Ներքին 5 տարի առաջ - 16:35 11-06-2021

Հայաստանյան եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Հունիսի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայաստանի եպիսկոպոսների խորհրդակցություն, որի ընթացքում շոշափվել են մեր հայրենական կյանքի ներկա իրավիճակին առնչված հարցեր:

Խորհրդակցության ավարտին ընդունվել է հետևյալ հայտարարությունը․

«Քննարկելով մեր հայրենիքի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ խորը մտահոգություն ենք հայտնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների այս շրջանում արձանագրվող մի շարք դատապարտելի երևույթների առնչությամբ։

Հունիսի 7-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավի առաջին իսկ օրից տեղ գտած ատելության խոսքը, վարկաբեկիչ և վիրավորական արտահայտությունները, հայհոյելու, հաշվեհարդարներով ու բռնությամբ սպառնալու վարքագիծը, ցավոք, մեր հասարակությանը կարող է կանգնեցնել այնպիսի կացության առջև, որի ահագնացման պարագայում անխուսափելի պիտի դառնան անհանդուրժողության, ատելության և թշնամանքի հողի վրա քաղաքացիական բախումները։ Արդարացում չունեն և դատապարտելի են բոլոր այն քայլերը, որոնք պառակտում և բևեռացնում են պատերազմի ցավերը դեռ չամոքած մեր հասարակությանը։ Անառարկելի ճշմարտություն է՝ չար սերմը երբեք չի կարող բարի պտուղ տալ, և ինքն իր մեջ բաժանված ամեն տուն՝ կանգուն մնալ (հմմտ․ Մատթ․ ԺԲ 25)։

Նժարի վրա է դրված հայրենիքի ապագան։ Հարկ է հայրենասիրություն, նախանձախնդրություն ու հետևողականություն դրսևորել հայրենիքի շուրջ մեր ժողովրդի միասնական տեսլականի ձևավորման գործում, որպեսզի յուրաքանչյուրը պատիվ համարի խոնարհվելը այդ տեսլականի իրագործման լծի ներքո։ Դա է նվազագույն գինը, որ կարող ենք վճարել բոլոր ժամանակների մեր նահատակ զավակների անձնազոհության դիմաց։ Այս գիտակցությունը պետք է գերակայի մեր երկրում և ուղիներ հարթի առկա խնդիրների հաղթահարման։

Այսու կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում հատկապես իշխող կուսակցությանը, զերծ մնալու անպատշաճ խոսվածքից ու պահվածքից։ Բազմադարյա հարուստ մշակույթ և բարձր արժեքներ կերտած մեր ժողովրդին անհարիր են այդպիսի դրսևորումները, որոնք նսեմացնում են մեր ազգային նկարագիրն ու վարկը։ Մի՛ եղեք չարի սերմնացաններ և անընդունելի վարքագծով գայթակղություն մի՛ դարձեք քրիստոնյա մեր ժողովրդի համար։

Աղոթում ենք, որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի մեր երկիրը՝ պարգևելով իմաստություն համայն մեր ժողովրդին՝ սիրո և համերաշխության մթնոլորտում արարելու իր վաղվա օրը»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել

Ձեզ գուցե հետաքրքրի