copy image url
Խոսք 2 տարի առաջ - 19:27 06-07-2021

Տեղի ունեցածը ծուղակ է ՀԱՊԿ-ի համար. քաղաքագետ

Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում առկա խնդիրների, ինչպես նաև Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերջին փոփոխությունների մասին զրուցել են քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ:

-Պարո՛ն Ղևոնդյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում արված վերջին հայտարարությունները:

Նախ պետք է արձանագրել, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հետընթացը սկսվեց 2018 թվականից, երբ Հայաստանի գործող իշխանությունները, առանց կառույցին տեղյակ պահելու, քրեական գործ հարուցեցին Յուրի Խաչատուրովի նկատմամբ, որն այդ ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարն էր:

Ինչպես քաղաքական, այնպես էլ հեղինակազրկման տեսանկյունից սա շատ մեծ հարված էր կառույցին, ինչի մասին ասվել է ՀԱՊԿ-ի գործընկեր տարբեր երկրների ամենաբարձր մակարդակով, որ ավելի ճիշտ կլիներ, եթե մոտեցումը այլ լիներ:

Գոնե Ռուսաստանը պետք է տեղյակ լիներ, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ գործի վարույթ է սկսվել: Քաղաքական նման քայլ երբեք անհետևանք չի մնում: Եվ այն, ինչ Հայաստանն արեց, քաղաքական տհասության և արկածախնդրության արդյունք էր:

Միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր է դիտարկել Հայաստանի պահվածքը, որը դիմեց ՀԱՊԿ-ին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք մուտք գործելու կապակցությամբ:

Ըստ անվտանգության պայմանագրի՝ ՀԱՊԿ-ն ունի պարտավորությունների միջակայք՝ աջակցելու Հայաստանի սահմանների պաշտպանությանը:

Այս երկու ելակետային դրույթների ներքո տեղի ունեցավ աշխատանքային քննարկումների բավականին լայն շրջանակ:

Արդյունքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը երեկ հայտարարեց, որ տեղի ունեցածը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպ է, և կառույցը նպատակահամար չի համարում և հիմքեր չի տեսնում այդ հարցում մասնակցություն ցուցաբերելու:

Ըստ նրա ՝ տեղի ունեցածը չի կարելի բնորոշել որպես ռազմական գործողություններ, հետևաբար կառույցն այդ մասով ոչինչ չի կարող անել, բացի նրանից, որ կոչ է անում հարցին խաղաղ լուծում տալ:

Հայաստանի արձագանքն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրթերով առ այն, որ Հայաստանն առնվազն այլ արձագանքի էր սպասում, շատ կանխատեսելի էր:

Մինչդեռ ես կարծում եմ, որ Հայաստանը հենց այս արձագանքին էր սպասում, քանի որ այն ամենը, ինչը սկսվեց 2018 թվականից և շարունակվում է մինչ օրս՝ Ադրբեջանին կողմից Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործելով, քաղաքական ծուղակ էի ՀԱՊԿ-ի համար:

Իսկ ՀԱՊԿ ասելով մենք նկատի ունենք առաջին հերթին Ռուսաստանին:

-Կա՞ արդյոք կապ հնչող պաշտոնական հայտարարությունների և ՀՀ սահմանային վերջին իրադարձությունների միջև:

Նախ ասեմ, որ հայկական կողմը սեփական սահմանները պաշտպանելու ցանկություն բացարձակապես չի ցուցաբերել:

Ասեմ ավելին՝ եղել է կրակ չբացելու հրահանգ, անգամ, եթե դա անի հակառակորդը: Ներկայումս այդ հրամանը որոշակիորեն փոփոխվել է:

Հենց այսօր մենք ունենք սահմանային միջադեպ, որն իրականացվել է Ադրբեջանի հետ փոխպայմանավորվածության արդյունքում:

Մենք ունենք Ստանիսլավ Զասի հայտարարությունը, Հայաստանի դժգոհությունն, ու այս ամենին հաջորդող սահմանային սրացումները:

Եվ քանի որ մենք գիտենք, որ Հայաստանի գործող վարչապետն ակտիվ շփումների մեջ է Ադրբեջանի նախագահի հետ, հետևաբար ես չեմ բացառում, որ որոշակի քննարկումների արդյունքում կողմերը նպատակահարմար են գտել ստեղծելու սահմանային փոքրիկ լարում, որպեսզի Ստանիսլավ Զասի հայտարարությունն անհիմն դառնա:

Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է: Տարածաշրջանային գործընթացներին հետևող մասնագետների համար ակնհայտ է, որ ՀՀ-ում կա արտաքին քաղաքական կողմնորոշման փոփոխության ֆունդամենտալ հանձնառություն:

Запад нам поможет թեզը կարող է այսօր ձևակերպվել որպես ՀՀ արտաքին քաղաքական հայեցակարգի ելակետային դրույթ: Եվ դրա գինը նաև Արցախի հանձնումն էր:

Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ տարածաշրջանում կա ևս մեկ պետություն, որն այդ ճանապարհով գնաց՝ Վրաստանը:

Նա նույնպես Արևմուքտի գրկում հայտնվելու համար տրվեց արկածախնդրության, որի արդյունքում կրեց տարածքային զգալի կորուստներ: Հայաստանի դեպքում այդ արևմուտքը Թուրքիան է:

Եվ օրվա իշխանությունները, Արցախը հանձնելու գնով, փորձելու են փոխել մեր անվտանգային համակարգը, որի կարևոր էլեմենտներից են սահմանային լարումներն ու բախումները:

Այս ամենի հիմնական նպատակը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի մասով ապալեգիտիմացնելն է:

Այստեղ կարևոր մի հանգամանք կա, որ ՀՀ իշխանություններն աշխարհընկալման տեսանկյունից մի այնպիսի մոդել ունեն, որը Հայաստանի ազգային շահի հետ որևէ աղերս չունի:

Այս մարդիկ հետևողականորեն ՀՀ-ին ուզում են դուրս մղել անվտանգային այն համակարգից, ինչի մեջ մենք հիմա գտնվում ենք:

ՀԱՊԿ-ն այն համակարգն է, որն այսօր փորձում է ապահովել մեր երկրի անվտանգությունը՝ սահմանային ողջ պարագծով:

-Ձեր կարծիքով, իրատեսակա՞ն է արդյոք ՀՀ-ի դուրս գալը ՀԱՊԿ-ից:

Որոշակի սցենարային զարգացումների պարագայում ես դա իրատեսական եմ համարում:

Առնվազն ՀԱՊԿ-ի պարագայում կա Ուզբեկստանի նախադեպը, որը երկու անգամ դուրս է եկել այդ կառույցից:

Սակայն հարկ է նշել, որ Ուզբեկստանի ներուժը թե՛ նյութական, և թե՛ ռազմատեխնիկական տեսանկյունից անհամեմատելի է Հայաստանի հետ: Ուզբեկստանը գոյութենական սպառանալիքի աղբյուր պետություն չունի, իսկ Հայաստանն ունի՝ Թուրքիան է:

Այստեղ խնդիրն ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն է, ինչի քաղաքականությունն էլ որդեգրել են գործող իշխանությունները:

Ստացվում է այնպես, որ ամեն կերպ փորձ է արվում Հայաստանը «բանանային» պետություն սարքել, որը մեծ հաշվով այլևս չի ունենա զինված ուժեր, ինչի պահանջը ներկայացրել է նաև Ադրբեջանը:

Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատաման սցենարի պայմաններում Հայաստանը այլևս չի ունենա գյուղատնտեսություն: Տնտեսական որևէ էլեմենտի մասով մենք մրցունակ չենք Ադրբեջանի և Թուրքայի հետ:

Մենք հավանաբար կկիսենք Վրաստանի ճակատագիրը՝ ավելի վատ սցենարով:

Բայց ես կարծում եմ, որ քաղաքական կարճամտություն է մտածել, որ Ռուսաստանն իր դիրքերը տարածաշրջանում շատ էլեմնետների մասով կզիջի՝ չնայած գործող մրցակցությանը Թուրքիայի հետ, որը ռեգիոնում ոչ միայն իր, այլ նաև ՆԱՏՕ-ի շահերի կրողն է:

Իսկ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին հռչակել է որպես իր համար սպառնալիք երկիր, դա նշանակում է, որ մրցակցությունը տարածաշրջանի համար շարունակվում է:

Ձեզ գուցե հետաքրքրի