ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պատասխանել են լրագրողների հարցերին։
Հարցուպատասխանի ժամանակ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Անկարայում հուլիսի 7-ից 8-ը։
Սպիտակ տան ղեկավարը ասել է, որ Թուրքիան ներգրավված չէ Իրանի հակամարտության մեջ և ինքը գոհ է դրանից։ Խոսելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից՝ նա նշել է․
«Էրդողանը հիանալի առաջնորդ է, շատ ուժեղ անձնավորություն։ Նրա բանակն էլ է հիանալի։ Նա սիրում է Թուրքիան և հիանալի աշխատանք է կատարում, հարգված մարդ է, հարգված առաջնորդ և իմ ընկերն է»։
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Թրամփը Անկարա կմեկնի ռեակտիվ շարժիչների և «F-35»-ների վաճառքի վերաբերյալ լավ լուրերով, ԱՄՆ նախագահը պատասխանել է.
«Կարծում եմ՝ կգնամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ Թուրքիային այդպես չեն տեսնում, բայց իրականում այդպես է։ Այն ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես երևի կանեմ մի բան, որը նրան (նախագահ Էրդողանին) շատ կուրախացնի»։
Ըստ Թրամփի՝ Թուրքիան շատ կարևոր դիրք է զբաղեցնում, հատկապես ռազմարդյունաբերության տեսանկյունից և ունի ռազմարդյունաբերական հսկայական բազա։ Այն ունի 3000 ընկերություն, որոնք գործում են ՆԱՏՕ-ի ամբողջ դաշինքում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։
«Մարդիկ չեն գիտակցում, թե որքան հզոր է Թուրքիան ռազմական առումով։ Էրդողանի շնորհիվ (Թուրքիան) ունի շատ ուժեղ բանակ»,- ընդգծել է Թրամփը։
Ermenihaber