Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կարգալույծ արված հոգևորականների (Արման Սարոյան, Արամայիս Թախմազյան և Ստեփան Ասատրյան) հայցերով դատական ակտերը շուրջ մեկուկես ամիս է՝ չեն հրապարակվում և հասանելի չեն դառնում կողմերին։
Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Զարուհի Նախշքարյանը՝ մեկնաբանելով գործող օրենսդրական կարգավորումները՝ հստակեցրեց, թե ինչպես պետք է գործընթացն իրականացվի ըստ դատավարական նորմերի՝ կախված գործի քննության ձևաչափից։
«Թղթային տարբերակով քննվող գործերով դատական ակտը, դատարանի սահմանած հրապարակման օրը տեղադրվելով Datalex համակարգում, կողմերին հասանելի է դառնում հաջորդ օրվանից։ Բացի այդ, ակտը կողմերին է ուղարկվում նաև թղթային տարբերակով։ Իսկ էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարության դեպքում դատական ակտն անմիջապես արտացոլվում է քաղաքացիական գործի էլեկտրոնային էջում»,- պարզաբանեց փաստաբանը։
Անդրադառնալով այն փաստին, որ կոնկրետ գործերով արձանագրվում են 1,5 ամսից ավելի ուշացումներ, Նախշքարյանն ընդգծեց, որ խնդիրն ունի խորքային և համատարած բնույթ ողջ դատական համակարգում։ Սակայն, ըստ նրա, մեղավորությունը ոչ թե առանձին դատավորների, այլ համակարգը համակարգող մարմնի տիրույթում է.
«Դեռևս 3-4 տարի առաջ, երբ ես գործող դատավոր էի, առաջարկել եմ նախ լուծել դատավորների ծանրաբեռնվածության հարցը, ապա նոր միայն նրանց պատասխանատվության ենթարկել ուշացումների համար։ Ուշացումների պատճառը ոչ թե առանձին դատավորների դաշտում է, այլ Բարձրագույն դատական խորհրդի, որը կոչված է ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը»,- ասաց նա։
Հարցին՝ դատական ակտի տեքստի ուշացումը կարո՞ղ է կողմերին զրկել վճիռը բողոքարկելու հնարավորությունից, Նախշքարյանը նշեց, որ թեև ակտի ուշացումը խոչընդոտում է ողջամիտ ժամկետում որոշակիություն ստանալուն և ընդհանուր բողոքարկման գործընթացին, քաղաքացու բուն բողոքարկման իրավունքը օրենքով չի խախտվում։
Խոսելով հատկապես կարգալույծ արված հոգևորականների գործերով դատական ակտերի ձգձգումների մասին՝ փաստաբանը մատնանշեց դատական համակարգում առկա ակնհայտ հակասական պահվածքն ու երկակի ստանդարտները։ Եթե գործը քննում են ԲԴԽ անդամ հանդիսացող դատավորներ, ապա նրանց պատասխանատվությունը կրկնապատկվում է. «ԲԴԽ անդամ հանդիսացող դատավորները պարտավոր են առաջին հերթին իրենք տեղավորվել օրենքով սահմանված ժամկետներում։ ԲԴԽ անդամ դատավորներն իրենք են այլ դատավորների պատասխանատվության ենթարկում ակտերն ուշացնելու համար, հետևաբար իրենք ևս պետք է խստորեն հետևեն ժամկետներին»,- արձանագրեց Նախշքարյանը։
Հաշվի առնելով գործերի զգայունությունը՝ մամուլում վարկած է շրջանառվում, որ ակտերի ուշացումն ունի քաղաքական ենթատեքստ և միտումնավոր բնույթ՝ Վեհափառ հայրապետի և եպիսկոպոսների պաշտպաններին մեխանիկորեն խանգարելու նպատակով։ Զարուհի Նախշքարյանը չբացառեց, որ ընդհանուր համակարգային խնդիրը կարող է ծառայեցվել կոնկրետ նպատակների. «Տեսականորեն չեմ բացառում այդ վարկածը։ Համատարած բնույթ կրող խնդիրը կարող է օգտագործվել որպես լծակ առանձին զգայուն գործերի դեպքում»,- եզրափակեց փաստաբանը։
Oragir.News-ը պարզաբանման համար կապ հաստատեց նաև Դատական դեպարտամենտի լրատվության ծառայության հետ։ Կառույցից, սակայն, հայտնեցին, որ այս պահին որևէ բան մեկնաբանել չեն կարող, իսկ թե երբ, ի վերջո, կհրապարակվեն նշված դատական ակտերը՝ դարձյալ մնում է անհայտ։
Հասմիկ Մովսիսյան