Շիրակցին այս ողբերգության մեջ մենակ է. Վահան Թումասյանը` Շիրակի երաշտի մասին
copy image url

Շիրակցին այս ողբերգության մեջ մենակ է. Վահան Թումասյանը` Շիրակի երաշտի մասին

Ներքին 3 տարի առաջ - 13:42 30-06-2021

Հայաստանում և հատկապես Շիրակում՝ մասնավորապես Անիի նախկին վարչական շրջանի գյուղերում, սարսափելի և նախադեպը չունեցող երաշտ է: Այս տարածքում երաշտը, իհարկե, նորություն չէ, սակայն այս անգամ գյուղացին իսկապես ողբալի վիճակում է հայտնվել:

Շատ հողագործներ, բերքահավաքից հույսները կտրած սկսել են վարել իրենց գարնանացանի դաշտերը: «Իրականում դաշտերում և սարերում խոտ էլ չկա, նույնիսկ կոմբայն մտցնելու իմաստ չկա: Գրեթե ամեն օր դաշտերում շրջում ենք, վիճակն աղետալի է: Վարսակի դաշտերն ուզում էինք հնձել՝ չսպասելով հասկի ձևավորվելուն, սակայն խոտն այնքան ցածր է՝ մոտ 15 սմ, որ իմաստ էլ չունի մի բան անել: Նման ողբերգություն շատ վաղուց չէր եղել»,- ասում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանը և հավելում, որ գյուղերում խոտ չի ամբարվել, իսկ հարևան մարզի ջրովի տարածքների խոտն էլ անհասանելի է, քանի որ շատ թանկ է գյուղացու համար՝ փոքր տուկը 1.000-1.200 դրամ:

Թումասյանի խոսքով, գյուղացիները մասսայաբար կոտորում են խոշոր եղջերավորներին, որոնց նույնիսկ վաճառել չեն կարող՝ անասունների ոսկորն ու կաշին է մնացել: Խոշոր եղջերավորները, սովամահ լինելով, հանդից գոմ մի կերպ են վերադառնում:

«Ոչխարներին մինչև դեկտեմբեր դեռ կարելի է մի բանով խաբել, բայց խոշոր եղջերավորների հարցն այլ է: Այսինքն ո՛չ հացահատիկ կլինի, ո՛չ վառելիք, ո՛չ խոտ, ո՛չ սնունդ, արդյունքում՝ վարկեր, պարտքեր, կարճ ասած՝ մասսայական ողբերգություն: Երբ երկրաշարժ էր, գոնե գիտեինք արհարվիրք էր, արձագանքեցին, օգնություն տվեցին, ժամանակավոր կացարաններ սարքեցին, ոտքի կանգնեցինք: Այս ողբերգության մեջ մենակ ենք, մենք մեր դարդ ու ցավի հետ, անտեր վիճակում»,- ասում է Թումասյանը:

Նա ընդգծում է, որ խնդրի մասին բազմիցս բարձրաձայնվել է, սոցիալական կայքերում ամեն երկրորդը գրում ու խոսում է թեմայի շուրջ. «Մարդ չգիտի է՞լ ում դիմի, ի՞նչ անի: Ի՞նչ է, կարծում եք, նրանք տեղյակ չեն՝ ի՞նչ է կատարվում, ի վերջո մարզպետարան ունենք, որը տվյալ վիճակի մասին չի կարող տեղյակ չլինել: Մեկ գյուղ չէ, երկուսը չեն, որ խնդիրն անտեսվի: Ամենուր աղետալի վիճակ է: Պետք է հայտարարվեր հատուկ վիճակ, արտահերթ նիստեր ու որոշումներ: Եթե սեփական միջոցներով խնդիրները չենք կարող լուծել, պետք է դիմենք միջազգային կառույցներին, կառավարությունը կոնկրետ քայլեր պետք է անի: Գոնե խոտի հարցը պետք է շատ արագ լուծվեր, հարկ եղած դեպքում գոնե ներկրվեր: Ամենախեղճ ու անտեսված մարզը Շիրակի մարզն է: Ժողովուրդը գլուխը կախ իր գործն է անում, խեղճ են շատ, հույսով ապրող ու քչով բավարարվող, ո՛չ բողոքում են, ո՛չ էլ վեր կենում փողոց փակում, դրա համար էլ այս օրի են»:

Վահան Թումասյանը նշում է, որ մարզում կան ջրամբարներ, մասնավորապես Ախուրյանի ջրամբարն ու սահմանամերձ 1.000 հա տարածք վարելահողն իրավիճակը լրջորեն կփոխեին, սակայն դրանք փշալարերով սահմանազտված են: «Այդ ամենը փշալարով փակած անիմաստ տարածք է դարձել: Այնինչ, մենք դրանք շատ արդյունավետ կարող էին օգտագործել և՛ զբոսաշրջությունը զարգացնելու, և՛ գյուղացու սոցիալական վիճակը թեթևացնելու նպատակով, ինչպես դա անում է Թուրքիան: Նրանք և՛ գետն են մտնում, ջուրն օգտագործում ու անասուններին տալիս, և՛ արոտավայրերից օգտվում: Իսկ մենք անտեր ենք. ո՛չ նորմալ իշխանություն ունենք, ո՛չ Հայաստանի մասին մտածող մեկը, ուստի մատնված ենք անտերության: Ախուրյանի ջրամբարը փակ է, իսկ անասունները սարերից իջնում են գյուղ, որ ջուր խմեն, հետո նորից բարձրանում սար: Իրականում այս ամենը մեծ ծախսերի հետ կապված չէ: Հույս չկա, որ հարցերը լուծում կստանան: Տարիներ շարունակ գրում ենք, նամակներ ուղարկում, բարձրաձայնում, ե՞րբ են ուշադրություն դարձրել, որ հիմա էլ մի բան ակնկալենք»,- ամփոփում է «Շիրակ Կենտրոն» ՀԿ ղեկավարը:


Լուսանկարները Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից են:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր