Մինչ այս բացառապես հայաստանցիներից բաղկացած «Նաիրի ինշուրանս» ապահովագրականի տնօրենների խորհուրդը համալրվել է ուզբեկ անդամով։
Ռուստամ Ազիմովը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին և դրանից հետո Ուզբեկստանի կառավարությունում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ։ Այս փոփոխությունը գուցե արվում է առաջիկա «ունեզրկման» գործընթացները միջազգային մակարդակի և հնչեղության բարձրացնելու նպատակով, քանի որ Քոչարյանների ապօրինի ծագման գույքերի դատավարությունները մոտենում են հանգուցալուծման։
Իսկ «Նաիրի ինշուրանսի» տնօրենների խորհրդի նախագահի և 40% բաժնետեր Վահագն Խաչատրյանի լուսանկարը կազմակերպության կայքում վերջապես հրապարակելուց հետո ի հայտ եկավ մի ուշագրավ պատմություն:
2012 թվականին հանդիսանալով «Նաիրի ինշուրանսի» բաժնետեր և խորհրդի անդամ՝ Խաչատրյանը ապօրինի հրազենի գործադրմամբ, խմբի կազմում, բացահայտ խուլիգանական դրսևորումներով, ցերեկվա ժամին Երևանի բակերից մեկում կանանց և երեխաների ներկայությամբ ծեծի է ենթարկել մի անձի, անկանոն կրակոցեր արձակել, հայհոյանքներ տեղացել... Արդյունքում Վ․Խաչատրյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման։