copy image url
Խոսք 2 տարի առաջ - 12:43 19-05-2021

Քարոզարշավի ընթացքում շրջանառվող գումարները մեր տնտեսության վրա ազդեցություն չեն ունենա․ Աշոտ Մարկոսյան

Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը, տարեսկզբից սկսած, գրեթե չի տարբերվում անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Սա, թերևս, պայմանավորված է համաճարակով և հետպատերազմյան վիճակով։ Սակայն հենց այս տարվա սկզբից՝ վերջին մեկ ամսվա ընթացքում, անհամեմատ արագ աճեց մթերքի գինը, ու սրան զուգահեռ սկսեց դրամի արժևորումը։ Դրամի արժեքն ապրիլի սկզբի (ապրիլի 8՝ 1 դոլարը՝ 537 դրամ) համեմատ աճել է․ այսօր մեկ դոլարն արժե 521 դրամ։ Դրամի արժևորման, Հայաստանում առկա տնտեսական վիճակի և նախընտրական փուլում շրջանառվող գումարների ազդեցության մասին խոսել ենք ԵՊՀ նորարարության տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսագետ, տ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի հետ։

- Ի՞նչ է նշանակում տնտեսական ճգնաժամ, և արդյոք Հայաստանում հիմա այն կա։

- Միջազգային եզրաբանությամբ ճգնաժամի չափանիշը տնտեսական աճի ցուցանիշն է։ Այսինքն՝ եթե երկրում 2 եռամսյակ տնտեսական աճի ցուցանիշը նվազում է, երկիրը համարվում է ճգնաժամի մեջ։ Ճգնաժամի ցուցանիշը տնտեսական անկումն է։ Հիմա երբ նայում ենք այս չափորոշիչին, տեսնում ենք, որ Հայաստանում տնտեսական անկում չկա։ Ավելին՝ կա աճ։ Եթե 2021 թվականի առաջին եռամսյակը համեմատենք 2020 թվականի առաջին եռամսյակի հետ, կտեսնենք, որ կա տնտեսական աճ, քանի որ 2020 թվականին սկսվեց համաճարակը։ 2020 թվականին Հայաստանի տնտեսության համար մենք ունեցանք երկու զարհուրելի արհավիրք՝ մեկը համաշխարհային բնույթի՝ կորոնավիրուս, երկրորդը՝ պատերազմը։ Պատերազմը ցանկացած երկրի համար ֆորս-մաժոր է։ Այս երկու գործոններն իրոք ծանրացրել են մեր վիճակը։ Եթե համեմատենք այս տարվա առաջին եռամսյակն անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ, աճ կնկատենք, իսկ եթե համեմատենք 2019 թվականի առաջին եռամսյակի հետ, պատկերը փոխվում է։ Սակայն միջազգային հարաբերություններում ընդունված է համեմատությունն իրար ետևից անել՝ շարունակաբար։

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված կտրուկ գնաճը։

- Գների աճ իրոք նկատվել է։ Սակայն եկեք հասկանանք, թե որն է բուն պատճառը․ դա միայն Հայաստանի՞, թե՞ համամոլորակային խնդիր է։ Տեղեկացնեմ, որ հատկապես վերջին ուսումնասիրություններից մեկի համաձայն՝ սննդամթերքի գները 90-ականներից մինչ օրս ավելի քան 4 անգամ բարձրացել են։ Եվ երկրորդը՝ վերջին 6 տարում հատկապես անհամեմատ ավելի արագ աճել են մի շարք սննդամթերքների գները, օրինակ՝ բուսական յուղը՝ ավելի քան երկու անգամ։ Ո՞րն է պատճառը․ պատճառները երկուսն են։ Առաջինը՝ բնակչության թվի աճը, երկրորդը՝ սննդամթերքի շատ տեսակներ, օրինակ՝ եգիպտացորենը, հատիկավորների մի մասը, օգտագործվում են օրգանական վառելիք ստանալու համար։ Առաջարկը սննդամթերքի շուկայում պակասում է, ինչի արդյունքում գները բարձրանում են։

- Ի՞նչ է արվում գների տատանումը կայունացնելու համար, և ո՞վ պիտի զբաղվի դրանով։

- Պետք է նկատի ունենալ, որ դրամավարկային քաղաքականությունը Կենտրոնական բանկի վերահսկողության տակ է։ Նա կարողանում է կարգավորել այս երևույթը՝ մասնավորապես շրջանառության մեջ դնելով տարբեր գործիքներ։ Խոսքը, օրինակ, դրամ-դոլար փոխարժեքի մասին է։ Հայաստանում հիմնականում գործ ունենք դրա հետ։ Մի ժամանակ, եթե հիշում եք, մեկ դոլարն արժեր 530-ից ավելի, հիմա կարծես պակաս է։ Հենց փոխարժեքի կարգավորումը մեր Կենտրոնական բանկի հիմնական գործառույթներից մեկն է, և նա դրա համար պատասխանատու է։ Գների բարձրացման արդյունքում մեր եկամուտները սկսում են նվազել։ Այստեղ հարցը հարաբերակցությանն է վերաբերում․ թե դրսի ազդեցություններն ինչ չափով կարող ենք չեզոքացնել կամ նվազեցնել։ Անցած տարի մեր ներմուծումը կազմել է 4․6 միլիարդ դոլար, իսկ արտահանումը՝ 2․5։ Այս ներմուծվող ապրանքի գների ազդեցությունը մեզնից անկախ է։ Գոյություն ունեն փոքրիկ տեղային խնդիրներ, որոնք ԿԲ-ն փորձում է կարգավորել, օրինակ, դրամ-դոլար փոխարժեքի կայունացմամբ։

- Արդյո՞ք նախընտրական քարոզարշավի ժամանակ շրջանառվող գումարները որևէ ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա։

- Սրանք արտահերթ ընտրություններ են, որոնց քարոզարշավն ընդամենը 11 օր է տևելու։ Այդ ժամանակահատվածը բավականին կարճ է գումարի շրջանառության ազդեցությունը զգալու համար։ Ինչքան տեղյակ եմ, ԿԲ-ն այսօրինակ քաղաքական անցուդարձին չի մասնակցում։ Ինչ վերաբերում է այս կամ այն անհատների ֆինանսավորմանը, ծախսած գումարներին, դրանք այն գումարները չեն, որ ազդեն մեր շուկայի վրա։ Նրանց իրականացրած գումարային շրջանառությունը մեր տնտեսության համար ոչ մի էական նշանակություն չի ունենա։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
21:50 Մենք շատ ուրախ ենք, որ Փաշինյանը մեր գյուղի տեղը չիդե, թե չէ վաղուց հանձնած կեղներ. Բյուրակնի բնակիչ