Երևան +12°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:55 03-07-2021

Լինում է, բայց մեր դեպքում, հիմնականում, չի լինում. Ի՞նչ հեքիաթներ են պետք մեզ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2011 թվականին ասել է, որ պատրաստ է իր մարմնի ցանկացած մասը տալ Ռուսաստանի իշխանություններին՝ Աբխազիան և Հարավային Օսիան վերադարձնելու համար[1]։ Բելառուսի Հանրապետության առաջին և միակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 2010 թվականի սեպտեմբերին պատրաստակամություն է հայտնել զոհել իր գիտակցությունը երկրի խաղաղության համար[2]։ Ռուսաստանի Դաշնության առաջին նախագահ Բորիս Ելցինը 90-ականներին խոստացել է պառկել գնացքի ռելսերի վրա, եթե ապրանքի գներն անկառավարելի դառնան[3]։ 1991 թվականին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը պատրաստակամություն է հայտնել կտրել ձեռքը, եթե երկրում թղթադրամը փոխվի[4]։

Ինչպես տարածաշրջանում, այնպես էլ մեր երկրում ամեն օր ու ամեն հնարավոր հարթակներից հնչում են խոստումներ, որոնք չեն իրագործվում, հայտնվում են հերոսացված մարդիկ, որոնք դառնում եմ հակահերոսներ ու հյուսվում են ստեր, որոնց անվանում են հեքիաթներ։

Մի՞թե աշխարհն ու հատկապես հայ ազգը մոռացան խոստումի, հերոսի, հեքիաթի բարոյական բարձր արժեքների մասին, թե՞ երկար ու ձիգ տարիների ընթացքում նրան մոռացնել տվեցին այդ ամենը։ Իսկ ինչի՞ մասին ենք մենք հիշում։ Ո՞ւմ մասին ենք մենք խոսում։ Եվ անում ենք դա հանրային արժեք ստեղծելո՞ւ, թե՞ պահի ալիքը բռնելու ու շահարկվող թեմայով մեր անունն ինչ-որ տեղ խցկելու համար։ Ինչո՞ւ ենք մոռացել հայկական երազանքն ու մեր սեփական հեքիաթը։

Օրագիր.News-ն իրական հեքիաթի ու դրա մոռացված նշանակության մասին զրուցել է աստվածաբան, հեքիաթասաց Հայկ Կիրակոսյանի հետ։

- Պարո՛ն Կիրակոսյան, ի՞նչ հեքիաթ է հարկավոր հայ ժողովրդին հիմա։
- Նախ ուզում եմ նշել, որ հայ ազգին հիմա իրոք հեքիաթ է պետք։ Այս ընթացքում միջազգային, կրոնական, քաղաքական, կուսակցական ու հազար ու մի կառույցներ ինչով կարելի է պատկերացնել փորձել են «օգնել», «փրկել» հայ ազգին։ Սրա ապիկարությունը տեսել ենք։ Ոչ մի կառույց մեր խնդրի լուծումը չի տալիս։ Դա բնական է. լուծումը կա մեր ակունքային ինֆորմացիայի աղբյուրներում՝ մեր առասպելներում, տիեզերավեպում, հեքիաթներում։ Բոլոր խնդիրները լուծելու համար մեզ պետք է հազարան բլբուլ, որի երգի շնորհիվ մարդկանց սրտերում բույն է դնում բարի խոհը։ Հետևաբար՝ հայ ազգին հարկավոր է «Հազարան բլբուլ» հեքիաթների պսակը։

Այս շարքը որոշակի ընկալումների, հասկացությունների համակարգ է, որն արթնացնում է մարդու ոգեղենությունը։ Մենք գիտենք, որ այս ընթացքում հաջողացրին «հեքիաթ» անվամբ որակել որոշ քաղաքական գործիչների ելույթներ։ Ո՛չ, այդ ելույթները հեքիաթ անվանել չի կարելի։ Սուտ խոստում տալը, գլխից մեծ, ամպագոռգոռ հայտարարություններ անելը կապ չունեն հեքիաթ պատմելու հետ։ Իսկական հեքիաթը, որ պետք է հայ մարդուն, հայ ազգին թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս, հենց հեքիաթն է, հեքիաթին վերադարձը։ Յուրաքանչյուր ազգ ունի իր հեքիաթը, և որոշները կարողացել են այն դարձնել փարոս ու ուղեցույց, որով ազգն անցնում է և՛ դժվարության, և՛ հաջողության, և՛ պատերազմի, և՛ սովի, և՛ հիվանդության ճանապարհները։ Մենք կորցրել ենք մեր հեքիաթը (մտավորականներից որոշներն այն անվանում են ազգային առաքելություն, գաղափարախոսություն), բայց այն ոչ թե չկա, այլ մեզ համոզել են, որ կան հեքիաթից կարևոր բաներ, տարբեր ժամանակակից կատեգորիաներ՝ սկսած դեմոկրատիայից, վերջացրած սոցիալիզմով ու կապիտալիզմով։ Հաջողության բոլոր չափորոշիչները, որոնք հիմա տրվում են հայ ազգին, չակերտավոր չափորոշիչներ են։

Հայ երիտասարդին տրվող կարիերայի մեջ հաջողության հասնելու չափորոշիչը որևէ կապ չունի իրական հաջողության ու երջանկության հետ։
Մարդն այդ չափորոշիչն ընկալում է որպես նպատակ ու պատրաստ է դրան հասնել անգամ խարդավանքի միջոցով, ոչ երբեք սիրելու շնորհիվ։ Այսինքն՝ մարդը դեկան կամ ռեկտոր դարձավ ոչ թե մանկավարժի գործը սիրելով, այլ մանկուց իր մեջ դրված ձգտմամբ, և թքած մանկավարժության, երեխաներին ու սերունդ կրթելու սուրբ գործի վրա։

- Ի՞նչ սուտ հեքիաթներ են մեզ այսօր հրամցնում։

- Այն խայտառակ իրողությունը, որ հեքիաթները սուտ են անվանում, հենց նման ստախոսների թեթև ձեռքով է։ Մեր էպոսի շատ պատմողներ գրել ու պատմել են տարբեր հեքիաթներ, ու պատմական ամենակարևոր անձանց մասին տեղեկությունները մեզ փոխանցվել են հեքիաթների միջոցով։ Իսկ տարբեր պետական ու ոչ պետական մարմինների՝ մեզ հրամցրած սուտ հեքիաթներից մեկն այն է, որ շուրջ 300 տարի տարբեր ոլորտներից հետ մնացած Հայաստանը կարող է ավանդական, ստանդարտ գործելաոճով գալ ու հասնել առնվազն 150-200 տարի մեզ գերազանցող պետություններին, այդ թվում, այո՛, թշնամի պետություններին։ Անկախ ղեկավարից՝ անկարելի է ներկայիս գործելաոճով որևէ ոլորտում անել նման թռիչք։ Եթե մոտեցումները սրանք են, ապա դա «յոլա տանողի» մոտեցումներ են։ Բոլոր ոլորտներում՝ կրթություն, արդյունաբերություն, առողջապահություն և այլն, փրկությունը լինելու է ոչ ավանդական գործելաոճով։

- Որտե՞ղ կարելի է գտնել այդ ոչ ավանդական լուծումները։

- Իհարկե, հեքիաթներում։ Քաղաքագիտության, աշխարհաքաղաքականության, տնտեսության մասին դասական գրքերը, որոնք հրամցվում են պետությունների ղեկավարներին, խաղի ավելի մեծ տերերի կողմից տրվող կանոններ են։ Այդպիսին են նաև շատ պետությունների սահմանադրություններ, այդ թվում՝ նաև ՀՀ Սահմանադրությունը, որի շրջանակում մենք լինում ենք թրի տակով անցածի կարգավիճակում։ Ինչպես հիշում եք, Մսրա Մելիքը թրի տակով անցնելը պարտադիր պայման սահմանեց Սասնա տան բնակիչների համար։ Դավիթը միակն էր, որը ոչ միայն չանցավ Մելիքի թրի տակով, այլև թռավ թրի վրայով։ Այսինքն՝ ակամայից Մելիքի թուրն անցավ Դավթի տակով։ Ամբողջ համակարգը, որն այդ սուտ ու կեղծ տեղեկատվությամբ, չակերտավոր հեքիաթով կերակրում է այսօր ամբողջ պետական ապարատին, բոլոր քաղաքական խմբավորումներին և հայ ժողովրդին, ընդհանուր առմամբ, նպատակ ունի ևս մեկ անգամ կտրելու մեզ հեքիաթից։ Իսկ ի՞նչ է ուզում յուրաքանչյուր մարդ. հեքիաթային կյանք, հարսանիք, տուն-տեղ ու Հայաստան։ Հեքիաթի մասին տեղեկություններ մենք ունենք ու գիտենք, թե այն ինչպես է իր ազդեցությունը թողնում։

- Ինչպիսի՞ հեքիաթներ մեզ կտրականապես պետք չեն այս պահին։

- Մեզ պետք չեն այն հեքիաթները, որոնք նախևառաջ հայ մարդուն հուշում են, որ հեքիաթները սուտ են ու կեղծիք, որ պետք է լինել իրատես և պրագմատիկ ու անմիջապես դրա տակ, ժողովրդի խոսքով ասած, խոթում են հիմար ու անպետք տեսություններ։ Այսօր պետություն-բիզնես, պետություն-կրթություն ու մյուս կամուրջները բացակայում են։ Հիմա մեզ պետք չեն ստանդարտ լուծումներ։ Մեր պետությունը չի կարող հարց լուծել, եթե բյուջեի հիմնական աղբյուրը հարկերն են։
Այսինքն` պետական փողը գոյանում է ներսի կաշին քերթելով։ Մեզ կտրականապես պետք չէ այն հեքիաթը, որն ասում է, որ հեքիաթները սուտ են։ Մեզ պետք է այն հեքիաթը, որը հայ մարդուն ասում է՝ շրջվիր դեպի քո հեքիաթը, որը հազարամյակներով քեզ փոխանցել են քո ամենաամենաները՝ Գրիգոր Նարեկացին, Կոմիտասը, Հովհաննես Թումանյանը, Գարեգին Նժդեհը, Վազգեն Ա-ն։ Ամերիկան Ամերիկա դարձրեց հենց «american dream»-ը («ամերիկյան երազանքը»), այն էլ այն ժամանակ, երբ երկրի հնարավորությունները 0 էին՝ քաղաքական պատերազմներ, 100-ամյակներ տևող խնդիրներ, ներքաղաքական ճգնաժամ։

Եվ մինչև կհայտնաբերվեր Ամերիկան, հայերն արդեն ունեին իրենց «հայկական հեքիաթ»-ը, որն իրենց կյանքի գնով մեզ են հասցրել մեր նվիրյալները։ Ինչ ունենանք կամ չունենանք, եթե չունենք հայկական հեքիաթը, այն փարոսը, որի հետևից գնում է ազգը, ապա ինչի՞ վրա պետք է հույս դնենք։

[1] "Я с большим удовольствием готов отправить любую часть своего тела для того, чтобы они (руководство РФ) вернули хотя бы часть наших территорий. А еще лучше - все территории. И насколько хватило бы моих частей тела, столько бы я возвратил территорий".

[2] "Ради сохранения спокойствия в стране я готов пожертвовать собственным разумом".

[3] "Если цены станут неуправляемыми, превысят более чем в три-четыре раза, я сам лягу на рельсы".

[4] "Обмена купюр не будет, - заявил он. - Даю руку на отсечение".