Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 18:00 06-07-2026

Դեժավյու 2021․ ինչու է ընդդիմությունը 2-րդ անգամ նույն «գետը մտնում»

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ժողովրդական խոսքն ասում է՝ նույն գետը երկու անգամ չեն մտնում։ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, հակառակն է փորձում ապացուցել՝ հույս ունենալով, որ այս անգամ արդյունքն այլ է լինելու։

Սահմանադրական դատարանի հուլիսի 4-ի որոշումից հետո, որով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն անփոփոխ մնացին, խորհրդարան անցած «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները որոշեցին վերցնել իրենց մանդատները։ Իրականում սա ոչ թե նոր քաղաքական ռազմավարություն է, այլ արդեն մեկ անգամ փորձարկված և ձախողված մարտավարության կրկնություն։ 2021–2026 թվականներին խորհրդարանական ընդդիմության ձախողված գործունեությունը դրա լավագույն ապացույցն է։ Այդ ժամանակ ընդդիմությունը նույնպես վերցրեց մանդատները՝ հայտարարելով, որ խորհրդարան է մտնում Նիկոլ Փաշինյանին «օր ու արև չտալու», նրան հեռացնելու և քաղաքական օրակարգ թելադրելու համար։ Հինգ տարի անց կարելի է արձանագրել մի պարզ փաստ, որ այդ նպատակներից ոչ մեկը չիրականացվեց․ Փաշինյանը մնաց իշխանության, իսկ ՔՊ-ն ունի բացարձակ մեծամասնություն, իհարկե, ԲՀԿ-ի մանդատները խլելու արդյունքում։

Ընդդիմությանը, ավելի ճիշտ՝ Փաշինյանի հեռացման օրակարգի օգտին քվեարկած ավելի քան 560 հազար քաղաքացիներն այս ժամերին դեժավյու են ապրում՝ տեսնելով, որ ընդդիմությունը կրկին գնում է իր «տրորած» ճանապարհով՝ չներկայացնելով որևէ համոզիչ բացատրություն, թե ինչու այս անգամ արդյունքը պետք է այլ լինի։ «Բարգավաճ Հայաստան»-ին ԱԺ-ից դուրս թողնելուց հետո ՔՊ-ն կստանա մանդատների 3/5-ը, ինչը նշանակում է, որ ցանկացած որոշում կկարողանա ընդունել առանց դիմադրության, իսկ ընդդիմությունը դրանց ընդունումը վիժեցնելու լծակներ առանձնապես չի ունենա։

Ընդդիմադիրներից ոմանք հակադարձում են, որ իշխանությունը, միևնույն է, չունի սահմանադրական փոփոխությունների համար անհրաժեշտ մեծամասնությունը՝ մանդատների 2/3-ը, ուստի չի կարողանա կատարել Ադրբեջանի պահանջը և փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ Դա ճիշտ է, սակայն նույնքան ճիշտ է նաև այն, որ ներհայաստանյան քաղաքական իրողությունների պայմաններում ընդդիմադիր պատգամավորների քաղաքական պատկանելությունը ոչ միշտ է անփոփոխ մնում։

Այսօր ո՞վ կարող է ընդդիմադիր 560 հազար ընտրողներին վստահեցնել, որ ճակատագրական պահին Նիկոլ Փաշինյանը չի դիմի քաղաքական «անասնագողության», և ընդդիմության շարքերում չեն հայտնվի նոր «Գեղամ Նազարյաններ» կամ «Իշխան Զաքարյաններ», որոնք տարբեր պատճառներով «չեն մտափոխվի» ու չեն ապահովի պակասող ձայները։ Անցյալի դառը փորձը հաշվի առնելով՝ այս սցենարը առնվազն չի բացառվում։ Նման իրավիճակում ընդդիմությանը չի հաջողվելու վիժեցնել Հայաստանի առաջ ծառացած ամենավտանգավոր մարտահրավերը և դրանից բխող աղետալի հետևանքները։ Արդյունքում կոտրած տաշտակի առջև կհայտնվեն ավելի քան 560 հազար քաղաքացիները, որոնց ձայները ոչ թե զսպելու են իշխանությանը, այլ փաստացի լեգիտիմացնելու են նրա գործողությունները։

Մեծ հաշվով, հինգ տարի անց պարզվելու է, որ այս մարտավարությունը չի բերել ո՛չ իշխանափոխության, ո՛չ էլ իշխանության զսպման։ Փոխարենը Հայաստանն էլ ավելի ծանր դրության մեջ է հայտնվելու։ Սրա հետևանքով 560 հազար քաղաքացիները լուրջ հիասթափություն են ապրելու, իսկ հիասթափված քաղաքացին սովորաբար չի դառնում ավելի ակտիվ և հետագա ընտրություններին նախընտրում է չմասնակցել։ Նա պարզապես դադարում է հավատալ, որ իր ձայնը կարող է որևէ բան փոխել։ Սրա արդյունքում ՔՊ-ն և իր սատելիտ ուժերը հայտնվելու են անհամեմատ ավելի նպաստավոր իրավիճակում, և մեծ հավանականությամբ հաջորդ ընտրություններում Նիկոլ Փաշինյանը շատ ավելի հեշտ կվերարտադրվի, քան դա արեց 2021-ին ու 2026-ին։

Մինչդեռ ընդդիմությունն ուներ նաև այլ ճանապարհ․ եթե խորհրդարան անցած երկու ընդդիմադիր ուժերի ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները միասնական որոշմամբ հրաժարվեին մանդատներից, ապա կստեղծվեր բոլորովին այլ իրավիճակ, երբ Ազգային ժողովը պարզապես չէր ձևավորվի։ Որքան էլ պնդեն, որ ընդդիմության՝ մանդատները չվերցնելու որոշումը ոչինչ չէր փոխի, և ԱԺ-ն միայն ՔՊ-ական պատգամավորներով էլ կձևավորվեր, այնուամենայնիվ, Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետը հստակ սահմանում է, որ ԱԺ-ն կազմված է առնվազն 101 պատգամավորից։ Ուստի, եթե ընդդիմադիր երկու ուժերն ամբողջ կազմով հրաժարվեին մանդատներից, ապա կառաջանար լուրջ քաղաքական և իրավական ճգնաժամ, և ԱԺ-ն պարզապես չէր ձևավորվի։

Միաժամանակ խորքային ուսումնասիրության է արժանի այն հարցը, թե ինչու ընդդիմադիր երկու ուժերը, այնուամենայնիվ, որոշեցին վերցնել իրենց բաժին հասած մանդատները։ Վստահորեն կարելի է պնդել, որ ընդդիմադիր դաշինքներում ընդգրկված գործիչներից շատերը չեն երազում պատգամավոր աշխատել մի խորհրդարանում, որտեղ Փաշինյանի ուժն ունի բացարձակ մեծամասնություն։ Իսկ գուցե Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը վստահ չեն, որ իրենց իսկ ընտրական ցուցակներում ընդգրկված բոլոր թեկնածուները կենթարկվեն ընդհանուր որոշմանը և կհրաժարվեն մանդատներից, եթե, իհարկե, նման որոշում կայացվի։

Եթե նման մտավախություն կա, ապա սա շատ ավելի խորքային խնդիր է, քան մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։ Սա նշանակում է, որ քաղաքական ուժերը լիարժեք չեն վերահսկում իրենց իսկ ձևավորած թիմերը։ Իսկ եթե ընդդիմադիր առաջնորդները չեն կարողանում կառավարել իրենց 200 հոգանոց ընտրական ցուցակները, ապա ինչպե՞ս են պատրաստվում, իշխանության գալու դեպքում, կառավարել երկիրը։

Կարճ ասած՝ քաղաքականությունն առաջին հերթին պատասխանատվության արվեստ է, իսկ պատասխանատվությունը սկսվում է սեփական որոշումների հետևանքները կանխատեսելու կարողությունից։

Այսօրվա որոշմամբ ընդդիմությունը, ըստ էության, կամա թե ակամա երկրորդ անգամ մտնում է նույն գետը՝ հույս ունենալով, որ այս անգամ ջրի հոսանքը փոխված կլինի, և արդյունքն էլ կտարբերվի նախորդից։ Քաղաքական մեծ հեռատեսություն պետք չէ ունենալ՝ հասկանալու համար, որ եթե աշխարհաքաղաքական մեծ փոփոխություններ տեղի չունենան, ապա այս անգամ էլ ընդդիմության վերջնարդյունքը նույնն է լինելու, և այս ուժերը 2031-ին էլ են ստիպված լինելու բացատրել, թե ինչու Փաշինյանին չհաջողվեց հեռացնել, և վերջինս արդեն չորրորդ անգամ է հավակնում Հայաստանի վարչապետի պաշտոնին։

Լինելով ընդդիմադիր ուժերից մեկի ընտրող՝ տողերիս հեղինակն ամենաերջանիկը կլինի, եթե իր գնահատականներում սխալվի... Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:23 Զելենսկու զգուշացումն իրականացավ. Կրեմլը զանգվածային հարձակում է սկսել հրթիռներով ու ԱԹՍ-ներով
13:12 Չեմ կարողանում հավատալ. Էլիզ Մելիքյանի հրաժեշտը՝ Արտաշես Ալեքսանյանին
09:08 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
15:23 Դրանք միշտ կմնան սրտումս. Արտաշես Ալեքսանյանի վերջին խորհուրդը Ռոզա Դավթյանին
09:00 Փաշինյանի աշխատավարձի աճը․ 10 հազար թոշակառուին, 10 մլն՝ իրեն սկզբունքով
17:52 Անի Օհանյանը հանցագործության մասին նոր հաղորդու՞մ է տվել Անդրեի դեմ
15:30 Ռուբինյանը բլեֆում է. ՔՊ-ն կոչնչանա՝ առանց այս ընդդիմության
21:52 Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան
23:17 Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը
12:44 Մեկ տասնյակից ավելի քրվարույթներով 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ

Ձեզ գուցե հետաքրքրի