Երևան +21°
copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 15:35 09-02-2021

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՄԱՅՐԸ ԽՈՍԵԼ Է ՈՐԴՈՒ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մայրը՝ Սեդա Արոնովան, Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով որդու շուրջ ստեղծված իրավիճակին:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Որոշել էի չարձագանքել որդուս՝ Լևոն Արոնյանի դեմ համազգային անտեղի ու լկտի տվայտանքներին՝ որպես ազգադավ մարդու:

Եթե Լևոնը մեղադրվում է Հայաստանի գումարները «լափելու» մեջ, տեղեկացնեմ, որ որպես թիմի կապիտան, նա ստանում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ աստղաբաշխական գումարների մասին տեղեկատվության վերաբերյալ նշեմ, որ դրանք նրան չեն եղել հասցեագրված:

Դրանք փոխանցվել են Հայաստանի շախմատի ֆեդերացիային հատուկ սերվերից օգտվելու թույտվության ձեռքբերման նպատակով, և այդ սերվերից օգտվել է ոչ միայն ինքը:

Ի դեպ, սերվերից օգտվելու թույլտվությունը դադարեցվել է 2020 թ.-ից:

Իսկ այ Լևոնի նվիրաբերած գումարների և բարեգործության մասին, չգիտես ինչու, ոչ ոք չի գրում: Ես նույնպես զերծ կմնամ նրա կողմից բարեգործական նպատակներով պարբերաբար փոխանցված գումարների չափը հրապարակելուց:

Նշեմ միայն, որ հատուկ Արցախին օգնելու նպատակով ընդունել է հրավերներ, օրինակ, դասախոսություն է կարդացել ԱՄՆ-ի բասկետբոլի ասոցիացիայի համար, որից ստացված ողջ գումարը փոխանցել է Հիմնադրամին:

Լևոնը, ի նպաստ Հայաստանի և Արցախի, բարեգործություն է անում ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ օգտագործելով իր հեղինակությունն աշխարհում. նրա հորդորով աշխարհի տարբեր երկրներից օտարերկրացի ընկերները պատերազմի ընթացքում մեծ գումարներ են փոխանցել Համահայկական հիմնադրամին:

Նշում եմ ընդամենը մեկ երկիր, վերլուծությունը թողնում եմ ձեզ. միայն Բուլղարիայից ազգությամբ ոչ հայ ընկերների կողմից փոխանցվել է ավելի քան 30 000 եվրո:

Լսե՞լ էիք, իհարկե ո՛չ, քանի որ նպատակը երբեք գովազդը չի եղել: Նշեմ նաև, որ Լևոնի և Գաբրիել Սարգսյանի ջանքերով ստեղծվել և գործում էր գրոսմայստերական դպրոց, որը 2018 թ.-ին փակվեց` համարվելով ավելորդ:

Արդյունքում մարզիկները սփռվեցին աշխարհով մեկ, որոնցից այդ դպրոցի մարզիչ գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի դիակը անցյալ տարի Ղազախստանից տեղափոխվեց Հայաստան:

Այսօր գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը մարզում է ԱՄՆ-ի, Հրանտ Մելքումյանը՝ Ավստրալիայի, Սերգեյ Մովսիսյանը՝ Չեխիայի երեխաներին և այլն, իսկ երիտասարդ հայ գրոսմայստերների համար մարզման վայր է Լևոն Արոնյանի բնակարանը:

Այս պահին Լևոնը գտնվում է Հայաստանում և հաջողությամբ խաղում է ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՈՇԻ ներքո, սակայն ոչ մի լրատվամիջոց՝ ոչ ընդդիմադիր, ոչ իշխանամետ, նրա հաղթանակները չի լուսաբանում:

Պատվերը ակնհայտ է: Ի հավելումն այս ամենի նշեմ, որ Լևոնը հազարապատիկ ավել վարձատրությամբ այլ երկրների հավաքականներում հանդես գալու բազմաթիվ առաջարկներ է ստացել և ստանում:

Մինչ այժմ հրաժարվել է դրանցից, թե ինչ որոշում կկայացնի այս անգամ, տեսնելով այս համազգային հոգեխանգարմունքը, չեմ կարող ասել:

Ձեր չստացված կյանքի համար ոչ ոք մեղավոր չէ, դադարեցրեք քննադատել տաղանդավոր գրոսմայստերին՝ փորձելով նրան ներկայացնել որպես հայրենիքն ու ընտանիքը ուրացողի: Խնդրում եմ նկատեք, որ Լևոնի մասնակցությունը Հայաստանի շախմատային կյանքին ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի փիառի համար չէր, դա աշխարհում Հայաստանի վարկանիշի և պատվի համար էր:

Համաշխարհային հանրությունը այս հաղթանակներով Հայաստանն էր գնահատում, ոչ թե ֆեդերացիայի նախագահին, բավական է որդուս պատմական ձեռքբերումները քաղաքականացնեք:

Ի դեպ, օլիմպիական չեմպիոնները «նախկին» չեն լինում: Իսկ թե ով է իրականում Արոնյանը, ինչ է արել մեր երկրի համար, բնակչության «ամենագետ» սկլեռոտիկ հատվածի համար հիշեցնում եմ հայ ազգի փառավոր էջերից մի քանիսը.

Ստամբուլում թուրքերին հարկադրաբար ոտքի կանգնացնելը Հայաստանի Օրհներգի հնչյունների ներքո՝ 2012 թվականի համաշխարհային շախմատային օլիմպիադայի փակմանը Հայաստանի հավաքականի հաղթանակի առթիվ: Լևոնի առաջնորդությամբ 2006, 2008, 2012 թթ. պատմական հաղթանակների շնորհիվ ՝ Հայաստանը դարձավ եռակի օլիմպիական չեմպիոն, իսկ 2010թ. –ին՝ աշխարհի թիմային չեմպիոն: Արդեն 15 տարի է Լևոնը ԱՇԽԱՐՀԻ լավագույն շախմատիստների տասնյակում է (այսօր իր գործակցով 5-րդն է), շախմատի ամբողջ պատմության մեջ համարվում է 4-րդը (Կարլսեն, Կասպարով, Կարուանա, Արոնյան-2835 գործակից): Լևոնը եզակի՝ կրկնակի աշխարհի գավաթակիր է, երկրորդ գավաթը նա նվաճել է Թբիլիսիում, որտեղ անցկացվող առաջնությունը ֆինանսավորում էր Ադրբեջանը և բնական է, որ հայ գրոսմայստերի հաղթանակը ցավոտ հարված էր նրանց համար:

Եվ վերջում, ուզում եմ նկատեք, որ մեր ազգից շատերն են փոխել իրենց ազգանունները՝ վերցնելով –ով, եվ, օղլու և այլ վերջածանցներ, իսկ որդիս, կիսով չափ հրեա լինելով, իր ազգանունը փոխել է հակառակ տրամաբանությամբ՝ Արոնով ազգանունը դարձնելով ԱրոնՅԱՆ:

Այսքանից հետո, բարոյականություն քարոզողներ, հասկանու՞մ եք ՈՎ ՈՒՄ է համարձակվում քննադատել: Ձեր տեսակով դուք վտանգ եք մեր հայրենիքի համար: Հիշեք «Կտոր մը երկինք» ֆիլմից հայտնի դարձվածքը «Չար լեզու ունենալն է անառակություն։

Ամենից շատ դիտված

23:50 Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ 66-ամյա Արմեն Ղազարյանը
15:02 Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ Yerevan.Today
11:15 Գյումրիի քաղաքապետը իր կողմից արված հայտարարությունից հետո աշխատանքի չի գալիս
08:57 Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների փակ նիստից․ Հրապարակ
16:00 Ոստիկանները հրել և գետնին են գցել Oragir.News-ի լրագրողին
22:08 Մահացել է ազգային, հայրենասիրական, ժողովրդական, աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
15:29 Արցախի նախկին ղեկավարները Ադրբեջան են տեղափոխվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ դեսպան
08:37 Դա կլիներ մեր վերջը․ Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին․ Հրապարակ
16:45 Ոսկեպարի հատվածում այս գիշեր Ադրբեջանին տարածքներ են հանձնվելու
20:47 Դիմակավորված ոստիկանները Իջևանի ճանապարհից բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն` Վահագն Մախսուդյանին։