Վերջին շրջանում մամուլում և հանրային տիրույթում ակտիվորեն քննարկվում է բանակում զինծառայողների (թե՛ պայմանագրային, թե՛ պարտադիր ժամկետային) ֆինանսական պարտավորությունների, մասնավորապես՝ վարկերի և պարտքերի կուտակման խնդիրը։
Ըստ ԶԼՄ-ների հրապարակումների՝ ֆինանսական ծանր դրությունը, երբեմն նաև ատեստավորման փուլը չհաղթահարելու հետևանքով եկամուտների կտրուկ նվազումը, զինված ուժերում դառնում են սուր հոգեբանական ճնշումների և ողբերգական միջադեպերի (ինքնասպանությունների) պատճառ։
Ըստ մամուլի հրապարակումներիի, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներքին կարգով հրահանգել է ստուգել զինվորականների վարկային պարտավորությունները։
Պայմանագրային զինծառայողներին հորդորել են (կամավորության հիմունքներով) ներկայացնել իրենց բանկային հաշիվների քաղվածքները՝ ռիսկային խմբերը հայտնաբերելու նպատակով Մեդիա հրապարակումները նշում են, որ այս քայլով նախարարությունը փորձում է կանխել բանակում ոչ մարտական պայմաններում գրանցվող ինքնասպանությունների աճը, որոնց հիմքում հաճախ ընկած է լինում մարդկանց ֆինանսական ծանր վիճակը, խաղային պարտքերը կամ վարկերի կուտակումը։
Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև զինծառայողներից բանկային քաղվածքներ պահանջելու վերաբերյալ տեղեկությունների շուրջ ՀՀ Պաշտպանության նախարարությունը պաշտոնական որևէ պարզաբանում կամ հաղորդագրություն չի տարածել։
Իրավիճակի իրավական և ֆինանսական կարգավորումները հասկանալու նպատակով
Oragir.News-ը հարցում էր ուղղել ՀՀ Կենտրոնական բանկին, ինչպես նաև Պաշտպանության նախարարությանը։
Ըստ Կենտրոնական բանկի պարզաբանման՝ ՀՀ-ում վարկավորման գործընթացը կարգավորող օրենսդրությամբ (ՀՀ Քաղաքացիական օրենսգիրք, «Սպառողական կրեդիտավորման մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքներ և ԿԲ ենթաօրենսդրական ակտեր) ժամկետային կամ պայմանագրային զինծառայողների վարկավորման վերաբերյալ որևէ տեսակի սահմանափակումներ սահմանված չեն։
Վարկ տրամադրող կազմակերպությունները (բանկեր, վարկային կազմակերպություններ, գրավատներ) որոշումները կայացնում են ինքնուրույն՝ ելնելով ռիսկերի կառավարման իրենց սեփական քաղաքականությունից և ներքին ընթացակարգերից։ Հարցմանն ի պատասխան Կենտրոնական բանկը պաշտոնապես հայտնել է. «Զինծառայողներին տրամադրված վարկերի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից առանձին տեղեկատվություն չի հավաքագրվում»։
Սա նշանակում է, որ ֆինանսական համակարգի կարգավորող մարմինը չի առանձնացնում և չի հաշվառում, թե ընդհանուր վարկային պորտֆելից որքանն է բաժին ընկնում բանակի ներկայացուցիչներին, ինչը գործնականում անհնար է դարձնում պետական մակարդակով զինվորականների ֆինանսական խնդիրների մասշտաբների համապարփակ գնահատումը։
Ամենախնդրահարույցը օնլայն եղանակով արագ միկրովարկերի ձևակերպման հարցն է, որից հաճախ փորձում են օգտվել նաև ժամկետային զինվորները (թեև զորամասերում սմարթֆոնների օգտագործումը կանոնադրությամբ արգելված է)։
ԿԲ-ն նշում է, որ առևտրային բանկերն առաջնորդվում են «ճանաչիր հաճախորդիդ» (KYC) սկզբունքով (հավաքագրելով տվյալներ հաճախորդի գործունեության բնույթի, ծավալների, եկամուտների վերաբերյալ՝ անմիջապես վարկառուից կամ վերջինիս համաձայնությամբ՝ այլ աղբյուրներից)։
Սակայն, կարգավորողը միաժամանակ փաստում է. «Վարկառուի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվության կարևորությունը ուղղակիորեն կախված է վարկատեսակից, վարկատեսակի պայմաններից, վարկ տրամադրողի ռիսկերի կառավարման քաղաքականությունից և ներքին ընթացակարգերի պահանջներից»։
Այս ձևակերպումը ցույց է տալիս, որ փոքր և արագ օնլայն վարկերի դեպքում, որտեղ ռիսկերի ստուգման ընթացակարգերը պարզեցված են, վարկային կազմակերպությունները կարող են առաջնային պլան չմղել հայտատուի՝ ժամկետային զինծառայող լինելու կամ չլինելու փաստը, եթե վերջինս համապատասխանում է համակարգի նվազագույն ավտոմատացված պահանջներին (կամ օգտագործում է մինչ ծառայությունը բացված վարկային գծերը)։
Ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ օրենքն ու իրականությունը չեն համընկնում: Զինծառայողն ունի վարկ վերցնելու լիարժեք իրավունք, բանկերն ազատ են՝ ում ուզեն վարկ տալ, իսկ Կենտրոնական բանկը նույնիսկ չի հաշվում, թե որքան պարտք ունեն զինվորականները։
Արդյունքում՝ պարտքերի պատճառով բանակում ծագող բոլոր խնդիրների ու ողբերգությունների դեմ Պաշտպանության նախարարությունը ստիպված է պայքարել մեն-մենակ՝ օգտագործելով միայն իր ներքին հրամաններն ու ստուգումները։
Հավելենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը սահմանված ժամկետում անպատասխան է թողել
Oragir.News-ի պաշտոնական հարցումը՝ զինծառայողների վարկային բեռի և բանկային քաղվածքների հավաքագրման վերաբերյալ։
Հասմիկ Մովսիսյան