Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 ժամ առաջ - 19:56 15-09-2026

Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է Ծավ բնակավայրի ջրում սնդիկի հայտնաբերման մասին, ավելին՝ նշվում է խմելու ջրում սնդիկի սահմանային թույլատրելի շեմը գերազանցելու մասին, բայց այդպես էլ չի հրապարակում կոնկրետ թվեր և չափաբաժիններ։

Նախարարության հաղորդագրության տակ մարդիկ մեկնաբանություններում խնդրում և պահանջում են ներկայացնել, թե ինչ չափաբաժնով է սնդիկը հայտնվել ջրի մեջ, սակայն պատասխանատուների կողմից՝ ոչ մի արձագանք։

«Ես կանխատեսել էի, որ այս բնակավայրերում լինելու են նման խնդիրներ. շուրջ երեք տարի իմ հարցազրույցներում բարձրաձայնում էի այդ մասին։ Այսօր մենք տեսնում ենք դրա հետևանքներից միայն մեկը։ Ջրի միջոցով տարածվող ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, և Առողջապահության նախարարությունն այս պահից սկսած պետք է մի կողմ դնի իր ամբիցիաները ու գործով զբաղվի։ Հակառակ դեպքում՝ սա դառնալու է ազգային անվտանգության խնդիր»,- Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով իրավիճակը, ասաց «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։

«Այս խնդրում պատասխանատուները մի քանիսն են. նախ՝ Առողջապահության նախարարությունը, ապա՝ համայնքապետարանը, որի հսկողության տակ են գտնվում այդ համակարգերը, և, վերջապես, Ջրային կոմիտեն, որը տարիներ շարունակ լռում է, թեև հենց ինքն է հսկում ամբողջ ջրային համակարգը։ Բացի այդ, Ծավը հանքարդյունաբերության հետ սերտ կապ ունեցող բնակավայր է, գյուղի մոտակայքում նման գործունեություն է իրականացվում։ Սա ենթադրում է, որ պետության կողմից պետք է իրականացվեր պարբերական հսկողություն, որի արդյունքում կտրվեին հստակ գնահատականներ։ Եթե կային խախտումներ, ապա անմիջապես պետք է տեղեկատվություն փոխանցվեր Տեսչական մարմնին և սկսվեին վերահսկողական գործողություններ։ Սակայն բոլորը լուռ են, և թվում է՝ այս դեպքն էլ կարող են պարզապես մոռացության տալ»,- նշում է նա։

Փորձագետի կարծիքով, պետական կառույցները դիտավորյալ չեն հրապարակում թվերը, որպեսզի մարդիկ չկարողանան գնահատել, թե սնդիկի մակարդակն որքան է, ու թե որքանով է վտանգավոր այդ թունավորումը։ Բայց եթե քաղաքացիներն արդեն իրենց աչքով տեսել են ջրի գույնի կամ որակի փոփոխությունը, զգացել են մետաղական համը, ապա դա ենթադրաբար խոսում է սնդիկի բավականին բարձր և ահազանգող ցուցանիշների մասին։

«Ստացվում է մի աբսուրդ իրավիճակ, երբ հասարակ քաղաքացին պետք է շատ ավելի զգոն, հետևողական ու պատասխանատու լինի սեփական առողջության ու անվտանգության հարցում, քան պետական ամբողջ համակարգն ու իր բոլոր մասնագիտացված կառույցները միասին վերցրած»,- ասում է մեր զրուցակիցը։

Պողոսյանի պնդմամբ՝ թվերը չհրապարակելը խորացնում է անորոշությունն ու մտահոգությունները քաղաքացիների շրջանում։

Բացի այդ, նա մատնանշում է իրավական նորմատիվների հետ կապված մի կարևոր խնդիր. «Մի տարօրինակ փաստ. երբ համեմատում եմ նոր նախագծվող նորմերը և ներկայումս գործող նորմատիվները, տեսնում եմ, որ նոր նախագծով կրկնակի ավելացվել է սնդիկի թույլատրելի չափաքանակը ջրի մեջ: Այսինքն՝ այն, ինչ նախկինում համարվում էր վտանգավոր, նոր չափորոշիչներով փորձում են դարձնել թույլատրելի։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ պետությունն իրավական նորմերն է փոխում, որովհետև մենք տարիների ընթացքում դառնալու ենք ավելի կայո՞ւն սնդիկի ու ծանր մետաղների հանդեպ, թե՞ պարզապես փորձում են օրինականացնել աղտոտվածությունը»։

Այսպիսով, ըստ Անուշ Պողոսյանի, պետությունն իր քաղաքացու հանդեպ սեփական պարտավորությունները կատարում է ծայրահեղ թերի։ «Բնակիչը ստանում է անհասկանալի, կյանքի համար վտանգավոր ջուր։ Այս կարճ ժամանակահատվածում մենք արդեն իսկ ունեցել ենք ջրի պատճառով առաջացած աղիքային ինֆեկցիաների բազմաթիվ դեպքեր։ Սա փաստում է մեկ բան. Հայաստանի Հանրապետության քաղաքացին այսօր սեփական երկրում ապահովված չէ տարրական կենսական անվտանգությամբ»,- ասում է նա։

Պողոսյանի համար խսիտ տարօրինակ է Առողջապահության նախարարության կոչը՝ «ունեք գանգատներ՝ դիմեք բժշկի»։ Նրա խոսքով՝ փոխանակ մարդկանց հստակ ինֆորմացիա և ուղեցույց տան, պետական կառույցները հաճախ պատասխանատվությունը մեկը մյուսի վրա են գցում։

«Ես ակնկալում էի, որ հստակ հայտարարությամբ հանդես կգա ՀՀ գլխավոր տոքսիկոլոգը, այլ ոչ թե Առողջապահության նախարարը, որը մասնագիտությամբ բժիշկ չէ։ Հայտարարում են՝ թե դիմեք բժշկի․ իսկ բժիշկներն ընդհանրապես տեղյա՞կ են, թե ինչպես պետք է վարվեն սնդիկի թունավորման դեպքում։ Կարծում եմ՝ հատկապես մարզային բժիշկները երբևէ դրանով չեն զբաղվել և համապատասխան վերապատրաստումներ էլ չեն անցել։ Փոխանակ գլխավոր տոքսիկոլոգը հայտարարություն անի, խոսում է նախարարը, որը մասնագիտությամբ բժիշկ չէ։ Որտե՞ղ է ՀՀ գլխավոր տոքսիկոլոգը»,- հարց է հնչեցնում Անուշ Պողոսյանը։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը երեկ փորձել էր կապ հաստատել Ծավ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ այլընտրանքային ջուր են այս պահին օգտագործում գյուղի բնակիչները, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել հարցերին։

Հարկ է հավելել նաև, որ Առողջապահության նախարարությունը մինչ այս պահը որևէ թարմ կամ ամբողջական տեղեկատվություն չի տրամադրել հանրությանը ստեղծված իրավիճակի և իրականացվող քայլերի մասին՝ շարունակելով քաղաքացիներին պահել անորոշության մեջ։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
22:25 Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
07:14 Տեղյա՞կ է Ժաննա Անդրեասյանը, որ հայ դպրոցականները հայատառ չեն գրում․ «Ժողովուրդ»
21:06 Էլիտայի համար իշխանությունը Երևանում ավելի կարևոր է եղել, քան ազգային խնդիրների կարգավորումը. Հմայակ Հովհաննիսյան
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
07:42 ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է․ «Ժողովուրդ»
21:18 Բենզինի գնի շոկ. Ռուսաստանի մասնաբաժինը շարունակում է նվազել. որոնք են նոր այլընտրանքները
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը