ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում Ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենը, իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, կատարել է խարդախություն և վստահված գույքի հափշտակություն։
Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը, 2023 և 2024 թվականների տարբեր ամիսների քաղաքացուն աշխատանքի ընդունելով, իր մոտ պահել է վերջինիս բանկային քարտը, այնուհետև ստացված աշխատավարձի մի մասը կանխիկ եղանակով տվել է նրան, իսկ մնացած մասը՝ հափշտակել:
Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը, մեկ այլ քաղաքացու կողմից աշխատանքի չներկայանալու պայմաններում կեղծ տեղեկություն է ներկայացրել վերջինիս կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ, որի արդյունքում նշված աշխատակցին փոխանցված աշխատավարձի մեծ մասը պահել է իրեն:
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև նույն մասնաճյուղի ավագ անտառապետի կողմից որպես սեզոնային բանվորներ ընդունած 7 քաղաքացիներից խարդախությամբ շուրջ 493.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ աշխատակցին՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով:
Անտառտնտեսության ավագ անտառապետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: