Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 20:12 26-08-2026

Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ օգոստոսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի, հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու վարչական, կանոնական, կագապահական խնդիրներին և Եկեղեցու առաքելությանն առնչվող հարցեր։ Անդրադարձ կատարվեց նաև Եկեղեցի-պետություն հարաբերություններին և առկա իրավիճակին։ Այս առնչությամբ ժողովը հանդես է եկել հայտարարությամբ։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Գերագույն հոգևոր խորհրդի

Խոր ցավ ենք ապրում՝ հետևելով նորակազմ Ազգային ժողովում վերջին օրերին ՔՊ խմբակցության դրսևորած անընդունելի վարքագծին։

Տարակուսելի է, որ հայրենիքի առջև ծառացած բազմապիսի մարտահրավերների և արտաքին վտանգաշատ պարտադրանքների պայմաններում իշխող ուժը սահմանված պարտականությունները կատարելու փոխարեն, Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում, ակնհայտորեն ոտնահարելով երկրի Մայր Օրենքը, անտեսելով միջազգայնորեն ամրագրված իրավունքները, վերստին թիրախավորում է մեր Սուրբ Եկեղեցին։ Սույն քաղաքականությունը անխուսափելիորեն հանգեցնելու է առկա լարվածության խորացմանը և նոր պառակտումների առջև է կանգնեցնելու մեր ժողովրդին հայրենիքում և սփյուռքում։

Եկեղեցին վարկաբեկելու, եկեղեցականներին անվանարկելու և թվացյալ ճգնաժամ առաջ բերելու նկրտումներով իշխանությունները ակնհայտ կեղծ մեղսագրումներ են կատարում Հայոց Եկեղեցուն՝ վերջինիս մեղադրելով «օտար ազդեցության գործակալ» և «պետություն պետության մեջ» լինելու, ինչպես նաև Արցախի աղոթական հիշատակումով, արցախահայության իրավունքների, հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման և Բաքվում պատանդառված հայորդիների ազատ արձակման հարցերի արծարծմամբ՝ «պատերազմի կուսակցություն» և «անվտանգության սպառնալիք» հանդիսանալու մեջ։ Ամեն ջանք ի գործ է դրվում Մայր Աթոռի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր դասի դեմ շինծու մեղադրանքներով, անհիմն և ուղղորդվող քրեական հետապնդումներով արհեստական հիմքեր ստեղծել ներեկեղեցական կյանքին ու կարգուկանոնին միջամտելու և Հայոց Եկեղեցու ինքնավարությունը սահմանափակելու՝ այդպիսով ոտնահարելով հավատացյալների կրոնի և խղճի ազատության իրավունքը։

Դատապարտելի նկատելով կատարվողը՝ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Հայոց Եկեղեցու շուրջ փորձ է արվում ձևավորել արհեստական օրակարգ։

Կառավարությունը որևէ լիազորություն և Սահմանադրությամբ ամրագրված իրավասություն չունի Եկեղեցու բարենորոգությունը կառավարության ծրագրի մաս դարձնելու, իր հայեցողությամբ եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու։ Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման։ Հայոց Եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով, սպառնալիքներով և նման կամայականություններով։ Իշխանությունների հակաեկեղեցական իրական մտադրությունների ցուցիչն են նաև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերումը հանրակրթական դպրոցից, ՀՀ Զինված ուժերում հոգևոր առաջնորդության լուծարումը, քրեակատարողական հիմնարկներում եկեղեցականների հոգևոր ծառայության կասեցումը, չհիմնավորված տույժերի և տուգանքների կիրառմամբ Եկեղեցուն հավելյալ հարկերի պարտադրումը։

Հայոց Եկեղեցին, հավատարիմ մնալով իր տերունավանդ առաքելությանը, մշտապես առաջնորդվել և առաջնորդվում է հայոց պետության և աշխարհասփյուռ հայ ժողովրդի շահերով։ Հայոց Եկեղեցին շարունակելու է լինել պաշտպանը մեր ինքնության, ջատագովը ազգային միաբանության՝ ամենայն ջանք գործադրելով հանուն մեր ժողովրդի խաղաղ, ապահով ու առաջընթաց կյանքի»։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը