Ներքին 1 ժամ առաջ - 09:16 27-06-2026

Քաղաքացիների մի ամբողջ խմբի ընտրական իրավունքից օրենքով զրկել չեն կարող, բայց փորձում են. Ռաֆայել Թեյմուրազյան

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ԱԺ ՔՊ խմբակցության չորս պատգամավորներ ներկայացրել են քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կրճատելուն միտված օրինագիծ։ Առաջարկվում է դրանից զրկել բոլոր այն քաղաքացիներին, որոնք վերջին մեկ տարում ՀՀ-ում փաստացի 183 օրից պակաս են գտնվել։

Օրենքով, սակայն, հնարավոր չէ նեղացնել Սահմանադրությամբ ընտրական իրավունք ունեցողների շրջանակը։

Սահմանադրության հոդված 48-ի առաջին մասը սահմանում է, որ ՀՀ՝ 18 տարին լրացած քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք։ Ավելին, նույն հոդվածի 4-րդ մասը նշում է, թե ՀՀ ո՛ր քաղաքացիները չունեն ընտրելու իրավունք. դատարանի վճռով անգործունակ ճանաչվածները և դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար դատապարտված և պատիժը կրող անձինք։

Այսինքն, Սահմանադրությամբ է սահմանված թե՛ ընտրական իրավունք ունեցողների, թե՛ բացառությունների շրջանակը։ Ընտրական իրավունքը, այսպիսով, սահմանադրական իրավունք է, իսկ Սահմանադրությունը չի նախատեսում, որ այն կարող է սահմանափակվել օրենքով։ Օրենքը կարող է կարգավորել ընտրողների գրանցումը, քվեարկության կարգը, բայց չի կարող նեղացնել քվեարկելու իրավունք ունեցողների շրջանակը։

Ինչո՞ւ է, ուրեմն, սա արվում։ Բանն այն է, որ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է ստանալ քվեարկության մասնակիցների կեսից ավելիի, բայց ոչ պակաս, քան ընտրողների ընդհանուր թվի աձնվազն 1/4-ի քվեն (հոդված 207), տվյալ դեպքում՝ առնվազն մոտ 627 հազար ձայն։ Հունիսի 7-ի քվեարկությունը ցույց տվեց, որ այս շեմն իշխանության համար լրջագույն խնդիր է դառնալու։

Ինչ-որ պահի իշխանությունը ստիպված է լինելու հրապարակել «նոր Սահմանադրության» նախագիծը, ինչը կարող է դժվարություններ առաջացնել անգամ սեփական ընտրազանգվածի զգալի մասին համոզելիս, թե այս ողջ գործընթացի նպատակը Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջը կատարելը չէ։

Սահմանադրական փոփոխությունների նախագիծ մշակելու համար ստեղծված հանձնաժողովը «նոր Սահմանադրություն» գրելու լիազորություն չունի, բայց գրել է։ Վարչապետը Սահմանադրության տեքստի վրա աշխատելու իրավասություն չունի, բայց աշխատել է։

Քաղաքացիների մի ամբողջ խմբի ընտրական իրավունքից օրենքով զրկել չեն կարող, բայց փորձում են։

«Նոր Սահմանադրությունը», այսպիսով, ոչ միայն իր բնույթով սպառնում է դառնալ ՀՀ պատմության ամենաստորացուցիչ փաստաթուղթը, այլև՝ ի սկզբանե լեգիտիմության լրջագույն խնդիր ունի»։

Ամենից շատ դիտված

21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
23:09 Մինչև 1 մլն դրամ անվանի մարզիկներին՝ Տիգրան Ավինյանից
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան
09:00 Ո՞ւմ է պատկանում Ձորաղբյուրի շքեղ առանձնատունը․ «Կալանքի թագուհի» Արուսյակ Ալեքսանյանի մոր պարզաբանումը
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:00 Սրբուհի Գալյանի սիրտը հայցի ապահովում է ուզում
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են