Ներքին 4 ամիս առաջ - 15:08 17-06-2026

Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ութերորդ փուլը. Խուդաթյան

Հայաստանում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ութերորդ փուլը, ինչի արդյունքում համայնքների թիվը 70-ից կդառնա 64։

Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ազգային ժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, հունիսի 17-ին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նախարարի խոսքով՝ նախագծով առաջարկվում է համայնքների միավորման գործընթացը շարունակել հանրապետության երեք մարզերում՝ Լոռիում, Սյունիքում և Վայոց Ձորում։
«Լոռու մարզում առաջարկվում է ձևավորել Ստեփանավան միավորված համայնքը, որի մեջ կմտնեն ներկայիս Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի Բերդ համայնքները՝ իրենց բոլոր բնակավայրերով։ Դրանք ընդհանուր առմամբ 20-ն են»,- ասաց Խուդաթյանը։

Սյունիքի մարզում նախատեսվում է ստեղծել Գորիս խոշորացված համայնքը, որը կներառի ներկայիս Գորիս, Տեղ և Տաթև համայնքները։ Նոր համայնքի կազմում կլինի ընդհանուր առմամբ 28 բնակավայր։

Վայոց Ձորի մարզում էլ ծրագրվում է ձևավորել Եղեգնաձոր խոշորացված համայնքը, որի մեջ կմիավորվեն ներկայիս Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները (ընդհանուր 32 բնակավայր)։
Նախարարը նշել է, որ նշված համայնքների համար սա արդեն խոշորացման երկրորդ փուլն է, քանի որ ավելի մեծ վարչական միավորների մեջ են ներառվելու այնպիսի համայնքներ, որոնք նախկինում արդեն մեկ անգամ խոշորացվել են։

Կառավարության ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ վարչատարածքային բարեփոխումների նախորդ յոթ փուլերի արդյունքում Հայաստանում համայնքների թիվը կրճատվել է՝ հասնելով 70-ի, որոնցից 63-ը խոշորացված են։

«Չեն խոշորացվել մայրաքաղաք Երևանը, Գյումրի քաղաքը և ազգային փոքրամասնություններով բնակեցված հինգ համայնք։ Խոշորացման ութերորդ փուլի արդյունքում համայնքների ընդհանուր թիվը կդառնա 64, որոնցից 57-ն արդեն իսկ կլինեն միավորված», - նշել է Խուդաթյանը։
Օրենսդրական նախաձեռնությամբ հստակեցվում է նաև խոշորացված համայնքների ավագանիների ընտրությունների նշանակման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների փոխանցման կարգը։

Նախարարն ընդգծել է, որ համայնքների խոշորացումը «մեխանիկական» գործընթաց չէ։
«Սա առաջին հերթին մասնագիտական ու ֆինանսական ներուժի մեկտեղում է՝ ավելի մեծ վարչատարածքային միավորների շրջանակում շատ ավելի լայնածավալ խնդիրներ լուծելու համար», - ասել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ղեկավարը։

Նրա խոսքով՝ այս մոտեցման արդյունավետության լավագույն ապացույցը կառավարության և համայնքների համաֆինանսավորմամբ իրականացվող տասնյակ միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրերն են, որոնք զգալիորեն փոխել են բազմաթիվ բնակավայրերի դեմքը։
Խուդաթյանը նաև հայտնել է, որ Կառավարությունն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր չեն այս փուլով եզրափակել համայնքների խոշորացման գործընթացը։

«Որոշ ժամանակ անց մենք Ազգային ժողովին կրկին կներկայացնենք նոր համայնքների միավորման առաջարկներ՝ ակնկալելով ձեր հավանությունը», - նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան