Օղակաձև այգում գործունեություն ծավալող «Ֆլամինգո» և «Մերուժ և Կորյուն» ՍՊԸ-ների միջև տնտեսական վեճ է ծագել։
«Մերուժ և Կորյուն» ընկերության իրական շահառու, ԱԱԾ պետի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանի կինը՝ Հեղինե Հովհաննիսյանը (կամ նրա լիազորված ներկայացուցիչը), դիմել է դատարան՝ իրավահարաբերության ճանաչման ակտ արձակելու պահանջով։
Հատկանշական է, որ Հեղինե Հովհաննիսյանը նախկինում զբաղեցրել է թիվ 28 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը, որից ազատվել է «իշխանափոխությունից» հետո։ Ըստ Karg.am բիզնես ռեգիստրի տվյալների՝ Հեղինե Հովհաննիսյանը հանդիսանում է այս ընկերության ակտիվ հիմնադիրը։
Ընկերությունը դատական կարգով առերեսվում է «Ֆլամինգո» ՍՊԸ-ի հետ՝ Խանջյան 60 հասցեում (Օղակաձև այգի) գտնվող անշարժ գույքի ենթավարձակալության իրավահարաբերությունները պաշտոնապես ճանաչելու հարցով։
Oragir.News-ի հետ զրույցում, Միքայել Համբարձումյանը տեղեկացրեց, որ նշված հողատարածքը պատկանում է մասնավոր ընկերությանը՝ «Ֆլամինգո» ՍՊԻ-ին, որից էլ ենթավարձակալվել է:
«Ժամկետը լրացել է և այժմ այդ կապակցությամբ հայց է ներկայացվել: Դատարանը քննում է ըստ էության: Իրավական խնդիրն առկա է մասնավոր երկու կողմերի միջև»,- ասաց Համբարձումյանը՝ հավելելով, որ իրենց ընտանիքի որևէ անդամ պետական աշխատանքում ներգրավված լինելու ժամանակաշրջանում բիզնեսով չի զբաղեվել:
«Ես և ընտանիքս բիզնեսով երբեք չենք զբաղվել, կարելի է ասել՝ առ այսօր, այն մեր մոտ ցավոք չի ստացվում»,- եզրափակեց Միքայել Համբարձումյանը։
Հասմիկ Մովսիսյան