Ներքին 2 ամիս առաջ - 21:30 08-08-2026

Ազատանցի կնոջ մանկահասակ երեխաներին, իր կամքին հակառակ, տարել են աջակցության կենտրոն

Ազատանցի 40-ամյա Թեհմինա Կնյազյանը ահազանգել է, որ իր երկու մանկահասակ երեխաներին՝ 2 տարեկան և 7 ամսական աղջիկներին, իր կամքին հակառակ տեղափոխել են աջակցության կենտրոն։

Oragir.News-ը եղել է Թեհմինա Կնյազյանի տանը։ Կինը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես են երեխաներին իրենից հեռացրել։

«Կուրծք ուտող երեխայիս եկան ձեռքիցս տարան։ Ինձ նման իրենք չեն կարող նայել»,- պատմում է Թեհմինան։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Oragir.News-ին հայտնել են, որ ընտանիք կատարված տնայցի ընթացքում պարզվել է՝ ընտանիքը բնակվում է տնակում, որը զուրկ է հիգիենայի տարրական պայմաններից։ Ըստ նախարարության՝ այնտեղ առկա չեն եղել երեխաների խնամքի համար անհրաժեշտ տարրական միջոցներն ու պայմանները։

Նախարարությունից նաև նշել են, որ երեխաների մայրը «բացարձակապես չի տիրապետում կենցաղավարման տարրական կանոններին և հմտություններին», ինչի հետևանքով երեխաների՝ նման պայմաններում ապրելը կարող է ռիսկ պարունակել նրանց կյանքի և առողջության համար։

Թեհմինա Կնյազյանը, սակայն, համաձայն չէ նախարարության գնահատականի հետ։ Նա պնդում է, որ կարողանում է ապահովել երեխաների խնամքը, և երեխաները ոչ մի բանի կարիք չեն ունեցել։

Oragir.News-ը եղել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հաստատությունում մեզ թույլ չեն տվել նկարահանում իրականացնել՝ փոխարենը նշելով, որ իրենց համար առաջնայինը երեխաների լավագույն շահն է։

Կենտրոնից հայտնել են, որ այնտեղ հայտնված երեխաները գտնվում են պետության հովանու ներքո և իրենց խնամքն իրականացվում է համապատասխան պայմաններում։

Մինչդեռ Թեհմինա Կնյազյանը պնդում է, որ երեխաների վարքագծում արդեն փոփոխություններ է նկատում։ Նրա խոսքով՝ 7 ամսական Գոհարի մարմնի վրա բշտիկներ են հայտնվել, իսկ երեխան, իր դիտարկմամբ, նախկինի պես ակտիվ չէ։

Թեհմինան ասում է, որ իրենից լավ ոչ ոք չի կարող խնամել իր երեխաներին և ցանկանում է, որ նրանք վերադարձվեն իրեն։

Ընտանիքի սոցիալական վիճակի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Oragir.News-ը կապ է հաստատել Ազատան համայնքի ղեկավար Սեյրան Ոսկանյանի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին նա չի պատասխանել։

Միաժամանակ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Oragir.News-ին տրամադրել են լուսանկարներ, որոնք, նախարարության գնահատմամբ, փաստում են ընտանիքի սոցիալական և կենցաղային ծանր պայմանները և հիմք են հանդիսացել երեխաներին աջակցության կենտրոն տեղափոխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը