Համաձայն Երևանի քաղաքային իշխանությունների կողմից շրջանառվող նոր նախագծի, մարզերից եկող ավտոմեքենաները պետք է կայանեն մայրաքաղաքի մուտքերի մոտ, իսկ քաղաքացիները տեղաշարժը շարունակեն հանրային տրանսպորտով։
«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը
Oragir.News-ի հետ զրույցում փաստեց՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրան աջակցող կոալիցիոն ուժերը արդեն 2-3 ամիս է, ինչ մշակում են այս նախագիծը և հիմա պարզապես կյանքի են կոչում այն։
Հարցին, թե արդյոք այս քայլով կլուծվի՞ մայրաքաղաքի խցանումների խնդիրը, ավագանու անդամն արձագանքեց․ «Ինչպես կարմիր գծերի վճարը 12 000-ից դարձրեցին 160 000 դրամ՝ խաբելով, թե խցանումների հարցն են լուծում, այնպես էլ հիմա է։ Դատարանն իրավաչափ ճանաչեց, 2 միլիարդ 100 միլիոն դրամ հավաքագրեցին, ու տեսանք, թե ինչպես են այդ գումարները բաշխում իրենց մեջ։ Փոխքաղաքապետն ու քաղաքապետերը հունվարի 1-ից մոտ 2 միլիոն դրամ աշխատավարձ են ստանալու»։
Գևորգ Ստեփանյանի համոզմամբ՝ նախագիծը ոչ միայն չի լուծելու խցանումների հարցը, այլև մարզերի բնակիչների համար վերածվելու է իսկական պատուհասի՝ խլելով նրանց ժամանակը, քայքայելով նյարդերն ու հասցնելով ֆինանսական լուրջ հարված։
«Եթե նախկինում ուսանողը մարզից 300 դրամով գալիս հասնում էր Մաշտոցի պողոտա և ոտքով գնում, օրինակ, Թատերական ինստիտուտ, ապա այսուհետ ստիպված է լինելու կրկնակի վճարել։ Մարզային տրանսպորտով հասնելու է միայն Երևանի մուտքի մոտ՝ վճարելով 300 դրամ, որտեղից բուհ հասնելու համար ներքաղաքային տրանսպորտին կտա ևս 150 դրամ։ Երեկոյան էլ նույն սկզբունքով հետ է վերադառնալու՝ դարձյալ վճարելով 150 դրամ։ Արդյունքում՝ օրական 300 դրամ ծախսող ուսանողի տրանսպորտային ծախսը կրկնապատկվելու է՝ դառնալով 600 դրամ»,- ներկայացրեց բանախոսը։
Իսկ թե քաղաքի մուտքերի մոտ արդեն պատրա՞ստ են համապատասխան կայանատեղիները, Գևորգ Ստեփանյանը փաստեց, որ Երևանում ոչ մի նոր կայանատեղի չի կառուցվել։ Նրա խոսքով՝ իշխանությունները պարզապես տեղադրելու են տեսախցիկներ, մարդկանց ստիպելու են կայանել որտեղ պատահի՝ խոստանալով, որ «հետո կսարքեն», իսկ այդ վայրերը, ըստ նրա, կդառնան «աջակցենք մետրոյի ճակատագրին» տարածքներ։
Ստեփանյանը նաև վստահություն հայտնեց, որ այդ կայանատեղիները միանշանակ լինելու են վճարովի՝ հավելելով․ «Երևան քաղաքում անվճար մնացել է միայն կեղտոտ օդը»։
Բանախոսը շեշտեց, որ ստեղծված իրավիճակը հանրության կողմից տարիներ շարունակ տիրող լռության, հանդուրժողականության և ընտրություններին պասիվ մասնակցության ուղղակի հետևանքն է, ինչից էլ օգտվում է կառավարող քաղաքական ուժը։
Հասմիկ Մովսիսյան