Մամուլ 1 ժամ առաջ - 08:41 02-09-2026

Քաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը Կենտրոնական բանկին կոնկրետ խնդիր է ներկայացրել՝ քաղաքացիները դժգոհում են, որ բանկերը «0% ապառիկ» կամ «անտոկոս ապառիկ» են խոստանում, բայց վարկը ձևակերպելուց հետո, պարզվում է, ամիսներ անց քաղաքացիները անտոկոս վարկի համար վճարում են տոկոս։ ԿԲ-ն մատնանշում է օրենքը, իսկ իրականությունը դրանից չի փոխվում։

«Ժողովուրդ» օրաթերթը երկարատև սպասումից հետո ԿԲ-ից ստացավ պատասխան, որը փաստացի շրջանցում է խնդրի ամենակարևոր հատվածը։ Կենտրոնական բանկը մանրամասն ներկայացնում է, որ սպառողն իրավունք ունի վարկը վաղաժամկետ մարել, որ ավել վճարումը պետք է ուղղվի մայր գումարի նվազեցմանը, որ պետք է փոխվի մարման ժամանակացույցը, և որ բանկը պարտավոր է այդ մասին տեղեկացնել հաճախորդին։ Բայց «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ-ին սա չէր հարցրել։

Մեր հարցը շատ ավելի պարզ էր․ եթե քաղաքացին, օրինակ, «անտոկոս» 6 կամ 12-ամսյա ապառիկի շրջանակում նախատեսվածից ավելի գումար է վճարում, այդ գումարը փաստացի ինչպե՞ս է հաշվանցվում, և արդյոք բանկն իրավունք ունի այն տեղափոխել հաջորդ՝ արդեն տոկոսով գործող ժամանակահատված։ ԿԲ-ի պատասխանից այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել։ Ավելին՝ ԿԲ-ն ինքն է ընդունում, որ ներկայացված դեպքերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է՝ խնդիր լինի վարկավորման ծախսի նվազեցման գործընթացում, և նշում է, որ ուսումնասիրության ավարտից հետո, անհրաժեշտության դեպքում, կարող են իրականացվել վերահսկողական միջոցառումներ։ Այսինքն՝ քաղաքացիների բարձրաձայնած խնդիրը ԿԲ-ն ամբողջությամբ չի հերքում։ Ընդհակառակը՝ ասում է, որ հնարավոր խնդիր կա, բայց դրա վերջնական գնահատականը դեռ չկա։

Այստեղ արդեն հարց է առաջանում՝ իսկ մինչ ԿԲ-ն ուսումնասիրում է, քաղաքացին ի՞նչ պետք է անի․ ինչո՞ւ պետք է վճարի անտոկոս վարկի խոստմամբ վերցված ապառիկի տոկոսները։ Բանկը նրան «0% ապառիկ» է ներկայացնում, քաղաքացին վստահում է այդ պայմանին, վերցնում է վարկը, սկսում վճարումները, ամիսներ հետո պարզվում է, որ իր կատարած ավել վճարումն աշխատում է իր դեմ։

Եվ երբեք չի լինում այնպես, որ անտոկոս վարկը հնարավոր լինի մարել վարկի ժամանակացույցից շուտ՝ իրականում անտոկոս պայմանով։ Սա սովորական պայմանագրային մանրուք չէ։ Եթե պրոդուկտը շուկայում գովազդվում է որպես «0%» կամ «անտոկոս», սպառողը պետք է հասկանա՝ ինչ է իրականում իրեն առաջարկվում։ Իսկ եթե այդ «0 տոկոսի» տակ կան այնպիսի պայմաններ, որոնց պատճառով քաղաքացին հետագայում հայտնվում է տոկոս վճարելու իրավիճակում, ապա առնվազն սպառողի տեղեկացվածության և մոլորեցման լուրջ հարց է առաջանում։

Իսկ ո՞վ է վերահսկում բանկերին։

Այս պատմության ամենահետաքրքիր հատվածը հենց այստեղ է։ Կենտրոնական բանկը բանկերի նկատմամբ վերահսկող և կարգավորող մարմին է։ Հետևաբար, երբ քաղաքացիներից ստացվում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ նմանատիպ ահազանգեր, ԿԲ-ի պատասխանատվությունը միայն օրենքի դրույթները մեջբերելը չէ, այլ հարցին գլոբալ լուծում տալը՝ առավել ևս լրացուցիչ ժամանակ էին խնդրել՝ խնդիրը ուսումնասիրելու համար։ Մեր հարցման մեջ ԿԲ-ին ուղիղ հարցրել էինք՝ քանի՞ նման բողոք է ստացել վերջին երեք տարիներին, քանի՞ բանկում է ուսումնասիրել այդ պրակտիկան, արձանագրվե՞լ են արդյոք խախտումներ, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվել։ Սակայն այս հարցերի փոխարեն ստացել ենք հիմնականում օրենսդրական պարզաբանումներ։

Ստացվում է՝ մենք ԿԲ-ին հարցնում ենք՝ բանկերը սպառողին խաբո՞ւմ են, իսկ ԿԲ-ն պատասխանում է՝ ինչպես պետք է բանկերը գործեն օրենքով, բայց չի ասում՝ խաբում են, թե ոչ։ Եթե ԿԲ-ն համարում է, որ խախտում չկա, պետք է հստակ ասի։ Եթե կան խնդիրներ, պետք է հայտնի՝ որ բանկերում, ինչ ծավալով և ինչ հետևանքներով խնդիրներ կան։ Իսկ եթե ուսումնասիրությունը դեռ շարունակվում է, ապա այդ ընթացքում ինչո՞ւ է «0% ապառիկ» գովազդը շարունակում գործել նույն պայմաններով։

Որպես բանկերի լիցենավորող և վերահսկող մարմին՝ ԿԲ-ի առաքելությունը չպետք է սահմանափակվի նրանով, որ քաղաքացիներին հիշեցնի օրենքի գոյության մասին։ ԿԲ-ն պետք է պաշտպանի սպառողին։ Եվ այս դեպքում հարցը ոչ միայն բանկերին է ուղղված, այլ առաջին հերթին ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ որպես այդ բանկերի լիցենզավորող մարմնի ղեկավար։ Հիշեցնենք, որ ԿԲ հիմնական գործառույթներից մեկը սպառողների իրավունքների պաշտպանությունն է։ Ըստ պաշտոնական ձևակերպման՝ «ԿԲ-ն ապահովում է, որ երկրի բոլոր ֆինանսական կազմակերպությունները գործեն ազնիվ և պատասխանատու։

Անկախ նրանից՝ սպառողը դիմում է վարկի համար, թե բացում խնայողական հաշիվ, ԿԲ-ն աշխատում է, որպեսզի նրանք ստանան արդար վերաբերմունք, ստանան համապատասխան տեղեկատվություն և խուսափեն մոլորեցնող վարքից կամ թաքնված ռիսկերից»։ Իսկ ինչպե՞ս է ստացվում, որ մարդիկ վերցնում են անտոկոս վարկ, օրինակ՝ 6 ամսով, վճարում են առաջին երեք ամիսը սահմանված գրաֆիկից շատ, այնուհետև սկսում է գործել 7-րդ ամսվա համար նախատեսված տոկոսը։ Այսինքն՝ 0 տոկոսանոց վարկը դառնում է սովորական տոկոսով վարկ։ Սա՞ է արդար վերաբերմունքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված