copy image url
Ներքին 2 տարի առաջ - 00:20 12-06-2021

Նախընտրական քարոզարշավ՝ օր 5րդ. եկեղեցին հանդես է եկել հայտարարությամբ

Օրագիր.news-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացել նախընտրական քարոզարշավի առավել ուշագրավ հայտարարություններն ու միջադեպերը: Եվ այսպես, «Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանցիները վաղն արդեն կհասնեն մինչև Երևան։ Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով: Նա նշել է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձախողել են աշխատանքը բոլոր ոլորտներում. «Նրանք պատերազմում ժողովրդին հասցրել են պարտության։ Դեռևս անհասկանալի է, թե քանի զոհ ունենք և քանի անհետ կորած։ Ամենուրեք քաոս է տիրում։ Հունիսի 20-ին մենք կփակենք այս խայտառակ էջը։ Մենք Նիկոլին ու նրա ուսապարկերին ասում ենք ոչ»։

«Պատիվ ունեմ» դաշինքի՝ Վայոց ձորում կայացած քարոզարշավի ընթացքում էլ Սերժ Սարգսյանն ասել է, թե կապիտուլյանտն Արցախի հանձնմամբ սկսել է ՀՀ-ի հանձնման գործընթացը: Պետք է կանխել այս պրոցեսը, բայց իրենք դրան հասնելու են ոչ թե խաղաղություն մուրալու կամ նոր զիջումների, այլ պայքարի ճանապարհով։ Ամեն ինչի հիմքում մարտունակ բանակ ունենալու գործոնն է, և սրանց իշխանությունից հեռացնելու անմիջապես հետո դաշինքի առաջնային քայլերը հենց այս ուղղությամբ են լինելու: Սերժ Սարգսյանը նշել է նաև, Փաշինյանենք իշխանության եկան թեզերով, որ Հայաստանը թալանում են, որ Հայաստանը կառավարում են օլիգարխները, և Հայաստանում աղքատություն կա, քանի որ Հայաստանում կան հարուստներ, հիմար թեզեր, որոնք շատերին դուր են գալիս, բայց ի՞նչ տեղի ունեցավ, անցավ որոշ ժամանակ և այս մարդը հայտարարեց, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր: «Մե՞նք ենք թալանչի, թե՞ իրենք, անցել է շուրջ 3 տարի, որևէ թալանի լուրջ դեպք բացահայտված չէ, իսկ իշխանափոխությունից հետո կտեսնեք, թե ինչքան ժամանակ է պետք լինելու նոր իշխանություններին՝ թալանչիներին բացահայտելու համար: Տեսաք, թե ինչ տեղի ունեցավ կազինոների հետ, քար լռություն և ոչ մի փաստ, ու գալու է ժամանակը, որ այդ կազինոների մասին ասած ստերը մտցնելու ենք իր բերանը, դրանում կարող եք չկասկածել»,- ասաց Սերժ Սարգսյանը և հավելեց, որ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ բյուրեղյա մաքուր, անկաշառ, իմքայլականների 5-րդ համարը:

ԱԺ պատգամավորի թեկնածու, գործարար Խաչատուր Սուքիասայանի պատասխանը չուշացավ: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է. «Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։ Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է։ Սերժիկ, ատելիի մասին խոսելուց առաջ հիշի´ր քեզ 2018 թվականին։ Հիշի´ր մարդկանց խանդավառված դեմքերը, երբ քեզ վռնդում էին, հիշի´ր քո հեռացման առիթով համամարդկային քեֆ-ուրախությունները, նայի´ր քեզ հայելու մեջ ու կտեսնես թե ով է Հայաստանում ամենաատելին»։

Արթուր Վանեցյանն էլ Վայոց Ձորում քաղաքացիներին վստահեցրեց, որ Հայաստանում պետական մակարդակով այս կամ այն համայնքի, հողերի ադրբեջանական լինելու մասին անընդհատ խոսելը պատահական չէ. «Սրանց նպատակն անընդհատ զիջելն է, դրա համար հող նախապատրաստելը և դրա համար էլ եղած ռեսուրսները Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման համար օգտագործելու փոխարեն զբաղված են նոր զիջումների ծրագրմամբ»։

Վարդենիսում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ելույթի ընթացքում Արման Բաբաջանյանն էլ անդրադարձել է Արթուր Վանեցյանի՝ Սոլովյովին տված հարցազրուցին : «Սա ուղղակի ծաղր է մեր նկատմամբ, և պետք է խոստովանենք, որ Ռուսաստանը պահում է իրեն սերիական մարդասպանի նման, և մեր ժողովուրդն էլ փոխանակ փորձի իսկապես արժանապատվության և թասիբի հիմքի վրա խոսել և հասկանալ Ռուսաստանի ուզածը՝ ռուս-թուրքական այս տանդեմի նկրտումների սահմանը, ամենաստոր, ամենաքստեմնելի ձևով, փալասի պես գնացել պառկել են ռուսների տակ ասում են՝ «Крым наш, Крым ваш»,- հայտարարել է նա։

Դիլիջանցիներին հյուրն էլ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, ով բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կեղծ էլիտաներին թույլ չեն տալու վերարտադրվել։ «Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»,- ասել էր Փաշինյանը։ Մայր Աթոռն անմիջապես արձագանքել էր Փաշինյանի ելույթին՝ վերջինիս զսպվածություն կոչ անելով. «Ցավ ենք հայտնում վարչապետի պաշտոնակատարի ոչ խոհեմ և անպատշաճ հայտարարությունների համար»:

Այս ամենի արդյունքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն,որի հետո եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ. «Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի