Ներքին 5 տարի առաջ - 22:15 21-05-2021

Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը. Արա Այվազյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ԵԽ Նախարարների կոմիտեի 131-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի քայլերի նկատմամբ միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարականության հետ կապերի վարչությունից, Այվազյանն ասել է.

«Պարոն Նախագահ, հարգելի նախարար Մաաս,

Գերմանիան Նախարարների կոմիտեի նախագահությունն իրականացրեց դժվարին ժամանակաշրջանում` հիմնականում պայմանավորված ձգձգվող և կաթվածահար անող համաճարակով: Ես միանում եմ նախորդ բանախոսներին՝ գնահատելով այս մարտահրավերներին դիմակայելու Ձեր երկրի ջանքերը:

Պարոն նախագահ,

Ողջունում ենք Գլխավոր քարտուղարի պատրաստած «Ռազմավարական շրջանակ» փաստաթուղթը, որն ամուր հիմք է կազմակերպության երկարաժամկետ տեսլականի և շարունակական բարեփոխումների համար: Գլխավոր քարտուղարին շնորհակալություն ենք հայտնում նաև տարեկան զեկույցի համար, որտեղ ճշգրիտ գնահատականներ են տրվում Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության իրավիճակին:

Պարոն Նախագահ, ընթացիկ տարին նշանակալի է Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի հանգամանքով: Այդ տարիների ընթացքում Եվրոպայի խորհուրդը նպաստել է և շարունակում է նպաստել Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը: Մենք հաստատակամ կերպով հավատարիմ ենք Եվրոպայի խորհրդի գաղափարներին և արժեքներին։

Սակայն, մյուս կողմից, եվրոպական ժողովրդավարական անվտանգության առավել լայն համատեքստում մենք ականատեսն ենք այդ արժեքների անկման և բարոյական պարտության:

Անցյալ տարի Ադրբեջանն արյունալի պատերազմ սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ: Պատերազմն ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումներով: Այդ խախտումները պատշաճ կերպով փաստագրված են ո՛չ միայն հայկական, այլև՝ միջազգային աղբյուրներում, այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և Freedom House-ը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ հարյուրավոր գերեվարված անձանց առնչությամբ, որոնց գերության փաստն այդ երկիրն ընդունել է` պահանջելով նրանց մասին տեղեկատվություն, ինչը, սակայն, չի ստացել: Դատարանն անգամ հրապարակային ծանուցմամբ Նախարարների կոմիտեին տեղեկացրել է, որ Ադրբեջանը չի համագործակցում: Իր խորը մտահոգությունն է հայտնել նաև ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը՝ վերջին լիագումար նստաշրջանի ընթացքում: Հրաժարվելով վերադարձնել դեռևս պատանդառության մեջ գտնվող ռազմագերիներին` Ադրբեջանը մինչ օրս շարունակում է իրագործել միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների խախտումներ:

Մենք կարևոր դեր ենք վերապահում Եվրոպայի խորհուրդին՝ Արցախում պատերազմի կործանարար հումանիտար հետևանքների հասցեագրման գործում, ներառյալ՝ տեղահանության, մշակութային և կրոնական կոթողների ավերման, հարյուրավոր ռազմագերիների ու խաղաղ բնակիչների շարունակվող պատանդառության հարցերում: Կարծում ենք` Նախարարների կոմիտեն պետք է բազմապատկի իր ջանքերն այս ուղղությամբ, այդ թվում՝ իր լիակատար աջակցությունը ցուցաբերելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, ԵԽԽՎ-ին, Մարդու իրավունքների հանձնակատարին և այլ իրավասու մարմիններին: Մինչ այժմ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների բացահայտ խախտումներին Նախարարների կոմիտեի պատասխանը համարժեք չի եղել:

Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումներին կոշտ պատասխանի բացակայությունն Ադրբեջանին խրախուսեց նույն քաղաքականությունը վարել Հայաստանի Հանրապետության նկատմամբ՝ փորձ կատարելով գրավել սահմանամերձ տարածքներ և տեղի բնակչությանը զրկել իր ապրուստի միջոցներից:

Պարոն նախագահ,

Եվրոպայի խորհուրդը հիմնվել է՝ իր անդամ պետությունների միջև ավելի մեծ միասնություն հաստատելու նպատակով: Այս առումով, Եվրոպայի խորհրդին հաջողվել է մեկ հարկի տակ համախմբել գրեթե ողջ Եվրոպան և մշակել տարբեր ոլորտներում անդամ պետությունների միջև համագործակցությունն ուղենշող իրավական չափանիշներ: Այնուամենայնիվ, որոշ անդամ պետությունների միջև կա խորը անդունդ: Եվ քանի դեռ դաժան ոճրագործություններ իրագործողներին թույլատրվում է հավասար հիմքերով գտնվել նրանց հետ, ովքեր շարունակում են հավատալ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին, այդ անդունդը միմիայն խորանալու է: Եթե մենք նոր լիցք չհաղորդենք ողջ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգությունը երաշխավորելու մեր ջանքերին, Եվրոպայում ավելի մեծ միասնության մեր կարևորագույն նպատակը կմնա պատրանք, և հատկապես` նրանց համար, ովքեր ապրում են հակամարտությունների և առճակատումների գոտիներում:

Շնորհակալություն»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների