Ներքին 3 ամիս առաջ - 23:40 18-07-2026

Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Նիկոլական Հայաստանի «իրավապահ» մարմիններից մեկի ղեկավարը դիմել է արդնախին՝ խնդրելով օրենսդրորեն արգելել փաստաբանական համայնքի կողմից դատավորներին գնահատելու ոչ պաշտոնական HelpCourt համակարգը՝ այն հիմքով, թե իբր այն բացասական ազդեցություն ունի դատավորների անկախության վրա։

Նիկոլական «իրավապահ» մարմինների ղեկավարների թվում նշված անձը վստահաբար վատագույնը չէ, դատավոր աշխատելիս էլ 1-2 դեպքում նրա կողմից հրապարակավ նկատել եմ որոշակի արդարամտություն, ուստի կփորձեմ հիմք ընդունել այն վարկածը, որ այս գաղափարը «հետին միտք» չունի և միտված է ինչ-որ խնդիր լուծելուն։

Եվ այսպես, ընդունենք, թե HelpCourt-ի վարկանիշը որոշ դատավորների ընկալման մեջ իրոք դառնում է չափազանց կարևոր, և նրանք, հնարավոր է, արհեստականորեն փորձում են բարելավել իրենց վարկանիշը, և այդ «արհեստականությունն» իր հերթին ազդում է նրանց անկախության վրա։ Ասեմ ավելին՝ նման մի դեպքի ինքս եմ ականատես եղել և հրապարակավ կոշտ քննադատել եմ այդ վարքագիծը։ Խոսքը նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է՝ այն դատավորի, որի «մուրճով» բանտում էր հայտնվել լուսահոգի Արմեն Գրիգորյանը։ Արմենի ողբերգական մահից հետո նկատեցի, որ Արուսյակի վարկանիշն աճում է։ Փոքրիկ «հետաքննությամբ» պարզեցի, որ այն աճում է խիստ արհեստականորեն։ Թե ինչ եղավ հետո՝ հիշողները կհիշեն։ Հրապարակային արձագանքս շատ կոշտ էր։ Արուսյակի «օրինակը» հիմք ընդունելով՝ թվում է՝ ես պետք է կողմ լինեի HelpCourt-ն արգելելու գաղափարին։ Բայց իրականում ես ոչ միայն կողմ չեմ, այլև այստեղ տեսնում գաղափարական մի շատ-շատ կարևոր հարթություն, որն այս հարցը քննարկելիս ամենաառանցքայինն է։

Եվ դա ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հարցն է։ Ո՞ր դեպքում է, որ պետությունը կարող է միջամտել քաղաքացիների ազատությանը (իսկ HelpCourt-ը քաղաքացիների ազատության տիրույթում գտնվող հարց է): Միայն այն դեպքում, երբ այդ ազատությունը վերածվում է աներկբա չարիքի «ընդհանուրի» համար, «հանրության» համար։

Արդյո՞ք HelpCourt-ը «աներկբա չարիք է»։ Իհարկե՝ ոչ։ Այո, ոմանք կարող են «ի չարս» գործածել։ Բայց դրա կողքին շատ-շատերը գործածում են «ի բարին»։ Օրինակ, բարեխիղճ դատավորները կարող են բարելավել իրենց աշխատանքը՝ ֆիդբեքների հիման վրա։

Բերեմ մի համեմատություն։ Ներկայիս ուսումնական համակարգում կիսամյակն ավարտելուց հետո ուսանողները գնահատում են ուսանողներին։ Կա՞ն դասախոսներ, ովքեր «գերֆիքսված» են այդ գնահատականների վրա ու փորձում են արհեստականորեն բարձրացնել։ Իհարկե կան։ Դա նշանակում է՝ համակարգը պետք է վերացնե՞լ։ Ոչ, որովհետև իրենց հարգող դասախոսները հնարավորություն են ստանում հետևություններ անել ու բարելավել իրենց գործը։ Ինքս միշտ այդպես եմ վարվել, փորձել եմ շտկել թերություններս, որի արդյունքում դասավանդմանս վերջին տարում վարկանիշս հասցրել եմ 5-ից 4,93-ի։ Ի՞նչ վատ է որ։

Կարճ ասած՝ բուն խնդիրը ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է։ նիկոլիզմի բուն էությունը ազատությանը հակոտնյա լինելն է, ու դա երևում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր հարցերում։

Եվ վերջում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել HelpCourt-ի թիմին՝ հանրային բարիք ստեծելու ու տարիներ շարունակ այն կատարելագործելու համար»։

Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն հուլիսի 17-ին, գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով helpcourt.am հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

Առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան