Հայաստանում ռիելթորների՝ անշարժ գույքի գործակալների գործունեությունը դառնում է լիցենզավորված՝ պաշտոնապես սահմանվել է ռիելթորի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման կարգը․ Կառավարությունը համապատասխան որոշումն ընդունել է իր վերջին նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։
Փաստաթուղթը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից, որն էլ հանդիսանում է ոլորտի լիազոր պետական մարմինը։
Այս քայլով, ըստ էության, գործադիրն ապահովում է Ազգային ժողովի կողմից նախկինում ընդունված «Ռիելթորական գործունեության մասին» օրենքի կիրարկումը։
Ըստ հիմնավորման՝ Կադաստրի կոմիտեն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ռիելթորական գործունեության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին, որը կազմակերպում և իրականացնում է ռիելթորի մասնագիտական որակավորումը։
Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ որակավորման քննություններն ընդունում է լիազոր մարմնի ստեղծած որակավորման հանձնաժողովը: