Ներքին Միտք 1 ժամ առաջ - 16:00 20-09-2026

Արցախ հայերի վերադարձի 3 ճանապարհները

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է։ Այս մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել է ԱՀ ԱԺ նախագահի ԺՊ Գագիկ Բաղունցը։

Իսկ ինչպե՞ս է հնարավոր հայերի վերադարձն Արցախ։ Այս մասին հանրային խոսույթում քննարկվում են 3 ճանապարհներ։

Մի քանի տարի առաջ քննարկվող 3 ուղիներից առաջինը՝ ԵՄ աջակցությամբ հարցի առաջ մղումն էր, երկրորդը՝ ռազմական ուղին, երրորդը՝ արցախցիների նախաձեռնությամբ հարցի բարձրացումը։ Ժամանակը որոշակի սրբագրումներ է արել, և ճանապարհները տեսականորեն փոփոխվել են։

Ներկայում առաջին և ամենաշատ քննարկվող ճանապարհը կապվում է Ռուսաստանի պարտության հետ։ Հույս կա, որ առաջիկայում Պուտինը կպարտվի պատերազմում, կստորագրի կապիտուլյացիա և հրաժարական կտա, Կրեմլում կձևավորվի նոր իշխանություն, որը կվերանայի Արցախի վերաբերյալ Պուտինի հակահայ դիրքորոշումը, Բաքվից կպահանջի ազատ արձակել հայ գերիներին և ապահովել հայերի հավաքական և անվտանգ վերադարձն Արցախ։

Այս ճանապարհը, սակայն, ռեալ չէ։ ՌԴ-ն նոր ղեկավար կունենա այս տարի կամ ինչ-որ ժամանակ անց։ Բայց գրեթե բացառվում է, որ Կրեմլն Արցախի հարցում դիրքորոշում կվերանայի։ Նույնիսկ հիմա ՌԴ-ն չի կարողանում ճնշել Բաքվին։ Դրանից զատ՝ ռուսական ուղին աշխարհի կողմից անընդունելի է։ Հետևապես՝ ռուսական գնացքով Արցախ հասնել գործնականում հնարավոր չէ։

Քաղաքական գործիչները գիտեն, որ Հայաստանի և Արցախի ղեկավարության ռուսամետ դիրքորոշումն է եղել Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի, պարտությունների, Արցախից հայերի բռնի տեղահանման պատճառը։ Արցախի ղեկավարների բանտարկման քաղաքական հիմնավորումը դարձյալ նրանց ռուսամետությունն է։ Հետահայաց ենթադրություն կա, որ եթե Արցախը 1995-2020-ին ցանկություն հայտներ դառնալ ԵՄ անդամ, անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա 2020-ի սեպտեմբերի 27-ին պատերազմ չէր սկսվի, Արցախը կմնար հայկական, ղեկավարներն էլ չէին բանտարկվի։

Երկրորդ ճանապարհն առնչվում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Նախնական մեծ պայմանավորվածություն կար, որ հումանիտար հարցերը, այդ թվում՝ Արցախ հայերի վերադարձի հարցը, քննարկվելու են խաղաղության ստորագրումից հետո։ Այդ մասին տարիներ առաջ ակնարկել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն հույս են հայտնում, որ առաջիկայում կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Եվ ակնկալելի է, որ երբ այն ստորագրվի, ապա Հայաստանը, արցախցիների ներկայացուցիչները, ԱՄՆ-ն, ԵՄ-ն կարող են քննարկել հայերի Արցախ հավաքական և անվտանգ վերադարձի հարցը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել հայերի վերադարձն Արցախ։ Այս պատճառով Բաքուն հնարավորինս ձգձգում է ստորագրումը։

Երրորդ ճանապարհն էլ պայմանավորվում է Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխությամբ։ Մի քանի տարի առաջ սա ամենաշատ քննարկվող տարբերակն էր։ Ներկայումս ՔՊ-ական իշխանությունը ռուսամետ կուրս է վարում, ԱԺ անցկացնում ռուսամետ ուժերի, կրավորական և կամազուրկ կեցվածք ընդունում։ Դրա արդյունքում Ադրբեջանը կարողանում է աշխարհին ապացուցել, որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, հայերը քաղաքականապես ռուս են, և Արցախ հայերի վերադարձը կնշանակի ռուսական ազդեցության վերականգնում տարածաշրջանում։ Այսպես Բաքուն շահում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի աջակցությունը Արցախի հարցում։

Այնինչ՝ աշխարհում և մեր երկրում շատերն են ակնկալում, որ Հայաստանը կարող է արտաքին կուրսը փոփոխել և դառնալ իրապես անկախ և ժողովրդավարական պետություն։ Հետևապես՝ ենթադրելի է, որ եթե ՀՀ-ն դառնա իրապես անկախ, ժողովրդավարական պետություն, ապա կփոխվի նաև միջազգային հանրության վերաբերմունքը ՀՀ-ի, Արցախի, հայերի նկատմամբ, և հնարավոր կլինի հայերի Արցախ վերադարձի հարցը առաջ տանել, հասնել արդյունքի։

Պարզ ասած՝ Արցախ հայերի վերադարձի հարցն առաջ չի գնում, քանի որ ՀՀ իշխանությունը մնացել է նույն ռուսական խարխուլ մակույկում։ Սակայն ողջամիտ լավատեսություն կա, որ առաջիկայում դրական փոփոխություններ կլինեն՝ քաղաքական համայնքից կմաքրվեն ռուսական ուժերը, խաղաղություն կլինի, և հայերը կվերադառնան Արցախ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

18:00 Նախկին մարզպետի որդին հայհոյանքներ է տեղացել, խաթարել «ՀԿԵ» ՓԲԸ աշխատակիցների անդորրը
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
21:25 Արայիկ Հարությունյանը ադրբեջանական բանտում՝ նոտարի ծառայությունից օգտվել է
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
22:16 Միլիոնների աստղին՝ ընդամենը 1 եվրո․ Քիմ Քարդաշյանի դատական գործի հանգուցալուծումը
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
21:00 Հայկական ֆենոմենը պիտի բացահայտեինք ու դարձնեինք պետական քաղաքականություն. Հրանտ Խաչատրյան

Ձեզ գուցե հետաքրքրի