Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 14:20 01-06-2021

Արտակ Բեգլարյանն ընտրվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը:

«Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում Երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակհազարավորները դեռ երկար ժամանակ կրելու են պատերազմի ֆիզիկական ու հոգեբանական դաժան հետևանքները:

Ես ինքս տեսել եմ պատերազմի արհավիրքը՝ նախորդ պատերազմում կորցնելով զինվոր հայրիկիս, այնուհետև՝ տեսողությունս: Երբ վեց տարեկանում ստեփանակերտյան մեր բակում հայտնված ականի պայթյունից ծանր վիրավորվեցի ու զրկվեցի տեսողությունից, օրեր շարունակ բժիշկները պայքարում էին կյանքիս համար: Դրանից հետո նույնպես քիչ զրկանքների չեմ առերեսվել, սակայն կարողացա սերտել կյանքի գլխավոր դասը, այն է՝ ոչ մի զրկանք չի կարող կոտրել մարդու երազելու և պայքարելու կամքը, ընդհակառակը՝ զրկանքները նաև հնարավորություններ են կյանքն արժևորելու, բարին գործելու և կամքը կոփելու համար:

Եվ իմ ողջ գիտակից կյանքում, անկախ կարողություններից ու կարգավիճակից, առաջնորդվել եմ նաև այդ դասով ու այլոց հանդեպ սրտացավությամբ՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով խոցելի երեխաների խնդիրները: Մեկ անգամ իմ կյանքը փրկվել է բժիշկների նվիրյալ ջանքերով, և ես վստահ եմ, որ ոչ մի երեխայի կյանք չպետք է ընդհատվի նյութական միջոցների կամ մասնագիտական կարողությունների սղության պատճառով»,- գրել է Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Նա տեղեկացրել է, որ Արմեն Մարտիրոսյանի և մի խումբ մարդկանց կողմից հիմնվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, և թիմի կողմից հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է իր համար:

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է Հայաստանի ու Արցախի այն երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ:

«Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով:

Ահռելի գործ ունենք անելու, որը հնարավոր կդառնա միմիայն բոլորիդ շնորհիվ, յուրաքանչյուր աջակցությունը՝ լինի ֆինանսական, մասնագիտական, կամավորական, թե մեկ այլ տեսքով, չափազանց կարևոր է: Հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարցով կարող եք գրել Արմենին, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգնել հիմնադրամի նպատակների իրագործմանը: Մեզ համար կարևոր է, որ դուք այս ամենը համարեք ձեզնից յուրաքանչյուրինը, ձեզ համարեք այս հարթակի անբաժան մասը:

www.hfc.am կայքում հնարավորություն ենք ստեղծել նաև բաժանորդագրվելու և միանվագ ու ամսական պարբերական նվիրատվություններ կատարելու, որի միջոցով կարող եք Ձեր ներդրումն ունենալ կյանքի համար պայքարող երեխաներին ապրելու հնարավորություն տալու կարևոր գործում:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք: Վստահ եմ, որ միասին մեծ հաջողությունների ենք հասնելու՝ փրկելով ու բարելավելով բազմաթիվ երեխաների կյանքեր:

Շնորհավո՛ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը. թո՛ղ ոչ մի երեխա այլևս չտեսնի արհավիրքներ, զրկանքներ ու հիվանդություններ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան