Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող ամենից ոչ թափանցիկ կազմակերպություններից մեկը «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն է։
Ստրատեգիական այս հսկա կառույցում գրեթե բոլոր ղեկավար և անգամ միջին օղակի կադրերը քաղաքական-խնամի-բարեկամական որոշումների արդյունք են, ցանկը կարելի է ասել` անվերջ։
Սակայն առավել կարևոր է մեկ հարց. քանի՞ աշխատող է ձևակերպված «Գազպրոմ֊Արմենիա» ՓԲԸ֊ում, կամ ավելի ճիշտ քանի՞ հոգու անունով է դուրս գրվում աշխատավարձ։
Շատերը հիշում են, թե ինչպես Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո ՀՀԿ-ն համալրվեց 5000 անդամով, իսկ գեներալ Սեյրան Սարոյանը անկեղծանալով ասաց՝ «գազավիկներն են»։
Նյութը ծավալուն չդարձնելու համար բերենք մեկ փաստ. 2020 թվականի օգոստոսի 24֊ին, «Գազպրոմ-Արմենիան» տարածեց մի հաղորդագրություն, որը չէր կարող աղմուկ չբարձրացնել, բայց մատնվեց լռության։ Հայտարարվեց, որ շուտով 1000 աշխատող կկրճատվի։
Հազար աշխատող և ոչ մի ըմբոստություն, բողոք կամ տեղաշարժ։
Այս փաստը ավելի է ամրագրում այն կասկածը, որ «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ֊ի ենթադրյալ 7 հազար վարձու աշխատողների մի մասը «գոյություն չունի»։
Հատկանշական է, որ կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում առկա են հարյուրավոր թվային տվյալներ, բայց ոչ աշխատողների թվաքանակը։