copy image url
Միտք 2 տարի առաջ - 19:59 12-07-2021

Նիկոլ Փաշինյան. տարածաշրջանային ծծանը

Միջինից բարձր տարիք ունեցողները հիշում են, որ խորհրդային տարիներին և հետխորհրդային առաջին շրջանում դպրոցական 12-թերթանի տետրերում առկա էր վարդագույն կամ դեղնավուն մեկ հավելյալ թերթ՝ տետրի թղթից ավելի հաստ որակի, որի ծայրերը ալիքաձև կտրտված էին։

Մեր ծնողների սերունդը մեզ հիշեցնում էր, որ տարիներ առաջ, երբ իրենք էին սովորում, այդ թուղթն օգտագործվում էր ինքնահոս գրիչների թանաքը չորացնելու համար։ Իսկ իմ սովորելու տարիներին այդ թղթի իմաստը ոչ ոք չէր հասկանում, և այն օգտագործվում էր որպես խզբզելու կամ լավագույն դեպքում սևագիր անելու թուղթ։ Հետո անսանձ լիբերալիզմն ավելի խորը արմատներ գցեց Հայաստանում, և բազմաթիվ այլ ավելորդությունների հետ վերացավ նաև 12-թերթանի տետրերի միջի ծծանը։

Յոթերորդ անգամ Հայաստանի վարչապետի պաշտոնին առաջադրվել պատրաստվող Նիկոլ Փաշինյանը մեր տարածաշրջանի քաղաքական ծծանն է։ Բոլորը գիտեն, որ հենց այդ նպատակով է նա եկել ու շարունակում է մնալ Հայաստանի ղեկավարի պաշտոնում։ Առաջին հերթին միջազգային խոշոր ինքնահոսների գրածը չորացնելու և հաստատելու համար։ Դա է պատճառը, որ և արևմուտքից, և հյուսիսից (արևելքի մասին կարելի է լռել) միայն գոհունակության ձայներ և աջակցության կոչեր են հնչում։ Օրինակ՝ եթե մտովի վերականգնեք Պուտինի և Փաշինյանի վերջին հանդիպումը, կարող եք Փաշինյանի աթոռին մի մեծ ծծան պատկերացնել, և պարզ կլինի, որ դրանից Պուտինի ինտոնացիան չէր փոխվի։

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թեև դերակատարումն արդեն հանձն է առնված, բայց տարածաշրջանային ծծանը դեմ է միայնակ այդ անունը կրելուն, ներքուստ վստահ է, որ բոլորն էլ հոգու խորքում նույն ծծաններն են, պարզապես ինքն է ընտրվածը և բացահայտվածը։ Հոգեբանական այս դիսբալանսը հաղթահարելու համար Նիկոլ Փաշինյանը նախ՝ իր թիմին, ապա ներհայաստանյան քաղաքականության բոլոր մասնակիցներին և ի վերջո, Հայաստանի ողջ բնակչությանը ապացուցում է, որ ինքը միակը չէ։ Սկզբում նա ցույց տվեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը բաղկացած է փոքրիկ ծծանիկներից, ապա ընտրություններում, որ Հայաստանի բնակչության մի զգալի մասն իր հոգու խորքում իրեն նույնացնում է Նիկոլ Փաշինյանի հետ, և վերջում՝ ներքաղաքական հանդիպում և տխուր դեմքերով մենախոսություններում, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան մեծ ու անհայտ, խոշոր ու անմշակ, հայտնի և մտավորականի դեմք ունեցող ծծաններ, որոնք մեծ սիրով պատրաստ են աջակցել և հաստատել խոշոր ինքնահոսների յուրաքանչյուր խզբզոց։

Հայաստանի ծծանացման այս գործընթացի վերջը, ճիշտն ասած, չի երևում։ Պարզ է, որ այն տևելու է այնքան, որքան խոշոր ինքնահոսների գրածը պետք է լինելու չորացնել ու հաստատել։ Բայց պարզ է նաև, որ ինչպես ամեն մի գրվածք, նույնիսկ ամենասարսափելիները, մի վերջակետով ավարտվում են։ Այս սարսափն էլ մի օր ավարտվելու է, և լինելու է շատ մեծ լռություն։ Որովհետև այս մասշտաբի ծծանացումից հետո շատ դժվար է լինելու միմյանց աչքերի մեջ նայելը։

Գևորգ Էմին-Տերյան