Երևան +16°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:33 15-07-2021

Հարկատուների հաշվին աստղաբաշխական գումարներ են ստանում, բայց դա թաքցնում են

Կառավարության անդամներն ու նախարարները միմյանց միջև համաձայնություն են ձեռք բերել որևէ պարագայում չհայտնել իրենց ստացած պարգևավճարների թիվը։

«Օրագիր Նյուզը» գրավոր հարցումներ է ուղարկել տարբեր նախարարությունների՝ հարցնելով, թե որքան պարգևավճարներ են ստացել նախարարներն ու փոխնախարարները նախորդ ամսվա ընթացքում և հունվարի 1-ից մինչ օրս, նաև հարցրել ենք, թե որքան է կազմվել պարգևավճարների ընդհանուր գումարը:

Սակայն նախարարները, որոնք հարկատուների հաշվին սնվող պետական բարձրաստիճան պաշտոնյաներ են, անտեսում են հանրության տեղեկացված լինելու իրավունքը, հանրային շահը, և բառիս բուն իմաստով թաքցնում են իրենց ստացած պարգևավճարների թիվը։

Բոլորի դեպքում պատասխանը նույնն է․ թե «հայտարարագիր ենք ներկայացնում իրենց ֆինանսական միջոցների վերաբերյալ, հետևաբար այդ հարցին չենք պատասխանում», սակայն պարզից էլ պարզ է, եթե այդ գումարները պետք է երևան հայտարարագրում, ապա ինչո՞ւ են թաքցնում և չեն ներկայացնում թվերը։

Բանն այն է, որ հայտարարագրերում պարգևավճարներին վերաբերող տող չկա, այնտեղ արտացոլվում են այն տվյալները, որոնք պաշտոնյան է ներկայացնում, և հայտարարագրերից հնարավոր չէ իմանալ, թե որքան պարգևավճարներ են ստացել պաշտոնյաները։

Այսպիսով՝ իրենց ստացած պարգևավճարները թաքցնում են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Առողջապահության նախարարությունում, օրինակ, հունիս ամիս բաժանվել է 18.5 միլիոն դրամ պարգևավճար, Էկոնոմիկայի նախարարությունում շուրջ 43 միլիոն դրամ, սակայն թե ովքեր են ստացել այդ պարգևավճարները, ի՞նչ չափով ու ո՞ր արժանիքի համար, նախարարներն հարկ չեն համարում հանրությանը պարզաբանել։

Զավեշտալի պատճառաբանություն է բերել Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը՝ ասելով, թե մեր կողմից ուղարկված հարցումը պարունակում է աշխատողի անձնական տվյալ, որն առանց աշխատողի գրավոր համաձայնության չի կարող փոխանցվել 3-րդ կողմին։

Նշենք, որ մենք պահանջել էինք նախարարների և փոխնախարարների՝ հայտարարտու պաշտոնյաների ստացած պարգևավճարների չափին վերաբերյալ տեղեկություն, իսկ այս մարդիկ չեն կարող օգտվել այդ իրավունքից, քանի որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են, պարզապես պարտավոր են ներկայացնել իրենց ստացած պարգևավճարների չափը։

Այն հանգամանքը, որ պաշտոնյաները սկսել են մեծ ծավալով տեղեկություններ թաքցնել հանրությունից, ուզում են ոչնչացնել ինֆորմացիայի ազատության ինստիտուտը, գործել ստվերում, պարզ է դառնում նաև կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնություններից։

Հիշեցնենք, որ կառավարությունը ցանկանում է գաղտնիացնել արտասահմանյան գործողումներին և մեկ անձից պետական գնումներին վերաբերող տեղեկությունները։