Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 13:30 10-07-2026

Արա Աբրահամյանն այդքան խիզախ չէ, որ ընտրի հայկական շահը

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ռուսաստանի հայերի միությունն իր էջում տեղեկացրել է, որ հուլիսի 5-ին Մոսկվայում կազմակերպել է «Ծիրան» տոնը։ Զավեշտ է, չէ՞։ Կարծես՝ Նիկոլ Փաշինյանի վարած անտրամաբանական քաղաքականությունը մեր ժողովրդին քիչ է, Ռուսաստանի հայերի միությունն էլ «Ծիրան» տոն է կազմակերպում, երբ հայկական ծիրանի առաջ Մոսկվայի դռները փակվել են։

Ո՞ւմ կամ ինչի՞ համար են ռուսահայերը կազմակերպում այս տոնը։

Սա ամենամյա ավանդական միջոցառում է։ Ռուսահայերի միության կազմակերպած այս տոնը նախորդ տարիներին նպաստում էր, որ Հայաստանից Ռուսաստան արտահանված հայկական ծիրանը վաճառվի ՌԴ-ում։ Բայց հիմա ՌԴ-ն փակել է հայկական ծիրանի մուտքը։ Հայ գյուղացին ու արտահանողը ծանր վիճակում են, նրանց աչքերն արյունով են լցվել բարկությունից, որ ծիրանի վաճառքն արգելվել է Ռուսաստանում։ Այս իրավիճակում «Ծիրան» տոն կազմակերպելու իմաստը ո՞րն է։

Ասում են, թե Ռուսաստանի հայերի միությունն ապրում է ընդհատակում, ինչպես Կուստուրիցայի համանուն ֆիլմի հերոսները։ Նրանք չգիտեն, որ Հայաստանից ծիրան չի մտնում Ռուսաստան։ Ոմանք էլ կարծում են, թե Ռուսաստանի հայերի միության ղեկավարները հոգեկան առողջության խնդիր ունեն, տառապում են Ժխտման հիվանդությամբ, ինչպես Կոբո Աբեի «Ամրոցը» վիպակի տարեց հերոսը։ Նրանք ապրում են պատրանքով, չեն տեսնում, որ Ռուսաստանը ոչ բարեկամական քայլեր է անում Հայաստանի նկատմամբ, արգելում հայկական ապրանքների, մասնավորապես՝ հայկական ծիրանի մուտքը ՌԴ։

Այս միջոցառումը եկավ ապացուցելու, որ Ռուսաստանի հայերի միությունը զուտ ռուսական կառույց է, առաջնորդվում է ռուսական հետաքրքրություններով։ Հայերի հետ առնչություն ունի այնքանով, որ կառույցի ղեկավարները հայկական վերջածանցով ազգանուններ ունեն։ Եվ Արա Աբրահամյանը ձևացնում է, թե ռուսերեն վատ է խոսում, որ մարդիկ հավատան, թե ռուս չէ։ Իսկ այս տոնը ավանդական ռուսական միջոցառում է ՌԴ-ում ապրող այն ժողովուրդների ներկայացուցիչների համար, որոնց հայրենիքներից գյուղատնտեսական ապրանքներ են մատակարարվում ՌԴ։ Եվ քանի որ այս բազմազգ միջոցառումը կազմակերպում են ՌԴ-ում ապրող հայերն իրենց փողերով, այդ պատճառով տոնի անունը դրել են «Ծիրան»։

Եթե նախորդ տարիներին այս տոնը նպաստում էր ՌԴ-ում հայկական ծիրանի սպառմանը, ապա այս տարի կարող է նպաստել ուզբեկական անհամ ծիրանի սպառմանը։ Այսինքն՝ Ռուսաստանի հայերի միությունն ահռելի փող է ծախսում, զանգվածային միջոցառում կազմակերպում՝ անուղղակի գովազդելով ուզբեկական ծիրանը։ Ենթադրելի է, որ այս կառույցն առաջիկայում կվերանվանվի, և անվանումից կհանվի «հայերի» բառը, որ ՀՀ քաղաքացու մոտ բարդ հարց չծագին, թե ինչու է ռուսահայերի կազմակերպությունը ուզբեկական ծիրան գովազդում։

Ռուսաստանում հայկական սփյուռքը ՀՀ ազգային շահերով չի ապրում։ Եվ սա ՀՀ քաղաքացիներին վրդովվեցնում է։ Բազմաթիվ ազգեր ունեն մեծ սփյուռք, որոնք լավ կազմակերպված են, կապված են հայրենիքի հետ, ազգային շահերը վեր են դասում։ Այս ազգերն իրոք նախանձ են շարժում։

Իրատեսները, սակայն, նկատում են, որ ինչքան էլ սփյուռքում ապրողները փորձեն պահպանել կապը հայրենիքի հետ, բնականաբար պետք է տվյալ երկրի շահերով ապրեն։ Այս տեսանկյունից ազնիվ չէ ռուսահայերի միությանը հանդիմանելը, որ հիմա «Ծիրան» տոն են կազմակերպում։ Ոմանց կարծիքով՝ այս աններդաշնակ իրավիճակը ՀՀ իշխանությունների ապաշնորհության արդյունքն է։ Չունենք ազգային իդեալ, որը կմիավորեր աշխարհի հայերին՝ անկախ բնակության վայրից ու քաղաքացիությունից։ Հարկ է նկատել նաև, որ ՌԴ-ն ոչ ժողովրդավարական պետություն է, չի հարգում փոքրամասնությունների շահերը, պարբերաբար սահմանափակում է ներգաղթյալների իրավունքները։ Եվ այս երկրում ապրող հայերը, մասնավորապես՝ դիրք և հարստություն ունեցողները, հավանաբար, վախենում են ազգային շահերով առաջնորդվել, որ հանիրավի չհետապնդվեն ՌԴ իշխանությունների կողմից։

Տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հայերի միությունից խիզախություն էր պահանջվում, որ նրանք կանգնեին ՀՀ քաղաքացիների, գյուղացու և արտահանողի կողքին և հրաժարվեին կազմակերպել այս տոնը, քանի որ ՌԴ-ն արգելել է հայկական ծիրանի մուտքը երկիր։ Այսինքն՝ եթե նրանք հայ գյուղացու կողքին կանգնեին ու հրաժարվեին այս տարի «Ծիրան» տոնը կազմակերպելուց, ապա դա կհամարվեր սխրանք, որ ազգային շահերը վեր են դասում, երբ դրանք բախվում են ռուսականի հետ։

Կարճ ասած՝ Մոսկվայում «Ծիրան» տոնը ցույց տվեց, որ Ռուսաստանի հայերի միությունն ու նրա ղեկավար Արա Աբրահամյանը հայ գյուղացու և արտահանողի հետ հոգեպես կապ չունեն, իրականությունից կտրված են և այնքան խիզախ չեն, որ ընտրեն ՀՀ ազգային շահը, երբ այն բախվում է ռուսականի հետ։


Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված