Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 13:25 23-06-2026

Լիբանանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել հենց վաղը․ Հերցոգ

Լիբանանի հետ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել ամենակարճ ժամկետներում, սակայն դրան խոչընդոտում է «Հեզբոլլահ» շարժումը։

Այս մասին հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը։

«Լիբանանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել հենց վաղը, տարածքային վեճեր չկան։

Այդուհանդերձ, ես ստիպված եմ անդադար կրկնել միջազգային հանրությանը, որ «Հեզբոլլահը» տեռորիստական կազմակերպություն է, որը վետո է դնում դրա վրա, իսկ Իրանին լիբանանա-իսրայելական խնդրում ներգրավելը մեծագույն սխալ է։ Սա այն խնդիրներից է, որոնք մեզ մտահոգում են քննարկվող համաձայնագրի առնչությամբ, և որի մասին մենք արդեն հայտնել ենք ամերիկացիներին»,— ասել է նա իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Հերցոգն անդրադարձել է նաև Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) զինծառայողների հետ տեղի ունեցած միջադեպին՝ կատարվածը որակելով որպես սխալ։

«UNIFIL-ի զինվորականների հետ կապված միջադեպը սխալ էր, մենք դա ընդունել ենք և շարունակում ենք հետաքննությունը։ Մոտակայքում գտնվում էր «Հեզբոլլահի» հենակետը, բայց, հասկանալի է, ՄԱԿ-ի զինվորներին հարվածելու որևէ դիտավորություն չենք ունեցել»,— ասել է Իսրայելի նախագահը՝ չհստակեցնելով, թե վերջին հրետակոծություններից հատկապես որի մասին է խոսքը։

Նրա խոսքով՝ Իսրայելը խաղաղապահ առաքելության կազմում գտնվող իտալական զորախմբի հետ որևէ խնդիր չունի, սակայն հարցեր է առաջացնում հենց UNIFIL-ի մանդատը, որը, ըստ նրա, չի խոչընդոտում «Հեզբոլլահին»՝ զինամթերք կուտակել Իսրայելի հետ սահմանին։

ԱՄՆ Պետքարտուղարությունն ավելի վաղ հայտնել էր, որ լիբանանյան և իսրայելական պատվիրակությունների հանդիպումները կկայանան Վաշինգտոնում հունիսի 23-25-ին։ Դեռևս հստակ չէ՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի՞ բանակցություններին, թե՞ ոչ, քանի որ այդ օրերին նախատեսված է նրա այցը ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն։

«Ռոյթերս» գործակալությունն ավելի վաղ հաղորդել էր, որ Իսրայելն ու «Հեզբոլլահ» շարժումը հրադադարի համաձայնության են եկել, որն ուժի մեջ պետք է մտներ հունիսի 19-ին՝ ժամը 16:00-ին։