Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:00 02-11-2026

Թբիլիսին կրակի մեջ է, թմրանյութով ԱԹՍ-ներ` Ադրբեջանի սահմանին, ՊԵԿ-ը միացրեց ԱԲ-ն. Ամփոփ լուրերվ

Oragir.News-ը ներկայացնում է նոյեմբերի 2-ի ամփոփ լուրերը:

Արտակարգ իրավիճակ Թբիլիսիի կենտրոնում․ խոշոր հրդեհ է բռնկվել մետրոյի կայարանի հարևանությամբ։ Վրաստանի մայրաքաղաքում այրվում է «Կայարանային հրապարակ» մետրոյի կայարանին կից հետիոտնային կամուրջը։ Ականատեսների նկարահանած կադրերում երևում է բարձրացող թանձր սև ծուխն ու բաց կրակը, որը պատել է տարածքը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական բազմաթիվ բրիգադներ, իսկ ոստիկանությունը շտապ սահմանազատել է ողջ տարածքը։ Սա ուղիղ սպառնալիք է մարդաշատ կենտրոնի համար, որտեղ այս պահին իրականացվում են ակտիվ հրդեհաշիջման աշխատանքներ։ Զոհերի կամ տուժածների վերաբերյալ տվյալները ճշտվում են»։

«Թող այդքան վստահ չլինի․ նա էլ 2018 թվականի Փաշինյանը չէ, որ մի կոչով հազարավոր մարդկանց փողոց հանի»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կոշտ պատասխան է տվել Փաշինյանի՝ ընդդիմության դեմ հանրային ճնշում առաջնորդելու սպառնալիքներին։ Պատգամավորը հայտարարում է հստակ․ ժողովուրդն իրենց մանդատ չի տվել կողմ քվեարկելու «Ալիևյան Սահմանադրությանը», իսկ Փաշինյանի ճնշումներն ընդամենը հակաօրինական քայլեր են հրահրելու։ Գրիգորյանի պնդմամբ՝ վարչապետն այսօր հենվում է բացառապես վարչական ռեսուրսի վրա, իսկ այդ ռեսուրսը փողոց դուրս չի գալու նոր Սահմանադրության համար։ «Նա պարզապես չափազանցված գերագնահատում է իր հնարավորությունները»,- եզրափակել է ընդդիմադիր պատգամավորը։

Ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտարարում է, որ «Հորադիզ» և «Գյոյթեփե» պահակետերում վնասազերծել է Իրանից ապօրինի թափանցած անօդաչու թռչող սարքեր։ Դեպքի վայրերի զննությամբ սահմանապահները հայտնաբերել են ահռելի քանակությամբ՝ ավելի քան 23 կիլոգրամ թմրամիջոց, որը փորձել են երկիր հասցնել ԱԹՍ-ների միջոցով։ 15․4 կիլոգրամն առգրավվել է «Հորադիզի», իսկ 7․5-ը՝ «Գյոյթեփեյի» հատվածում։ Սահմանային միջադեպի փաստով ադրբեջանական կողմն արդեն հետաքննություն է սկսել:

Իրանը հայտարարում է բոլոր կողմերի հետ բանակցությունների պատրաստակամության մասին։ Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպման ժամանակ Իրանի Անվտանգության խորհրդի փոխնախագահն արել է ուշագրավ հայտարարություն։ Թեհրանը պատրաստ է շփումների ու բանակցությունների բոլոր կողմերի հետ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։ Բայց սա միայն մեդալի մեկ կողմն է․ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան միաժամանակ զգուշացրել է՝ իրենք վճռականորեն պաշտպանելու են ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ դիմադրելով ցանկացած ճնշման։

Արհեստական բանականությունը՝ հարկեր հավաքելու ծառայության մեջ․ ՊԵԿ-ը դիմում է աննախադեպ քայլերի։ Ազգային ժողովում 2027-ի բյուջեի քննարկմանը ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ հարկային վարչարարության մեջ ընդլայնվում է արհեստական բանականության և թվային հետախուզության կիրառումը։ Միայն այս տարվա 9 ամիսներին ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջադրել է ռեկորդային՝ 91․4 միլիարդ դրամի լրացուցիչ պարտավորություն, ինչը 54.5 տոկոսով ավելի է անցած տարվանից։ Միևնույն ժամանակ, ուշագրավ թվեր են հնչել հիպոտեկի վերադարձի մասով․ 2027 թվականին եկամտային հարկի վերադարձին կհատկացվի ռեկորդային 122․6 միլիարդ դրամ։

Տեսանյութ: