Պուտինն այլևս պատրաստ չէ քննարկել տարածքների փոխանակումը և նախկինի պես մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել ամբողջ Դոնբասը, գրում է Bloomberg-ը:
Ինչպես հայտնում է պարբերականը, ռուսական ղեկավարությունը մտադիր չէ Ուկրաինային վերադարձնել օկուպացված տարածքները: Խոսքը նախևառաջ Սումիի և Խարկովի մարզերի փոքր հատվածների մասին է, որոնք ամերիկացի միջնորդներն առաջարկում էին փոխանակել խաղաղ համաձայնագրի հասնելու համար, գրում է գերմանական Bild-ը:
Ռուսական կողմն ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել քննարկելու այդ տարբերակը, սակայն այժմ ԱՄՆ-ի հետ բանակցությունների ընթացքում Ալյասկայում ձեռք բերված ոչ պաշտոնական համաձայնությունները համարում է ուժը կորցրած: Կրեմլը ցանկանում է օկուպացված տարածքները պահել իրեն՝ որպես բուֆերային գոտի:
Բացի դրանից, Պուտինը նախկինի պես ձգտում է Դոնեցկի մարզի ամբողջական վերահսկողությանը: Ըստ ամենայնի, նա մտադիր է միայն դրանից հետո կրկին անցնել բանակցությունների: