Ներքին Միտք 1 ժամ առաջ - 21:30 03-08-2026

Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Աշխարհում նորմալ են ընկալում, որ մարդն ունի սկզբունքներ, առաջնորդվում է արժեքներով, բարոյական նորմերով, օրենքով։ Հայաստանում այս ամենը զարմանալի է։ Այստեղ զարմանում են, որ մարդն ունի սկզբունքներ, արժեքներ, էթիկա։

«Ինձ հրավիրել էին Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու։ Ես հրաժարվեցի (նրանք զգալիորեն բարձրացրին առաջարկվող հոնորարը՝ չհասկանալով իմ էթիկան և կարծելով, թե դա կարող է որևէ բան փոխել)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,- X սոցիալական հարթակում գրել է ամերիկացի հեղինակ, ռիսկերի վերլուծաբան և տնտեսագետ Նիկոլաս Նասիմ Թալեբը։

Ինչո՞ւ են մեր երկրում զարմանում սկզբունք, արժեք, բարոյականություն ունեցող մարդ տեսնելիս։

Թալեբը աշխարհում հայտնի գիտնական է։ Նրա գրքերը կարդում են բոլորը, այդ թվում՝ հայերը։ Նա քաղաքական գործիչ չէ, ՀՀ քաղաքացի չէ, ծագումով հայ չէ։ Բայց նա ունի սկզբունքներ, բարոյական կոդեքս։ Նա աշխարհի բազմաթիվ երկրներում, բազմաթիվ ամբիոններից դասախոսություններ է կարդացել և դրա դիմաց ստացել մեծ հոնորարներ։ Սակայն Ադրբեջանի հրավերը մերժել է սկզբունքորեն՝ էթիկայի սկզբունքներից ելնելով։

Ոմանք կարծում են, թե Թալեբը, մերժելով Ադրբեջանի հրավերը, ոչինչ չշահեց։ Սրբություն չունեցող տականքները նույնիսկ կարող են ծիծաղել նրա վրա, որ հրաժարվել է մեծ հոնորարից՝ ինչ-որ բարոյական սկզբունքից ելնելով։ Ոմանք ինչ-որ մութ պատմություններ կփնտրեն այս պատմության հետևում։

Իրականում Թալեբը շահեց։ Առանց այս էլ՝ նա հավերժացրել էր իր անունը՝ որպես գիտության մեջ նոր խոսք ասած մտածող։ Այս արարքով նա ավելի մեծացրեց իր հանդեպ հարգանքն աշխարհում։ Եվ նրա մասին խոսելիս այսուհետև պարտավոր ենք ընդգծել, որ նա ոչ միայն աշխարհահռչակ գիտնական է, այլև նախևառաջ բարոյական մարդ։ Եվ եթե մինչ օրս նրա հոնորարը միջինը կազմում էր իքս դրամ, ապա այս սկզբունքային հայտարարությունից հետո կդառնա 2 իքս։ Այսինքն՝ բարոյական վարքը նաև շահավետ է, քանի որ մեծանում է մարդու ժողովրդականությունը, որը ժողովրդավարական աշխարհում ամենամեծ հարստությունն է։

Հին հրեական պատում կա, թե աշխարհը կանգուն է 36 արդարների շնորհիվ։ Երբ արդար մարդը աչք է փակում անարդարության վրա, անտարբերություն կամ փոքրոգություն է դրսևորում, ապա նույն պահին մահանում է, և նրա տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը։ Իսկ եթե մարդն արդար է վարվում, բարոյական վարք է դրսևորում, ապա արժանանում է Երկնային ողորմությանը։ Այս առումով՝ Թալեբը վարվեց արդար մարդու նման։ Նա արդարացրեց Ամերիկան Աստծո աչքում։ Սոդոմն ավերվեց, քանի որ այնտեղ արդար մարդ չկար։ Ամերիկան չի ավերվի, քանի դեռ այնտեղ Թալեբի պես մարդիկ կան։

Մեր երկրում այս առումով իրավիճակը վատ է։ Քաղաքական համայնքում արժեքների, բարոյական նորմերի մասին ընդհանուր մոտեցում չկա։ Չկա ընդհանուր ձևակերպում, թե ինչ է ազգային շահը, ինչ է մարդկային շահը։ Նիկոլ Փաշինյանն, իր հերթին, լավ օրինակ չի ծառայում։ Նրա համար չկան կոնստանտ արժեքներ, էթիկայի նորմեր։ Նա ատելություն է սերմանում։ Նա 2023-ի սեպտեմբերի 24-ին հռչակել է «Անկախության պաշտպանության շարժում», սակայն մինչ օրս քայլ չի արել այդ ուղղությամբ։ Նա ամբողջ օրը հանդիմանում է ընդդիմադիրներին ռուսական շահեր սպասարկելու մեջ, բայց լյուստրացիայի, դեսովետիզացման մասին օրենքներ չեն ընդունվում, նույնիսկ ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի սկսվում։ Նա Արծվաշենը Հայաստանի քարտեզի վրա է նշում, սակայն ՀՀ-ից զավթված հողերը հետ բերելու նախաձեռնությամբ հանդես չի գալիս։

Կարճ ասած՝ Թալեբի հայտարարությունը նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Ենթադրելի է, որ ԱՄՆ քաղաքացիներն օրինակ կվերցնեն նրանից, և կմեծանա ԱՄՆ-ի դերը խաղաղարար գործընթացում։ ՀՀ քաղաքացիները ևս կարող են շնորհակալություն հայտնել Թալեբին և օրինակ վերցնել նրանից։ Խոսքը միայն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ազատության մասին սկզբունքային և բարոյական դիրքորոշում հայտնելու մասին չէ, այլ ամեն հարցում արժեքներով և բարոյական նորմերով առաջնորդվելու։ Այդպես կշահեն և՛ իրենք, և՛ պետությունը, և՛ հասարակությունը։ Աշխարհում հարգանքով կվերաբերվեն հայերին և Հայաստանին։ Այս դեպքում կոնֆլիկտ չի լինի, և խաղաղություն կլինի մեր աշխարհում։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված