Ռեալիթի աստղն ու SKIMS բրենդի հիմնադիրը նոր ֆոտոշարքով կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ընտրելով բրիտանացի դիզայների 2027 թվականի գարուն-ամառ հավաքածուի ամենահամարձակ նմուշներից մեկը։
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ ուշադրություն է գրավել իր համարձակ նորաձևության ընտրությամբ։ Ռեալիթի շոուների 46-ամյա աստղը սոցիալական ցանցերում հրապարակել է լուսանկարների նոր շարք, որտեղ ներկայանում է ծովափնյա անկաշկանդ, բայց միաժամանակ աչքի ընկնող կերպարով։
Ֆոտոշարքի գլխավոր շեշտադրումը բրիտանացի դիզայներ Մարկ Ֆասթի «Գարուն-ամառ 2027» հավաքածուի կիսաթափանցիկ մինի զգեստն է։ Կապտականաչավուն երանգով ստեղծված մոդելն առանձնանում է միահյուսված թելերից կազմված յուրօրինակ կառուցվածքով՝ հիշեցնելով նուրբ ցանց։ Գործվածքի բարդ համադրությունն ու լայն բացվածքները զգեստին հաղորդում են համարձակ բնույթ՝ ընդգծելով Քարդաշյանի կազմվածքը։
Բարձր օձիքով զգեստի վերին հատվածի թափանցիկ կառուցվածքը հակադրվում է կարճ, մարմնին կիպ նստող կիսաշրջազգեստին։ Կերպարը Քիմը լրացրել է նույն ոճով պատրաստված զանգվածեղ գործված ապարանջաններով։
Աստղը նախընտրել է բաց թողած երկար, մուգ մազերը, նուրբ վարդագույն երանգներով դիմահարդարումն ու բնական տեսքը՝ հրաժարվելով կոշիկներից և լուսանկարներում ներկայանալով ոտաբոբիկ։
Կադրերն արվել են սպիտակ ավազով լողափին՝ փիրուզագույն ծովի ֆոնին։ Լուսանկարների մի մասը խոշոր պլանով արված սելֆիներ են, որոնք հնարավորություն են տալիս առավել մանրամասն տեսնել զգեստի յուրօրինակ դիզայնը։ Ֆոտոշարքի վերջին կադրում Քարդաշյանը ներկայացրել է ամբողջական կերպարը։
Հրապարակումն անմիջապես արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Մեկնաբանություններում Քիմին համեմատել են ծովային աստվածուհու հետ՝ նրան անվանելով նաև նորաձևության իսկական թագուհի։
Նշվում է, որ լուսանկարները, ըստ ամենայնի, արվել են հոկտեմբերին՝ Քարդաշյանի՝ Ֆիլիպիններ կատարած ուղևորության ընթացքում։ Նա այնտեղ մեկնել էր ծննդյան տարեդարձը նշելու սիրելիի՝ «Ֆորմուլա 1»-ի յոթակի աշխարհի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ։
Իր նոր ֆոտոշարքով Քիմ Քարդաշյանը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ նորաձևության հարցում նախընտրում է համարձակ լուծումներն ու ուշադրության կենտրոնում հայտնվելու իր առանձնահատուկ ոճը։