Ներքին 1 ամիս առաջ - 10:41 10-09-2026

ՇՄ նախարարի տեղակալն ու ՄԻՊ Անահիտ Ավանեսյանը հանդիպել են․ կձևավորվի համատեղ աշխատանքային օրակարգ

Սեպտեմբերի 9-ին Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչները` նախարարի տեղակալ Արա Մկրտչյանի գլխավորությամբ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մաքուր, առողջ և կայուն միջավայրում ապրելու իրավունքի պատշաճ երաշխավորմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Շրջակա միջավայրի նախարարության միջև համագործակցության զարգացման հնարավորությունները։

Արա Մկրտչյանն անդրադարձել է նախարարության կողմից իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։ Նա ընդգծել է, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության առանձնահատկություններն ու միջազգային պարտավորությունները՝ համապատասխան փոփոխություններ են կատարվել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ոլորտը կարգավորող օրենսդրությունում։

Կողմերը կարևորել են շրջակա միջավայրին առնչվող հարցերով հասարակական կազմակերպությունների՝ վարչական կամ դատական ընթացակարգերից օգտվելու համար ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների հնարավոր մեղմացումը, ինչպես նաև արդարադատության մատչելիության ապահովմանն ուղղված արդյունավետ մեխանիզմների ներդրումը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև բնապահպանական իրավունքների զարգացմանն ուղղված համագործակցության ընթացիկ նախաձեռնությունները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Ռաուլ Վալենբերգի» անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությանը, ինչպես նաև Արդարադատության ակադեմիայի և Շրջակա միջավայրի նախարարության միջև ձևավորված նոր համագործակցությանը՝ էկոլոգիական իրավունքի զարգացման և մասնագիտական կարողությունների ամրապնդման նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տեղեկատվության հասանելիության և որոշումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցության խթանման ուղղությամբ հնարավոր համատեղ քայլերը՝ կարևորելով Օրհուսի կոնվենցիայի և բնապահպանական մյուս համաձայնագրերի սկզբունքների լիարժեք իրականացումը։

Արա Մկրտչյանն անդրադարձել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)՝ առաջարկելով շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ բնապահպանական իրավունքների, հանրային մասնակցության և բնապահպանական կառավարման թեմաներով համատեղ ակտիվ քննարկումներ և նախաձեռնություններ իրականացնել ինչպես COP17-ի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել արդյունավետ համագործակցության համար, վերահաստատել համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան