Ներքին 3 ամիս առաջ - 13:05 04-07-2026

ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Հանրային ուշադրությունը սևեռված է ՔՊ-ի՝ ԱԺ նախագահի, փոխնախագահների, խմբակցության ղեկավարի թեկնածուների գաղտնի ընտրության վրա։ Սա ժողովրդավարությա՞ն ցուցիչ է, թե՞ հակառակը։

Ժողովրդավարական երկրներում կուսակցությունները նախքան ընտրություններն են կազմում ստվերային կաբինետը, բաշխում կարևոր պաշտոնները։ Կուսակցությունում գրեթե յուրաքանչյուր ոք մոտավորապես իմանում է, թե հաղթելու պարագայում ինքն ինչ դիրքում է հայտնվելու, ինչ պաշտոն է զբաղեցնելու՝ նախարա՞ր է դառնալու, ԱԺ նախագա՞հ, խմբակցության ղեկավա՞ր, թե՞ աշխատակազմի ղեկավարի օգնականի վարորդ։ Նախնական այս պայմանավորվածությունը նաև իրական հետաքրքրություն ու խթան է, որ կուսակցականներն ու համակիրներն ամբողջ ուժով պայքարեն։

Քաղաքական պաշտոնների նախնական այս բաշխումը նաև ընտրողի վստահությանն արժանանալու համար է արվում, որպեսզի ընտրողը քվեարկությունից առաջ իմանա, թե այսինչ կուսակցությունն ընտրելու դեպքում ովքեր են զբաղեցնելու քաղաքական բարձր պաշտոնները։ Ժողովուրդն էլ տեսնում է, որ կա պատրաստված թիմ, որը բոլոր դիրքերում ունի գործից հասկացող գործիչներ, որոնք կարող են քաղաքականություն որոշել։

Այս նորմը նաև ցույց է տալիս, որ կուսակցությունն իսկապես բազմամարդ է, ոչ թե մարդ-կուսակցություն։ Այսինքն՝ ցույց են տալիս, որ կուսակցությունում կան քաղաքական հասուն, կրթված գործիչներ, ոլորտի գիտակներ, որոնք այսօր պատրաստ են ստանձնել այս կամ այն քաղաքական բարձր պաշտոնը։

Այս ավանդույթներին դեմ է գնում ՔՊ-ն և ընտրություններից հետո սկանդալային առաջադրումներ անում։ Մեծ աղմուկ հանեց Ալեն Սիմոնյանի հեռացումը ԱԺ նախագահի պաշտոնից։ Բազմաթիվ ՔՊ-ականներ այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես այս առաջադրումներն անակնկալ են իրենց համար։

Նախքան քվեարկությունն իր կաբինետն ու առանցքային պաշտոնների թեկնածուներին չներկայացնող կուսակցությունը հիմք է տալիս ենթադրելու, որ հաղթելու պլաններ չունի, չի հավատում, որ ընտրողի քվեին կարժանանա։ ՔՊ-ում ընտրություններից հետո առանցքային պաշտոնների թեկնածուներին ընտրելը հիմք է տալիս ենթադրելու, որ հունիսի 7-ից առաջ ՔՊ-ն հաղթելու հույս չուներ, չէր հավատում, որ ՀՀ քաղաքացին ՔՊ-ին կընտրեր։

Որոշ քննադատներ կարծիք են հայտնում, որ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանար, եթե ընտրողները հունիսի 7-ից առաջ իմանային, որ Ալեն Սիմոնյանը մանդատը չի վերցնելու։ Սա հավելյալ ապացուցում է, որ ՔՊ-ն ընտրություններում հաղթելու հույս չուներ։

Սա նաև ազնիվ չէ Ալեն Սիմոնյանի հանդեպ։ Եթե նա իմանար, որ ընտրություններից հետո իրեն գծերից գցելու են, ապա գուցե այդքան ակտիվ չմասնակցեր քարոզարշավին, Փաշինյանի հետ տեսախցիկի առաջ կարկանդակ ու սուջուխ չուտեր ուրախ ավտոբուսում, ժողովրդի հանդիմանանքին չարժանանար, այլ հանգստանար, իր անձնական կյանքը դասավորեր։

Հոռետեսները խտացնում են գույներն ու կարծիք հայտնում, թե ՔՊ-ն կադրային հարցում անկախ չէ, նրան դրսից թելադրում են, թե ով որ պաշտոնում լինի։ Այսինքն՝ նույնիսկ Փաշինյանը հունիսի 7-ից հետո է իմացել, որ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ չի լինելու։ Նախկինում Մոսկվայից էին թելադրում, թե ով որ պաշտոնում պիտի լինի։ Հոռետեսորեն ենթադրելի է, որ այս ավանդույթը շարունակվում է։ Եթե այդպես է, ապա այս իշխանությունը լեգիտիմ չէ, օտար է, օտարի դրածո։

Կարճ ասած՝ ողջամիտ կասկած կա, որ ՔՊ-ն ժողովրդավարության ջատագով չէ։ Այն մարդ-կուսակցություն է, մեկ հոգու համար է։ Այս անակնկալ առաջադրումները հիմք են տալիս կասկածելու, որ ՔՊ-ն հունիսի 7-ին գնում էր պարտվելու, բայց այդ օրվա ընթացքում ինչ-որ կարևոր բան է փոխվել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում