Երևան +21°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:58 29-06-2021

Ապօրինի կառույցների ապօրինի քանդո՞ւմ, թե՞ Հայկ Մարությանի PR

Վերջին օրերին Երևանում ամենաշոշափվող թեմաներից մեկն Աջափնյակ համայնքի ինքնակամ շինությունների ապամոնտաժումն է։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ գործընթացն սկսվեց հենց այստեղից, երբ Կենտրոնում ու այլ վարչական շրջաններում նմանօրինակ շինությունների պակաս չկա։ Բացի սրանից՝ արդյո՞ք քաղաքապետարանը վերջացրել է Օպերայի տարածքում առաջին գիծ սրճարանների ապամոնտաժումը, թե՞ պլանը կատարվեց միայն Միքայել Մինասյանին պատկանող «Jazzve»-ով։ Էլ չենք ասում այն մասին, որ այդ տեղում մինչ օրս չկա խոստացված կանաչապատ ու ծառերով լի անկյունը։ Հարց է առաջանում՝ միգուցե Երևանի քաղաքապետարանն ուղղորդված ապամոնտաժում է միայն իրեն տհաճ անձանց պատկանող շինությունները։

Հիմա սկսենք սկզբից․ Ի՞նչ է նախատեսում օրենքն ինքնակամ շինությունների վերաբերյալ։ Նախ՝ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով ինքնակամ կառույցը քանդելու համար նախանշվում է երկար ու ձիգ ընթացակարգ։ Իսկ այս ընթացակարգն էլ իր հերթին կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով։ Սրանից բխում են մի շարք անհամաձայնություններ։ Առաջինը․ եթե շինությունը կառուցած քաղաքացին ունի հիմնավորում, որ այն կառուցվել է 10 տարի առաջ, ապա, դատարան դիմելով, վաղեմության ուժով կարող է ձեռք բերել սեփականության իրավունք։

Երկրորդ․ նույնիսկ եթե շինությունը կառուցվել է երեք ամիս առաջ, քանդելու իրավունք ևս չկա, քանի որ պետությունն ունի միայն երկու ամիս ժամանակ ինքնակամ կառույցները հայտնաբերելու և գործընթաց սկսելու համար։

Աջափնյակի բնակիչները վկայում են, որ այս պահին քանդվում են անգամ 10 տարվա վաղեմության շինություններն՝ առանց փորձագիտական եզրակացության։ Քաղաքացիական օրենսգրքում հստակ նշված է, որ քաղաքացին կարող է օրինականացնել ինքնակամ կառույցը։ Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ քաղաքապետարանը, առանց առաջարկելու օրինականացնել այդ կառույցները, միանգամից քանդում է դրանք։

Օրենսգրքում կա կառույցն անհապաղ քանդելու միայն մի կետ, երբ դրա տակ անցնում են ինժեներական կառույցներ՝ ջրի խողովակ, հոսանք և այլն։ Այս պարագայում նման կառույցներ առկա չեն։

Ինքնակամ կառույցների վաղեմության ժամկետով ապամոնտաժում չկատարելու մի շարք օրինակներ կարող ենք գնտել Դատական տեղեկատվական համակարգում (DataLex): Նման գործերի մասով դատարանն իրականացնում է դիտարկում, և եթե կառույցը նոր չէ (չի կառուցվել վերջին երկու ամսվա ընթացքում), ապա այն ենթակա չէ ապամոնտաժման, և քաղաքապետարանը ոչ մի գործողություն չի իրականացնում։

Հիմա արդյո՞ք Աջափնյակի քանդվող շինություններում եղել է դիտարկում և պարզվել է, որ այդ շինությունները կառուցվել են վերջին երկու ամիսների ընթացքում։ Քաղաքացիների վկայությամբ՝ ոչ։

Ի հավելում ասենք, որ ընդունված ավանդույթով, եթե շինարարությունն ավարտված է, ապա այն իրականացրած անձին ժամանակ են տալիս ինքնակամ կառույցը քանդելու համար։ Երկրորդ քայլը, որը նախատեսված է ՎԻՎ օրենսգրքով, չքանդելու դեպքում հասանելիք 200․000 դրամ տուգանքի նշանակումն է։ Երրորդ զգուշացումն արժե տուգանք 400․000 դրամի չափով։ Հարց է ծագում․ ինչո՞ւ է պետությունը հրաժարվել պետական բյուջեն լցնելու այս եղանակից, եթե օրինական պահանջը չկատարելու դեպքում միևնույնն է տուգանքները ստանալուց հետո օրինական կարգով կարող էր ապամոնտաժել կառույցները։

Սրանից հետևում է, որ նման իրավիճակից խուսափելու համար կային լուծումներ՝ 1․առաջարկել սեփականաշնորհել շինությունը, եթե դրա տակ չկան ինժեներական կառույցներ, 2․նշանակել տուգանք չքանդելու դեպքում, 3․քանդել, երբ քաղաքացին հրաժարվի օրենքով սահմանված բոլոր միջոցառումներից։

Իրավիճակը մի քանի անհայտով հավասարում է, բայց հիմնական հարցն այն է, թե ինչո՞ւ են հիմա ապամոնտաժվում հենց Աջափնյակ համայնքի ինքնակամ շինությունները։ Արդյո՞ք պատճառը, ինչպես «Jazzve»-ի դեպքում, Կառավարության կողմից «Persona non grata»-ներն ու շինությունների՝ իրենց պատկանելն է։