ՀՀ խոշորագույն հարկատուներից մեկը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, որն ամբողջությամբ պատկանում է ՌԴ ռեզիդենտ «Գազպրոմ»-ին (ղեկավար՝ Ալեքսեյ Միլլեր), հերթական անգամ հայտնվել է քաղաքական ինտրիգների կենտրոնում։
«Գազպրոմ Արմենիա»-ի վերնախավում պատահական մարդիկ չեն։ Ընկերության առանցքային դեմքերն են՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի որդի Տիգրան Կարապետյանը, Կոտայքի կադաստրի նախկին պետի փեսա Արարատ Գևորգյանը և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդի Ռուբեն Հարությունյանը։
Ահա թե ինչ պաշտոններ են զբաղեցնում այս ազդեցիկ դեմքերը. Տիգրան Կարապետյանը «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալն է՝ կապիտալ շինարարության և վերանորոգման գծով։ Արարատ Գևորգյանը զբաղեցնում է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը՝ բնական գազի իրացման և բաշխման գծով։ Իսկ Ռուբեն Հարությունյանը գլխավոր տնօրենի տեղակալն է և կորպորատիվ պաշտպանության ծառայության պետը։

Լուսանկարներից մեկում այս վերնախավի ներկայացուցիչ Արարատ Գևորգյանն անձամբ մասնակցում է հակաիշխանական հանրահավաքներին ու քայլերթերին։ Սա մի շարք հարցեր է առաջացնում. արդյոք դա իրական պայքա՞ր է, թե՞ պարզապես ռեսուրսների մենաշնորհը պահպանելու փորձ։

Այստեղ առանցքային խնդիրը ոչ թե կոնկրետ անձանց քաղաքական դիրքորոշումն է, այլ նրանց տիրապետած ահռելի ռեսուրսների ազդեցությունը ընդդիմադիր դաշտի վրա։
Այս պատմության մեջ կարևորն այն է, որ տիրապետելով հսկայական ֆինանսական, վարչական և կապիտալ ռեսուրսների՝ այս անձինք ոչ միայն տապալում են ՔՊ-ի դեմ պայքարը, այլև հեշտությամբ «սեփականաշնորհում են» ընդդիմադիր հարթակները։ Նրանք պարզապես թույլ չեն տալիս, որ դաշտ մտնեն նվազ հնարավորություններ ունեցող, բայց գաղափարական, թարմ ու իրական փոփոխություններ առաջարկող ուժերն ու անհատները։
Ունենալով խոշոր խմբային և անձնական շահեր, որոնք փոխկապակցված են թե՛ ներքին, թե՛ արտաքին տնտեսական թելերով, ենթադրելի է, որ այս էլիտաները չեն կարող գնալ արմատական քաղաքական լուծումների։ Արդյունքում՝ նրանց մասնակցությունը իշխանափոխության պայքարին հանգեցնում է դրա հերթական տապալմանը, քանի որ համակարգային փոփոխությունն առաջին հերթին հարվածելու է հենց իրենց տնտեսական մենաշնորհներին։
Վերլուծելով այս ամենը, կարելի է եզրակացնել, որ սա պայքար չէ հանուն փոփոխության։ Սա ռեսուրսների պահպանման և սեփական ազդեցության գոտիները վերահաստատելու փորձ է, որտեղ շարքային քաղաքացին և նրա դժգոհությունը ընդամենը գործիք են խոշոր կապիտալի ձեռքում։
Հասմիկ Մովսիսյան