Ուղիղ եթեր
Մամուլ 4 ամիս առաջ - 08:10 17-06-2026

Մոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրությունները նշանակվել են սեպտեմբերի 20-ին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Հայաստանի իշխանական շրջանակներում արդեն հետաքրքրված սպասում են՝ արդյոք Մոսկվայից այս տարի ևս հրավեր կուղարկվի ընտրություններին մասնակցելու դիտորդական առաքելության կարգավիճակով։

Թեև պաշտոնական մակարդակով այս թեմայի շուրջ որևէ հայտարարություն դեռ չի հնչել, իշխանական կուլիսներում, ըստ տեղեկությունների, ուշադիր հետևում են Կրեմլից եկող ազդակներին։ Հարցը միայն ընտրությունները չեն. հրավերի առկայությունը կամ բացակայությունը կարող է դիտարկվել նաև որպես հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակի յուրատեսակ ցուցիչ։

Հիշեցնենք, որ 2021 թվականի Պետդումայի ընտրությունների ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել էր որպես դիտորդական առաքելություն՝ փաստացի ընդգրկվելով ընտրական գործընթացի միջազգային գնահատման շրջանակում։ Այդ ժամանակ հայ-ռուսական հարաբերությունները, թեև առանց խնդիրների չէին, բայց դեռևս չէին հասել ներկայիս լարվածության աստիճանին։

Այսօր իրավիճակն այլ է։ Երևանի և Մոսկվայի միջև քաղաքական տարաձայնությունները, ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններում նկատվող սառնությունը նոր ենթատեքստ են հաղորդում նույնիսկ նման արարողակարգային բնույթի հրավերներին։ Եթե հրավեր լինի, դա կարող է ընկալվել որպես երկխոսության պահպանման ազդակ։ Եթե ոչ, ապա դժվար թե դա պարզապես տեխնիկական որոշում համարվի։

Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները, որոնք վերջին տարիներին հաճախ են խոսել ժողովրդավարական արժեքների և ընտրական գործընթացների միջազգային չափանիշների մասին, այս անգամ ևս պատրաստակամ են մասնակցել ռուսական ընտրությունների դիտարկմանը։ Մինչդեռ միջազգային բազմաթիվ կառույցներ տարիներ շարունակ հարցադրումներ են բարձրացրել Ռուսաստանում քաղաքական մրցակցության, ընդդիմության գործունեության սահմանափակումների և ընտրական գործընթացների թափանցիկության վերաբերյալ։

Այսպիսով, մինչև սեպտեմբերի 20-ը Երևանում սպասում են ոչ միայն ընտրությունների օրվան, այլ, նախևառաջ, Մոսկվայից եկող հնարավոր հրավերին։ Իսկ այդ հրավերը, անկախ բովանդակությունից, կարող է դառնալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական քաղաքական մեսիջը»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան