Ներքին 3 տարի առաջ - 12:55 21-03-2023

Գերագույն Հոգևոր Խորհուրդը Բերձորի միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ

Գերագույն Հոգևոր Խորհուրդը, նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է․

«Խորը ցավով ենք արձանագրում, որ արդեն 100-րդ օրն է, ինչ Ադրբեջանի իշխանությունները, հայատյաց քաղաքականության սաստկացող դրսևորումներով, արգելափակված են պահում Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միջանցքը:

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ բնակչության նկատմամբ պարբերաբար իրականացվող ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, բռնություններն ու ահաբեկչական գործողությունները առավել խորացնում են հումանիտար աղետալի իրավիճակը: Հակառակ Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ներդրած ջանքերի՝ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունների հետևանքով ոտնահարվում են մարդկանց՝ երեխաների, կանանց և ծերերի կյանքի, բուժում ստանալու, տեղաշարժի և հիմնարար մյուս իրավունքները:

Բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը Ադրբեջանի կողմից Բերձորի (Լաչինի) միջանցքի արգելափակումը վերացնելու վերաբերյալ: Ողջունում ենք Եվրոխորհրդարանի վեհաժողովի կոչը, որով Ադրբեջանի իշխանություններին հորդորվում է կյանքի կոչել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանի որոշումը:

Տարակուսանք ենք արտահայտում, որ հակառակ միջազգային հանրության, վերջինիս իրավասու և ազդեցիկ կառույցների կողմից ճանապարհը բացելու վերաբերյալ կտրական պահանջներին՝ առ այսօր արգելափակումը շարունակվում է:

Հորդորում ենք ՄԱԿ-ի, Եվրոխորհրդարանի և Եվրոմիության պատկան կառույցներին, պետությունների ղեկավարներին ու կրոնական առաջնորդներին հետևողական ջանքերով հասնել Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի վճռի կատարմանը, ցեղասպանական գործողությունների դատապարտմանը և Արցախի բնակչության անվտանգ ու բնականոն կյանքի ապահովմանը:

Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ:

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, առաջնահերթություն ունենալով մարդկային կյանքերի փրկությունն ու անվտանգությունը, հետևողականորեն պաշտպանելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը՝ անկախություն հանուն փրկության ու անվտանգության սկզբունքով»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում

Ձեզ գուցե հետաքրքրի