Ուղիղ եթեր
Արտաքին 1 ժամ առաջ - 21:34 22-06-2026

ԱՄԷ-ն ու Իրաքը գործարկել են Թուրքիայով անցնող նոր լոգիստիկ միջանցք

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Իրաքը գործարկել են ինտեգրված լոգիստիկ ենթակառուցվածք, որը Պարսից ծոցի տարածաշրջանը Թուրքիայի միջոցով կապում է եվրոպական շուկաներին։

Թուրքական մամուլի հաղորդմամբ, այս նախաձեռնությունը միտված է արագացնելու տարածաշրջանային առևտրային հոսքերը և ամրապնդելու Թուրքիայի դերը որպես կարևոր տարանցիկ և լոգիստիկ հանգույց։

ԱՄԷ-ի «Abu Dhabi Ports Group»-ը (AD Ports Group) հայտարարել է, որ պաշտոնապես մեկնարկել են ինտեգրված լոգիստիկ ծառայությունները Խալիֆա և Իրաքի Ում Քասր նավահանգիստների միջև։ Ծրագիրը կիրականացվի շաբաթական կանոնավոր փոխադրումների միջոցով՝ հիմնական շեշտը դնելով կոնտեյներային և Ro-Ro (անիվավոր բեռների) փոխադրումների վրա։

Ում Քասր նավահանգիստը, որը գտնվում է Իրաքի հարավում, առանձնանում է իր ռազմավարական դիրքով, քանի որ ցամաքային ճանապարհներով անմիջական կապ ունի Թուրքիայի և Սիրիայի սահմանների հետ։ Պարսից ծոցի երկրներից եկող բեռները այստեղից ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով կտեղափոխվեն Թուրքիա, այնուհետև՝ Եվրոպա։

AD Ports Group-ի գլխավոր տնօրեն Մուհամմադ Ջումա ալ-Շամասին նշել է, որ նոր ծառայությունները բիզնեսի համար ստեղծում են ռազմավարական անցումային հարթակ՝ ընդլայնված առևտրային միջանցքների և հաղորդակցության ուղիների միջոցով։

Ըստ աղբյուրը՝ նախագիծը նպատակ ունի ոչ միայն մեծացնել ԱՄԷ–Իրաք առևտրաշրջանառությունը, այլև խթանել առևտրային կապերը Լիբանանի, Սիրիայի, Հորդանանի և Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ երկրների միջև։ Սպասվում է, որ այն կնպաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրմանը և մատակարարման շղթաների ճկունության ու կայունության բարձրացմանը։

Ermenihaber