու անհավասար մրցակցության։ Այլ կերպ ասած, նեոօսմանիզմի գաղափարաբանությունը 2016 թվականի հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձից հետո Էրդողանը ձևախեղել և վերածել է սուլթանների հանդեպ իր գերակայությունը հաստատելու էգոցենտրիկ մրցավազքի՝ ինքն իրեն փորձելով հիմնավոր ապացուցել, որ այն, ինչ երազել և չեն կարողացել սուլթանները՝ ունենալով բացարձակ իշխանություն, կարող է նախագահը՝ չունենալով փադիշահի տիտղոս։ Միևնույն պահին, որքան էլ վերամբարձ հնչի, սակայն Էրդողանը ոչ թե կտրվել է քաղաքական իրատեսությունից և զբաղվել պոպուլիստական երևակայապաշտությամբ՝ ջրանցքի մասին հիշելով ընտրությունից ընտրություն, այլ տարիներ շարունակ մի կողմից բանակցել է արաբ, առաջին հերթին՝ կատարցի ներդրողների հետ, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ին հիշեցրել Ղրիմի, Դոնբասի, Մոնտրյոյի կոնվենցիայի, միջազգային առևտրի և անվտանգության, իսկ այդ համատեքստում՝ շահագրգիռ Թուրքիայի անմիջական հարևանության ու անփոխարինելի դերակատարության մասին։

Վանատուր Շերենց