Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:37 26-05-2021

Հայաստանը սահմանազատման փաստաթղթի առնչությամբ առայժմ որևիցե արձագանք չի ստացել

Սահմանազատման վերաբերյալ նոր աշխատանքային փաստաթղթի առնչությամբ Հայաստանը ներկայացրել է երկու առաջարկ և դրանից հետո ոչ մի արձագանք չի ստացել:Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք Փաշինյանը պատրաստվում է ստորագրել այդ փաստաթուղթը:

«Ես հայտարարել եմ, որ չկա այդպիսի տարբերակ, որ մենք որևէ փաստաթուղթ ստորագրենք առանց զորքերի դուրսբերման: Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կամ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կամ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է, թե քանի օրվա ընթացքում և ուր են դուրս գալիս, որտեղից են գնում Ադրբեջանի զորքերը: Դեռ այն ժամանակ, երբ փաստաթուղթը չէր հրապարակվել, չէր արտահոսել, մենք երկու գրավոր առաջարկ ենք ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ, և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե Ադրբեջանի զորքերը որ կոորդինատներից անդին պետք է լինեն: Այդ պահից սկսած ոչ մի արձագանք չենք ստացել: Այսինքն՝ այդ պահից սկսած որևէ նոր բան տեղի չի ունեցել»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ այդ փաստաթղթի հետ կապված որևէ այլ բան տեղի չի ունեցել:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից անդին, այլ տարբերակ չկա, չի քննարկվում և չի կարող քննարկվել:

Փաշինյանը նաև նշեց՝ չգիտի, թե ում հետ է համաձայնեցված Ադրբեջանի այդ ծրագիրը: Վարչապետի պաշտոնակատարը ենթադրում է, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել: «Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը, բայց քանի որ կոնկրետություն չկա, մենք այդ ուղղություններով պետք է աշխատենք: Եվ անհրաժեշտության դեպքում, երբ ունենանք հիմնավոր տեղեկություն, որ ինչ-որ միջազգային սուբյեկտների հետ այդ ծրագիրը համաձայնեցված է, պետք է նաև մեր ժողովրդին բաց, հրապարակային ասենք: Եվ գուցե պետք է մեր ժողովրդին բաց հրապարակային ասենք վերջին 3,4,5, գուցե 10 տարվա իրադարձությունների մասին: Աղմուկի մեջ շատ կարևոր է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ վերջին 15 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

Այս փուլում Հայաստանը շարունակում է աշխատել ՀԱՊԿ գործընկերների հետ, առաջիկայում սպասվում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի այցը ՌԴ: «Եվ մենք կարծում եմ, որ որոշ հարցերի պատասխան պետք է ստանանք և շարունակենք խորացնել մեր համագործակցությունը՝ ՀԱՊԿ մեր գործընկերների և անվտանգային թիվ մեկ դաշնակից ՌԴ-ի հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելի վաղ՝ մայիսի 20-ին, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,- հավելել էր նա:

Ձեզ գուցե հետաքրքրի