Կարևոր բան դուրս է մնացել հանրային ուշադրությունից։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո բոլոր դատավորները դառնալու են դատավորի ժ/պ։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օգոստոսի 24-ին Հ1-ի հետ
հարցազրույցում՝ անդրադառնալով նախատեսվող դատաիրավական բարեփոխումներին։
«Սահմանադրությունը դատավորների համար պարունակում է անփոփոխելիության երաշխիքներ, և վեթինգ ասվածը հնարավոր չէ իրականացնել այդ պայմաններում։ Նոր Սահմանադրության ընդունումից հետո բոլոր դատավորները դառնալու են դատավորի ժամանակավոր պաշտոնակատար, և բոլորի բարեվարքությունը ենթարկվելու է ստուգման։ Ստուգման չափանիշներին բավարարելուց հետո միայն դատավորի ժամանակավոր պաշտոնակատարը դառնալու է դատավոր, այլապես նրա լիազորությունները դադարեցվելու են»,- ասել է նախարար Գալյանը։
Ի՞նչ իմաստ ունի այս փոփոխությունը, ինչո՞ւ են ուզում դատավորներին պաշտոնազրկել։
«Նոր Կտակարանն ասում է՝ մի դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես։ Ես, այո, ձեզ դատում եմ և ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվելուն»,- օգոստոսի 24-ին ԱԺ-ում, դիմելով Լևոն Քոչարյանին և ընդդիմությանը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս խոսքում ակնհայտ է Փաշինյանի՝ դատելու մղումը։ Սա վտանգավոր միտում է, որը սկզբունքորեն հակասում է ժողովրդավարությանը։
Բոլորն են հիշում Նիկոլ Փաշինյանի խոսքը պատերի տակ վնգստացող դատավորների մասին։ Նրա կոչով դատարանների շենքերի վրա գրոհը մեր պատմության ամոթալի էջերից է։ Բոլորն են հիշում նաև Փաշինյանի մեկ այլ խոսքը․ «Կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի»։ Սրանք նույնպես օրենքի, օրինականության, դատական համակարգի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորումներ են։ Համակարգը խուլիգանական գրոհներից պաշտպանելու համար առաջարկվեց բարեվարքության ստուգումներ իրականացնել և համակարգից հեռացնել այն դատավորներին, որոնք ստուգումները չեն անցնի։
Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը պարբերաբար հրապարակում էր ցուցանիշներ վեթինգի արդյունքների մասին, տեղեկացնում հանրությանը, թե քանի դատավոր է հեռացվել համակարգից բարեվարքության ստուգման արդյունքում, քանի նոր դատավոր է նշանակվել, ինչպես է մաքրվել համակարգը։ Ցուցանիշները տպավորություն էին ստեղծում, որ բարեվարքության ստուգումների արդյունքում համակարգում այլևս չկան կոռումպացված, անխիղճ, անարդար, նախկինների հետ կապեր ունեցող դատավորներ։ Իսկ Սրբուհի Գալյանի վերը բերված հայտարարությունից պարզվում է, որ վեթինգը չի բավարարում Նիկոլ Փաշինյանին։ Նա, հավանաբար, ուզում է ստորացնել բոլոր դատավորներին, կապել ժ/պ-ի բարակ թելով, որը կարող է կտրել ցանկացած պահի։
Հիրավի նվաստացուցիչ կլինի, որ բոլոր դատավորները նոր Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո դառնան ժ/պ։ Դատավորն արդարամիտ է, արդարադատ, խղճով, բացառվում է, որ նա անարդար վարվի, ստի, կեղծի և այլն։ Հարգանքն ու պատիվն ամենակարևոր ու թանկ բաներն է դատավորի համար։ Նրան այդպես էլ դիմում են՝ «պատվարժան»։ Ժ/պ-ի անորոշ կարգավիճակը կախվածության մեջ կդնի դատավորներին։ Նրանց չեն դիմի «պատվարժան» ձևով, քանի որ դատավոր չեն։ Պատկերավոր ասած՝ նրանք կզրվեն հարգանքից։
Հոռետեսորեն ենթադրելի է, որ բարեվարքության քննությունները կձգձգվեն, կտևեն տարիներ։ Եվ որ պահին դատավորի ժ/պ-ն ոչ վարչապետահաճո վճիռ կընդունի, հաջորդ պահին նրա բարեվարքության ստուգումը կավարտվի բացասական եզրակացությամբ, և նա կազատվի դատավորի պաշտոնից։ Ենթադրելի է, որ դատավորների մի մասը ռիսկի չի դիմի և վերևից հրահանգվածն անառարկելիորեն կկատարի, որ սոցիալական խնդիրներ չունենա։ Իսկ բացառապես օրենքով ու խղճով առաջնորդվող դատավորները կկորցնեն սև պատմուճանը և չեն կարողանա պաշտպանել իրենց իրավունքներն ու պատիվը, քանի որ ժ/պ են։
Հարկ է հաշվի առնել այն, որ Փաշինյանի իշխանությունն ամրացնելու և ապահովագրելու համար առաջիկայում բռնաճնշումների մեծ ալիք է կանխատեսվում։ Փաշինյանը, հավանաբար, հույս ունի, որ եթե բոլոր դատավորները տևական ժամանակ պահեն ժ/պ-ի անորոշ կարգավիճակում, ապա հնարավոր կլինի նրանց մուրճով ճնշել գործարարներին, նախկիններին, ընդդիմախոսներին։
Կարճ ասած՝ նոր Սահմանադրությամբ նախատեսվող այս փոփոխությունը ժողովրդավարական նորմերի խախտում է, հետընթաց։ Ողջամիտ մտավախություն կա, որ վարչապետն իր ձեռքում կկենտրոնացնի նաև դատական իշխանությունն ամբողջությամբ։ Իսկ քաղաքացին կկորցնի խիղճը, արդարադատության հանդեպ վստահությունը, օրենքի հանդեպ հարգանքը, քանի որ դատավորի ժ/պ-ները կարհամարհեն օրենքներ, կվարվեն անարդար, անխիղճ։ Սա իսկական աղետ կլինի ժողովրդավարական Հայաստանի, քաղաքացիական հասարակության համար։
Թաթուլ Մկրտչյան