copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:41 28-06-2021

Եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն կամ չչեզոքացվեն, ապա դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր. Տիգրան Աբրահամյան

Հունիսի 25-ին Արցախի Հանրապետության ԱԱԾ-ն արձագանքել էր սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և մամուլում տարածված այն լուրերին, որ «Ադրբեջանցիների կողմից արցախցիներին հեռախոսազանգեր են արվում, որով վերջիններիս առաջարկում են վաճառել իրենց բնակարանները»: Կառույցը հայտարարել էր, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ԱԱԾ-ն հորդորել էր նաև զերծ մնալ բնակչության անվտանգությանը վերաբերող թեմաներով ապատեղեկատվություն տարածելուց, իսկ նման բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել ԱՀ ԱԱԾ։

Թեմայի շուրջ քննարկումները, սակայն, շարունակվում էին. սոցկայքերի օգտատերերն ու լրատվամիջոցները շարունակում էին անդրադառնալ խնդրին ու մանրամասներ հրապարակել:

Արդյունքում, այսօր՝ հունիսի 28-ին, ԱՀ ԱԱԾ-ն ևս մեկ հաղորդագրություն տարածեց: «ԱՀ ԱԱԾ կոչից հետո Ազգային անվտանգության ծառայությունում գրանցվել են Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների կողմից Արցախի քաղաքացիներին ուղղված հեռախոսազանգերի դեպքեր։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ կասկածելի հեռախոսազանգերին պատասխանելուց և անմիջապես դիմել Արցախի ԱԱԾ: Միաժամանակ հորդորում ենք զերծ մնալ ապազգային գործելաոճից, չշահարկել ու բաց հարթակներում քննարկման առարկա չդարձնել այդօրինակ լուրերը, որոնց նպատակը Արցախի բնակչության մեջ վախի ու ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծումն է»,- նշված էր հաղորդագրության մեջ:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական, ներկայումս արդեն «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով թեմային, Օրագիր.news-ին ասաց, որ տվյալ թեմայի շուրջ քննարկումներն անընդհատ լինելու են և եթե ժամանակին տեղեկատվական ռիսկերը նվազագույնին չհասցվեն կամ չչեզոքացվեն, ապա դրանց հետևանքները լինելու են ավելի ծանր:

«Տեղեկատվությունը քողարկելը, անիմաստ հերքելը ոչ մի խնդիր չի լուծում: Անհրաժեշտ է հանրության հետ ճիշտ աշխատել, բնակչությանն ապահովել օպերատիվ, օբյեկտիվ տեղեկատվությամբ, մատչելի ձևով ներկայացնել տեղեկատվական անվտանգության ռիսկերն ու գնալ դրանց լուծումների հետևից: Ինչ վերաբերվում է արցախցիների շրջանում՝ ապագայի հանդեպ անորոշ մթնոլորտի ստեղծմանը, ապա դա հետևանք է ներքին և արտաքին քաղաքականությունում տարվող գործընթացների, Արցախի 75 տոկոսի հանձնման, Հայաստանի իշխանությունների՝ Արցախի հարցի փակման, Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամի, այլ ոչ թե ադրբեջանական հեռախոսազանգերի վերաբերյալ քննարկումներին»,- նշեց Աբրահամյանը և հավելեց, որ խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի ճիշտ ախտորոշումը, եթե դա չկա, ապա խնդրի լուծումները չեն կարող արդյունավետ լինել:

«Արցախի ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի տեղեկատվական անվտանգության սպառնալիքների կանխման, չեզոքացման ուղղված աշխատանքը, դրան ուղղված նոր անվտանգային մեխանիզմներ գործարքի»,- ամփոփեց քաղաքագետը: