Telegram-ի միջոցով Հայաստանում թմրանյութ են վաճառում
copy image url

Telegram-ի միջոցով Հայաստանում թմրանյութ են վաճառում

Ներքին 3 տարի առաջ - 20:45 03-07-2021

Telegram հավելվածը Հայաստանում ակտիվացավ հատկապես 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, երբ ՀՀ իշխանությունները արգելել էին հայաստանյան ԶԼՄ-ներին ինքնուրույն լուսաբանել պատերազմի ընթացքը և, պաշտոնական տեղեկատվությունից բացի, այլ տեղեկություններ հաղորդել, դրա համար նույնիսկ աստղաբաշխական տուգանքներ էին նշանակված, և այլընտրանքային տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները զանգվածաբար «գաղթեցին» «Տելեգրամ», որտեղ առկար է ոչ միայն օգտակար տեղեկատվական հոսք, այլընտրանքային տեղեկատվություն, այլև ուղղորդված ադրբեջանական պրոպագանդա։ «Տելեգրամը» այլ հավելվածներից տարբերվում է նաև նրանով, որ ալիքի իրական օգտատիրոջը պարզելը շատ դժվար է կամ գրեթե անհնար։ Վերջերս հայտնի դարձավ, որ հենց այս հանգամանքի բերումով այս հարթակը դարձել է նաև հանցագործության նոր տեսակների ծաղկման համար պարարտ հող։ Օրինակ՝ մեքենաների պետհամարանիշների գողության հայտնի դեպքերը, երբ անձինք գողանում են մեքենաների պետհամարանիշները, մեքենայի վրա թողնում տելեգրամյան ալիքի հասցեն, ապա այդ հասցեի միջոցով համարանիշները վաճառում դրանց սեփականատիրոջը ավելի էժան գնով, քան պահանջվում է օրինական եղանակով համարանիշները վերականգնելու համար։ Ենթադրենք՝ համարանիշի վերականգնման համար քաղաքացին եթե պայմանականորեն պետք է պետությանը վճարի 200 հազար դրամ, ապա համարանիշը գողացած անձը, որի տվյալները չեն երևում տելեգրամյան ալիքում, դրանց համար առաջարկում է շատ ավելի էժան գին՝ ենթադրենք 150 հազար դրամ, փոխանցման միջոցով ստանում է գումարը, ապա համարանիշների տիրոջը հայտնում է համարանիշների գտնվելու վայրի մասին։

Պարզվում է, սակայն, որ այս սխեման միայն պետհամարանիշների դեպքում չէ, որ գործում է։ Նույն սխեմայով «Տելեգրամում» ստեղծվել են ՀՀ-ում թմրամիջոց համարվող մարիխուանայի իսկական օնլայն վաճառակետեր։ Այդ ալիքները ունեն հազարավոր հետևորդներ, թմրամիջոցների «մենյուներ» և նույնիսկ աշխատողներ։

Ինչպե՞ս է աշխատում սխեման

Մարիխուանայի վաճառքով զբաղվող ամենահայտնի տելեգրամյան ալիքը «․․․․ շուկան է» ( ալիքի անունը չենք նշում՝ հավելյալ չգովազդելու համար)։ Տելեգրամյան այս ալիքը ունի 4865 բաժանորդագրություն, կան այլ համանուն ալիքներ՝ 3526 և ավելի քիչ բաժանորդագրումներով։ Ալիքում կան 3 խումբ աշխատողներ՝ օպերատորներ, որոնց հետ պետք է կապ հաստատի պոտենցիալ գնորդը, «կլադշիկներ» կամ «կլադմաններ», որոնք զբաղվում են «ապրանքը» համապատասխան վայրերում տեղադրելով, և նույնիսկ «արբիտրներ», որոնց գործունեությանը կանդրադառնանք հաջորդիվ։ Ալիքը առաջարկում է օպերատորների հստակ ցանկ, որոնց գործունեության համար ալիքը ինչ-որ աստիճանի «պատասխանատվություն» է կրում։ Պատվիրատուն կապվում է օպերատորի հետ և նշում, թե ինչ տեսակի թմրանյութ է ցանկանում, ապա օպերատորից ստանում բանկային հաշվեհամար։ Մեր զրուցակիցը, որը նախկինում օգտվել է այս ծառայությունից, նշեց, որ վերջին շրջանում նաև պատվերներ են ընդունվում կրիպտոարժույթներով, քանի որ դրանք ավելի ապահով են։ Հաշվեհամար ստանալուց հետո գնորդը տեսանկարահանում է հաշվեհամարին համապատասխան գումար փոխանցելու ընթացքն ու լուսանկարում փոխանցումը հավաստող կտրոնը, դրանք ուղարկում օպերատորին։ Այսպիսով՝ պատվերը գրանցվում է։ Այնուհետև «կլադշիկը» պատվերը տեղադրում է որևէ վայրում, և պատվիրատուին ուղարկում են «ապրանքի» գտնվելու վայրի կոորդինատներն ու լուսանկարը։ Այդ կոորդինատներով և GPS համակարգի օգնությամբ պատվիրատուն տեղորոշում է պատվերը և այն վերցնում։ Մեր զրուցակիցը պատմեց, որ ներկայումս այս ցանցը աշխատում է Հայաստանի խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում և Վանաձորում։ Իսկ ի՞նչ է լինում, երբ կողմերից մեկը որոշում է խախտել պայմանավորվածությունը, ասենք՝ գումարը ստանում է, բայց պատվերը չի տեղադրում, կամ պատվիրատուն պատվերը վերցրել է, բայց ասում է, որ նշված տեղում թմրանյութ չկար։ Հենց այս հարցերը լուծելու համար էլ թմրանյութերի օնլայն վաճառքով զբաղվողները ստեղծել են «արբիտրաժ», որոնք սեփական «հետաքննությամբ պարզում են, թե ով է ստում, և ըստ այդմ՝ կամ նորից են թմրանյութ առաջարկում, կամ խզում են կապերը։ Թմրանյութի վաճառքով զբաղվող այս ալիքը նույնիսկ հետևորդների շրջանում հարցում է իրականացրել, թե ինչ հաճախականությամբ են «Կանաբիս» օգտագործում ( Կանաբիսը հնդկական կանեփի հիբրիդային ենթատեսակ է )։ Հարցմանը մասնակցած 1711 օգտատերերի 54 տոկոսը նշել է՝ «Ամեն օր», 14 տոկոսը՝ «2-3 օրը մեկ», և միայն 9 տոկոսն է նշել, որ չի օգտագործում։

Այս տելեգրամյան ալիքում նաև մի ուշագրավ հրապարակման հանդիպեցինք, որը մոտավոր պատկերացում տվեց, թե վաճառքների ինչպիսի մասշտաբների և դրամաշրջանառության ինչպիսի չափերի մասին է խոսքը։ Ալիքը պատերազմի օրերին մասնակցել է համահայկական դրամահավաքին և գումար է փոխանցել, ալիքում տեղադրված լուսանկարներից տեղեկանում ենք, որ այս խումբը 2 անգամ հիմնադրամին փոխանցել է 974 հազար դրամ և 1 անգամ 340 հազար դրամ։

ՀՀ օրենսդրությունն այս թեմայով

Մարիխուանան Հայաստանում ներառված է ուժեղ ներգործության թմրամիջոցների ցանկում: Կանեփ, օրինակ, աճում է Հանրապետության ամբողջ տարածքում: Ոստիկանության պարտականություններից է այդպիսի ցանքատարածությունների ոչնչացումը: Ոստիկանության «Կանեփ-կակաչ» անվանումը ստացած համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ամեն տարի Հանրապետության ամբողջ տարածքում ոչնչացվում է կանեփի տոննաներով վայրի աճած զանգված: ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածը վերաբերում է թմրամիջոցների ապօրինի իրացմանը։ ՀՀ Քրեական օրենսգրքում այս հանցատեսակը դասակարգվում է որպես բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություն։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

12:30 Ինքնությունը ճշտվել է․ ո՞վ է զանգել Տիգրանի հայրիկին և երեխայի լացի ձայն միացրել
13:15 Մահաբեր «ռազբորկա»՝ մեքենայից ջուր շփելու պատճառով․ մանրամասներ՝ Էջմիածնում 22-ամյա երիտասարդի սպանությունից 
23:24 Ուժգին քամին պոկել է տանիքը, խփել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով
13:50 Մկնդեղ ու սնդիկ են տվել․ Թուրքիայի արտգործնախարարի դեմ մահափորձ է կատարվել
22:25 Շիրակի մարզի Լեռնուտ, Գետք, Մեղրաշատ, Ողջի, Տուֆաշեն և այլ գյուղերի դպրոցները կփակվեն
15:33 Իվետա Մուկուչյանը հղի՞ է․ երգչուհու պարզաբանումը
12:18 Սկոտչով փակել են բերանը ու ծեծել․ հերթական խոշտանգումը՝ ոստիկանությունում․ ՈւՂԻՂ
22:59 Կարող է որոշում կայացվել 1-ին դասարան ընդունելության մասով 7 տարին լրանալու դեպքում. Ժաննա Անդրեասյան
16:00 Նիկոլ Փաշինյանը մահացել ա, ոնց Մոսկվայում հեծանիվ քշի․ հարցում
15:45 25 տարի արգելվում էր․ Ավինյանի օրոք մետրոյի գլխին 18 հարկանի շենք է կառուցվում