Երևան +18°
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:22 20-05-2021

Եվրախորհրդարանը պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները

Եվրախորհրդարանի լիագումար նիստում այսօր 607 կողմ ձայնով ընդունվեց Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների վերադարձի հետ կապված բանաձևը: Վերջին պահին բանաձևում լրացում է կատարվել՝ ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության:

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 607 պատգամավոր, դեմ է հանդես եկել 27-ը, ձեռնպահ մնացել՝ 54 խորհրդարանական:

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ռազմագերիների թեմայով քննարկման պահանջով հանդես էին եկել մի քանի տասնյակ եվրոպացի պատգամավորներ:

Հավասարության հարցերով ԵՄ հանձնակատար Հելենա Դալլին եզրափակիչ հայտարարություն է արել: Նա նշել է, որ Բաքվի կողմից անազատության մեջ պահվող բոլոր հայ անձանց ազատ արձակումը կարևոր է փոխվստահության ամրապնդման տեսանկյունից, և կարող է էական քաղաքական նշանակություն ունեցող քայլ հանդիսանալ: Ըստ Դալլիի, Եվրոպական միությունը որդեգրել է հստակ դիրքորոշում՝ նշելով, որ բազմիցս հորդորել են երկու կողմերին՝ ամբողջությամբ կյանքի կոչել հրադադարի պայմանագիրը:

«Նրանց հորդորել ենք նաև փոխանակել ռազմագերիներին և ազատել անազատության մեջ պահվող բոլոր անձանց՝ անկախ նրանց գերևարման հանգամանքներից՝ միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին և հրադադարի համաձայնագրի պահանջներին համապատասխան:

Եվրոպական միությունն ակնկալում է երկու կողմերից համագործակցթյուն ոչ միայն պահվող անձանց ազատ արձակման, այլ նաև այլ կարևոր հումանիտար հարցերի շուրջ:

Ընդունված բանաձևում ասվում է, որ Եվրոպական Խորհրդարանն այն ընդունում է՝ հաշվի առնելով

Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր նախկին բանաձևերը, 2020թ. դեկտեմբերի 17-ի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը և 2020թ. դեկտեմբերի 18-ի ԵՄ-Ադրբեջան գործընկերության խորհուրդը և նրանց համապատասխան եզրակացությունները, ՄԱԿ Կանոնակարգը, ՄԱԿ` խոշտանգումների դեմ կոնվենցիան, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և Ժնևի` 1949թ. օգոստոսի 12-ի Ռազմագերիների հետ վարվելակերպի վերաբերյալ կոնվենցիան, վերջին հակամարտությունից հետո գերիների ու ձերբակալված անձանց վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, Human Rights Watch կազմակերպության մարտի 19-ի զեկույցը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 5 հայտարարությունները ՄԻԵԴ-ի կողմից Եվրոպայի նախարարների կոմիտեի Խորհրդին 2021թ. մարտի 9-ին ուղղված հաղորդագրությունը՝ ռազմական հակամարտության վերաբերյալ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու մասին, ԵՄ Գործընթացների Օրենքների 144-րդ Օրենքը.

Կառույցը գտնում է, որ.

Ա. քանի որ 1988-1994թ. տեղի ունեցած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից ի վեր միջազգային հանրությունը փորձել է երկար տևած ժամանակահատվածում բազմակողմանի խաղաղության հասնելու լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջոցով,

Բ. քանի որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմ սկսվեց, որը սանձազերծվել էր Ադրբեջանի կողմից, և ռազմական գործողություններն ավարտվեցին 44 օր անց Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքված հայտարարությունով

Գ. քանի որ հրադադարի մասին եռակողմ հայտարարության 8-րդ կետը սահմանում է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, գերիների և գերեվարված այլ անձանց փոխանակում, ինչպես նաև աճյունների փոխանակում, և այդ փոխանակումները պետք է իրականացվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի համաձայն,

Եվրախորհրդարանը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած վերջին պատերազմի ընթացքում իրականացված բռնությունները, ցավում է զոհերի ընտանիքների համար, դատապարտում է հրադադարի խախտումները, ինչը հանգեցրել է մարդկային կյանքերի կորուստի, ավերածությունների ու ֆիզիակական տառապանքի: Բանաձևում նաև անհանգստացնող է որակվել անհետ կորած անձանց ճակատագիրը, ինչը, ըստ կառույցի, կարող է բռնի անհետացում լինել:

Այս բանաձևով ԵԽ-ն պահանջում է հակամարտության ընթացքում և դրանից հետո ձերբակալված բոլոր հայ գերիների՝ ռազմական և քաղաքացիական անձանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը՝ հիշեցնելով, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը և Ադրբեջանի կառավարությանը հորդորում է տրամադրել զինված հակամարտության հետ կապված՝ իրենց մոտ գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տեղեկություններ տրամադրել նրանց գտնվելու վայրի և առողջության վիճակի մասին:

Փաստաթղթով ԵԽ-ն նաև պահանջում է, որ Ադրբեջանի կառավարությունը հարգի իրավական երաշխիքները, թույլատրի փաստաբանների, բժիշկների, իրավապաշտպանների մուտքը հայ բանտարկյալների մոտ, առավել հաճախակի ու գյուրին դարձնի նրանց շփումը հարազատների հետ, ինչպես նաև Ադրբեջանից պահանջում է ձեռնպահ մնալ խոշտանգումներից ու բռնությունից, համագործակցել Եվրոպական դատարանի հետ:

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոն-Թրաուբադելը նշել է, որ Ադրբեջանի նախագահը «աննախադեպ հաղթանակ» է համարում հակառակորդ կողմին նվաստացնելը Հաղթանակի զբոսայգիներում և նրանց սահմանները խախտելով, ինչը միայն ընդլայնում է բռնությունների շրջանակը:

ԵԽ լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչուսը նշել է, որ պատերազմից հետո ամեն հնարավորը պետք է արվի խաղաղ համակեցության, ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ազատ արձակման համար:

Իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան նշել է, որ Ադրբեջանում սպանում են հայ ռազմագերիներին՝ պատերազմական հանցագործություն անելով: Ադրբեջանը, ըստ պատգամավորի, պետք է հավատարիմ լինի հրադադարի հայտարարության՝ ռազմագերիների մասին կետին ու նաև դադարեցնի ներխուժել ՀՀ սահմաններից ներս:

Նման կարծիքներ են հայտնել ելույթ ունեցած պատգամավորների ծանրակշիռ մեծամասնությունը՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանին ու պահանջագրեր ներկայացնելով: Գրեթե բոլոր ելույթները դատապարտել են հայ գերիներին մինչ օրս պահելու Բաքվի քայլը:

Եվրախորհրդարանի այս լիագումար նստաշրջանը հերթականն է, մեկնարկել է մայիսի 17-ին և կավարտվի մայիսի 21-ին, արդյունքների մասին հայտարարություն կլինի մայիսի 22-ին։

Վեհաժողովի լիագումար նիստում կամ մշտական հանձնաժողովի կողմից քննարկվող զեկույցների մեծամասնությունը կազմված է հանձնաժողովի կողմից:

ԵԽ-ն օրենսդրական մարմին չէ։ Այն քննարկումների անցկացման մարմին է՝ բաղկացած յուրաքանչյուր պետությունից որոշակի քանակով ներկայացուցիչների թվից, որոնք ազգային խորհրդարանների անդամ են և վերջիններիս կողմից ԵԽԽՎ անդամ են նշանակվել ։

Եվրոպական խորհրդարանի բանաձևերը դեկլարատիվ բնույթ ունեն, բայց Եվրամիության մյուս կառույցները փոխկապակցված են և պետք է ականջալուր լինեն Եվրոպական խորհրդի պատգամավորների կարծիքին։