Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես նաև նրան պատկանող ձեռնարկություններում իրականացվող խուզարկությունները
🔷Ներքոստորագրյալ ընդդիմադիր ուժերն իրենց աջակցությունն են հայտնում Գագիկ Ծառուկյանին և վերահաստատում, որ քաղաքական հայացքների, ընդդիմադիր գործունեության կամ քաղաքական դիրքորոշման համար որևէ անձի նկատմամբ ճնշումն անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետությունում։
🔷Դա մարտահրավեր է ողջ հասարակությանը:
🔷Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում նաև բոլոր քաղբանտարկյալներին և այն քաղաքացիներին, որոնք քաղաքական դրդապատճառներով ենթարկվում են հետապնդումների կամ ճնշումների, և վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ համատեղ պաշտպանելու նրանց իրավունքները, ժողովրդավարական արժեքներն ու Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
🔷Մենք տեղի ունեցողը դիտարկում ենք որպես հերթական ապացույցն այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանում հաստատված քաղաքական զանգվածային հետապնդումների ժամանակաշրջանն անշեղորեն ընթանում է դեպի բռնապետություն։ Քաղաքական բանտարկյալների, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց թիվն օրեցօր աճում է։
🔷Իշխանությունների սանձազերծած հետապնդումները որևէ աղերս չունեն արդարադատության իրականացման և հանցավորության դեմ պայքարի հետ։
🔷Ակնհայտ է, որ այս հետապնդումները պայմանավորված են բացառապես Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեությամբ։
🔷Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում իր բուն շարժառիթները։
🔷Նա հետապնդումների մեկնարկի հրահանգը հնչեցրել է նախընտրական հանրային հավաքներից մեկի ժամանակ՝ սպառնալով ունեզրկել ընտրապայքարին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության ղեկավարին։
🔷Ակնհայտ է, որ այս գործողությունները նպատակ ունեն՝ հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը, ճնշելու հանրային անհամաձայնության ցանկացած դրսևորում և վախի մթնոլորտ ձևավորելու կարևոր քաղաքական գործընթացների նախաշեմին, այդ թվում՝ Հայաստանի ազգային և պետական շահերին առնչվող հարցերում։
🔷Նման գործելաոճը ծանր հարված է հասցնում ոչ միայն երկրի քաղաքական համակարգին, այլև տնտեսությանը։
🔷Սեփականության իրավունքի ոտնահարումը, խոշոր ձեռնարկատերերի տնտեսական գործունեության նկատմամբ ճնշումները և իրավապահ մարմինների օգտագործումը որպես քաղաքական պայքարի գործիք անխուսափելիորեն կհանգեցնեն գործազրկության աճի, ներդրումային միջավայրի հետագա վատթարացման և տնտեսական անկայունության խորացման։
🔷Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում առավել քան երբևէ անհրաժեշտ է ընդդիմադիր և հասարակական բոլոր ուժերի, ինչպես նաև ամբողջ հասարակության համախմբումը։
🔷Միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության պետականությունը, սահմանադրական կարգը, ժողովրդավարական սկզբունքներն ու քաղաքացիների իրավունքները։
🔷Մենք կոչ ենք անում Հայաստանի միջազգային գործընկերներին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների ու ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանությամբ զբաղվող կառույցներին՝ անհապաղ տալու տեղի ունեցող իրադարձությունների սկզբունքային գնահատականը և հրապարակայնորեն արտահայտելու իրենց դիրքորոշումը՝ ժողովրդավարական նորմերի, մարդու իրավունքների ոտնահարման և իշխանության քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների վերաբերյալ։
🔷Ընդդիմադիր ուժերը շարունակելու են բացառապես օրինական և քաղաքական միջոցներով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ազգային շահերը և հայկական պետականության ապագան։
Հայ Յեղափոխական Դաշնակցություն
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորում
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
«Մայր Հայաստան» կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն